|
Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ: Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով: Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի: Սիրելի՛ հայրենակիցներ, Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս: Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք: Սիրելի՛ հայրենակիցներ, Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը: Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին: Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ: |
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը:
Չկա որևէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի հարկավոր է հավատալ: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ունենք ապահով և անվտանգ Հայաստան՝ շնորհիվ մեր զինվորների, մյուս կողմից՝ մենք քաջ գիտակցում ենք, որ հենց նրանք են ստեղծում հուսալի երաշխիք մեր պայծառ ապագայի համար:
2013 թվականը մեզ համար դժվարին տարի էր, ունեցանք հաջողություններ` արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ունեցանք նաև բացթողումներ: Օրինակ՝ շինարարությունում աճի տեմպերն ամենևին մեզ չեն բավարարում: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաջողության հասնելու համար մեզ փոքրինչ պակասում է վստահությունը, փոխադարձ հարգանքը: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետև այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու մարտահրավերները և նոր դժվարությունները:
Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: Աստված մեզ պահապան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Վարչապետն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին առաջիկա տոների կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները գտնվում են զորամասերում՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետև մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք: Մի կողմից դա պարտականություն է, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որովհետև շնորհիվ ձեր ծառայության՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով տոնելու է իր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունը լինի անվտանգ, որպեսզի պատվով կատարեք ձեր առջև դրված խնդիրները և վերադառնալով ձեր օջախներ՝ անցնեք մեկ այլ կարևոր գործի՝ ծառայել մեր ժողովրդին:
2013 թվականը բարդ և լարված աշխատանքի տարի էր: Այս տարի մենք մի կողմից ապահովել ենք, որպեսզի սպառազինությունը, որը բանակին մատակարարել ենք, լինի ժամանակակից, անհրաժեշտ ծավալներով, մյուս կողմից, որպեսզի մեր զինվորի պրոֆեսիոնալիզմի աստիճանը բարձրանա: 2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռևս չենք ունեցել, որովհետև պարտավոր ենք ձեզ զինել այնպիսի զինամթերքով, որն ապահովելու է բանակի մարտունակությունը, միևնույն ժամանակ, ձեր առջև դնելու է նոր խնդիրներ:
2014 թվականը հաջող էր տնտեսության բազմաթիվ բնագավառների համար, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ունեցել ենք լուրջ առաջընթաց: Ունեցել ենք նաև բացթողումներ և ձախողումներ: Այն կարողությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի Հանրապետությունում՝ հույս են ներշնչում, որ 2014 թվականը լինելու է նոր ձեռքբերումների տարի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։
Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։
Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։
Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:
Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:
Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ
Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
2013 թվականը մեզ համար բարդ աշխատանքային տարի էր: Տարին ավարտում ենք տնտեսական աճի ցուցանիշներով, և առաջին հերթին այդ աճն ապահովել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Մենք ունենք լրջագույն հաջողություններ, որոնք արձանագրվել են ձեր շնորհիվ 2013 թվականին: Միևնույն ժամանակ ունենք ոլորտներ, որտեղ տնտեսական աճի ցուցանիշը բավական ցածր է, իսկ շինարարության ոլորտում նույնիսկ անկում ենք արձանագրել:
Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ այստեղ հավաքված մարդիկ կարող են արձանագրել, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր: Մենք ձևավորել ենք համագործակցության նոր պլատֆորմ. պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի ձևավորման շնորհիվ բազմաթիվ ճյուղերում ունենք առաջընթաց: Ես ցանկանում եմ հիշատակել, առաջին հերթին, դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աճի տեմպերը կայուն են և շարունակական: 2013 թվականի նոր ձեռքբերումների շարքը պետք է դասել դեղագործության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին GMP ստանդարտի սերտիֆիկատի տրամադրումը հայկական ձեռնարկությանը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այդ ապրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից, և այդ բնագավառում լուրջ պոտենցիալ ունենք:
Երկրորդ կարևորագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք վենչուրային հիմնադրամ: Համոզված ենք, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ վենչուրային հիմնադրամի ձևավորումը նոր թափ է հաղորդելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Առաջին անգամ գործարկեցինք ազատ տնտեսական գոտին: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել առաջին ծրագիրը, որը գործելու է ազատ տնտեսական գոտում, և մենք ունենալու ենք հայկական պլանշետներ և հեռախոսներ, ինչն ապահովելու է նաև այդ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը:
Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված ձեր ոլորտային հաջողություններին և կարծում եմ, որ այդ ամենը լուրջ հիմքեր է ստեղծում մեզ համար, որ 2014 թվականը տնտեսական առումով ավելի հաջող տարի լինի:
Հարգելի գործընկերներ,
ցանկանում եմ մաղթել ձեզ, որ 2014 թվականը հաջող տարի լինի ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլև ձեր ընտանիքներում, որովհետև ընտանիքի ամրությունն այն հուսալի երաշխիքն է, որը, մի կողմից, ստեղծում է ապագայի նկատմամբ լավատեսություն, մյուս կողմից՝ մեզ լրացուցիչ ուժ ու կարողություններ է տալիս՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և արձանագրելու նոր հաջողություններ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Չինաստանում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 26-ին հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնավորապես` քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլլիոն չինական յուանի չափով:
ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտե-գրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին:
Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, առողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին դրամական պարգևներ է հանձնել անձամբ վարչապետ Սարգսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (8-րդ հորիզոնական), համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է լավագույն մարզիկներին և մաղթել նորանոր հաջողություններ ու մարզական ձեռքբերումներ:
Դավիթ Սաֆարյանը 2002 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանի համար ազատ ոճի ըմբշամարտում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Միջոցառման ընթացքում մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ նախագահի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից շնորհված պարգևներով:
Նախագահն ընդունել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: |
Արթուր Առաքելյանը նշանակվել է ՏԿՆ տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։
Ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր, որ ՏԿՆ առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի մանկավարժներին
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին:
Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետն անցնող 2013 թվականը գնահատել է ձեռքբերումների տարի. «Ամանորի նախաշեմը ևս մեկ առիթ է խոսելու անցնող տարվա հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Եվ դրանք, իրականում, քիչ չեն: Մեր երեխաներն այս տարի էլ զգալի հաջողություններ արձանագրեցին հանրապետական ու միջազգային ամենատարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում: Ինչպես և խոստացել էինք, ջեռուցման խնդիրը լուծելուց հետո մեր ուշադրության կենտրոնում արդեն կրթական հաստատությունների նորոգումն ու հիմնանորոգումն է, գույքով ու տեխնիկական միջոցներով վերազինումը: Անցնող տարում մեր մանկապարտեզներում գույքի թարմացման աննախադեպ ծրագիր սկսեցինք, որը շարունակվելու է նաև 2014-ին: Ամեն դեպքում, ինչ հաջողության, ձեռքբերման մասին էլ որ խոսենք, դրանցում, անշուշտ առանցքայինը ձեր աշխատանքն է, սիրելի մանկավարժներ, ձեր սերն ու նվիրումը ընտրած մասնագիտությանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» մեդալներով են պարգևատրվել Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սարգսյանը, Երևանի թիվ 35 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:
Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ներդրման համար համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը նրանց համար լինի առողջության, հաջողությունների ու նորանոր ձեռքբերումների տարի:
Հրանտ Բեգլարյանն ազատվել է ՏԿՆ 1-ին տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հրանտ Բեգլարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին Անկախին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:
Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:
Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա առաջին գրավականը, սիրելի՛ երեխաներ, լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի և երկրի նկատմամբ»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու անհրաժեշտ հնարավորությունները և հավաստիացրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում և արվելու է այդ հնարավորություններն ստեղծելու համար:
Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:
Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին և մինչև Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր. երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն ավանդույթ են դառնում: Անցյալ տարի ևս նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ և սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:
ԱԳ նախարարը և Եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են անցկացրել
Դեկտեմբերի 22-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ արվեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։







