ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Սեյրան ՕհանյանՉինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:

 

 

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Տիգրան Սարգսյան,ԱԱԾ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա»:

Վարչապետը հիշատակել է մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների, որոնց ավանդույթներն այսօր հաջողությամբ շարունակում են ԱԱԾ աշխատակիցները: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Խորհրդային միության արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Յակով Դավթյանին, ով իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Նրանց դերակատարությունն այդ օպերացիայում էական էր, որովհետև վերջիններիս հաջողվեց կանխել Հիտլերի կողմից երեք երկրների ղեկավարների նկատմամբ կազմակերպված մահափորձը: Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գևորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաև Հայկ Հովակիմյանին՝ հետախուզության հմուտ աշխատող, ում աշխատանքի արդյունքը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը:
Նման հերոսները ոգևորել են շատ երիտասարդների, ովքեր որոշել են իրենց նվիրել այս բարդ և հերոսական աշխատանքին: Ցանկանում եմ, որ այդ հերոսներն օրինակ ծառայեն այսօրվա շարքային աշխատակիցների համար, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ ավանդույթները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի խոսքով՝ դեռևս բավարար չեն այն միջոցները, որոնք կառավարությունը հատկացնում է ԱԱԾ աշխատակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի կողմից կառավարության առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն 2014 թվականին և կբարելավվեն անվտանգության մարմինների ներկայացուցիչների աշխատանքային պայմանները:
ՀՀ ԱԱԾ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ կառավարությանն առնընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
Ազգային անվտանգության ծառայության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ մի խումբ ԱԱԾ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Անկախ

Ռուս-հայկական խորհրդատվություններ անվտանգության խնդիրների շուրջ

Ռուս-հայկականԴեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
Քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Կողմերը մտքեր փոխանակեցին վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաստատված Զենքի առեւտրի պայմանագրի, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման խնդիրների եւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:
Դիրքորոշումներ ներկայացվեցին 2014թ. մարտին Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովի օրակարգային հարցերի շուրջ:
Բանակցությունների ընթացքում ընդգծվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացման եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության կարեւորությունը:

 

Անկախ

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակ,Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ:
2014 թ.-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում ևս կանցկացվի հոբելյանական համերգ, իսկ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում՝ մեծարման երեկո: Տարբեր երգչախմբերի, 800 երաժիշտների մասնակցությամբ հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կազմակերպել ՀՀ պետական հիմնի, «Էրեբունի-Երևան» խմբերգերի կատարում, որը կլինի անվանի մաեստրոյի մեծարման գլխավոր իրադարձություններից մեկը:
2014 թվականի ընթացքում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, սփյուռքի երգչախմբերի հետ համատեղ համերգ, կառավարության աջակցությամբ կհրատարակվի «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, կկազմակերպվի «Հովհաննես Չեքիջյան» ֆիլմի դիտում և դասական երաժշտության համերգ: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, կպատրաստվեն տարբեր հեռուստահաղորդումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին:
Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:
Անկախ

Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

10921_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման շուրջ ծավալված համագործակցության առնչությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքներն այդ և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ, որոնք կնպաստեն երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:
Իր հերթին տիկին Ահրենսը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը և հետագա գործունեությունը շարունակելը:

Հայաստանը միանում է ԱՄՆ կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրին

ՀՀ-ամնԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:   Այս նոր գործընկերությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը  մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում և  Լիբանանում:

Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI ծրագիրն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների մեծացմանը՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման, և զինվորական ու ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու և նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով:

Միացյալ Նահանգները գործարկեց GPOI ծրագիրը՝ ի կատարումն Մեծ ութնյակի 2004թ. Սի Այլենդում տեղի ունեցած վեհաժողովում ընդունված Խաղաղապահության միջազգային կարողությունների ընդլայնման գործողությունների պլանի: Սկզբնապես այն նախատեսված էր որպես հնգամյա ծրագիր 2005-2009թթ. համար, սակայն հետագայում որոշվեց այն շարունակել ևս 5 տարի՝ 2010-2014թթ.: Ծրագրի առաջին 5 տարիների կամ առաջին շրջափուլի հիմնական խնդիրն էր 75.000 խաղաղապահների ուսուցումն ու  խաղաղապահ գործողություններն իրականացնելու տարածաշրջանային կարողությունների զարգացումը: 2-րդ շրջափուլում ուղղակի ուսուցումներից շեշտադրումը փոխվեց դեպի գործընկեր պետությունների այն ջանքերի աջակցմանը, որոնք ուղղված են  տեղում խաղաղապահների ուսուցման ինքնաբավ կարողությունների ձևավորմանը:

GPOI ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղապահ գործողությունների հաշվից, որը տնօրինում է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական գործերի գրասենյակը:

GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Այս գործընկերության շրջանակում GPOI ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Աջակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկման ենթակա  228.658 օտարերկրյա զինծառայողների ուսուցմանը և՛ ուղղակի ուսուցումների (176.047 խաղաղապահ), և՛ գործընկեր պետության տեղական ուսումնական կարողություններին օժանդակելու միջոցով (52.611 խաղաղապահ).
  • Օժանդակել է խաղաղապահության 45 ազգային ու տարածաշրջանային ուսումնական կենտրոնների, երեք տարածաշրջանային կենտրոնակայանների (Աֆրիկյան Միություն, Արևմտա-աֆրիկյան պետությունների տնտեսական համայնք, և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնք), ինչպես նաև ֆինանսական, տեխնիկական և կադրային օգնություն է ցուցաբերել Կայունության ոստիկանական միավորումների գերազանցության կենտրոնին՝ ոստիկանական միավորումների ուսուցանողների ուսուցումն ապահովող կենտրոն, որը ղեկավարվում է Իտալիայի կողմից.
  • Աջակցել է 38 երկրներից ներգրավված 180.223 խաղաղապահների տեղակայմանը աշխարհի 25 տարբեր խաղաղապահ գործողությունների շրջանակում: Ներկայումս ավելի քան չորս մայրցամաքների տարածքում ՄԱԿ-ի կողմից իրականացվող 15 խաղաղապահ գործողությունների շրջանակում ներգրավված  զինվորական, ոստիկանական ու քաղաքացիական անձնակազմի թիվը կազմում է ավելի քան 116.000 հոգի,  ովքեր ներգրավված են 115 տարբեր երկրներից:

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերովգլխավոր քարտուղարի հետ

ԱգնԴեկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները:

Այս համատեքստում դեսպանն ընդգծեց խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարևորությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ ուղղված ծրագրերի իրականացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը ապագայում կշարունակվի և կամրապնդվի` շնորհիվ նոր նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, Հայաստանում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ստեղծման ծրագիրը:

Պարոն Պասկալ Տերասսեն իր գոհունակությունը հայտնեց ֆրանկոֆոն ընտանիքում ինտեգրման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրած ջանքերի առնչությամբ: Նա ողջունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Ազգային Ժողովի ֆրանկոֆոնիայի հանձնախմբի միջև հաստատված համագործակցությունը՝ դրական արձագանքելով՝ ՀՀ Ազգային Ժողովի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակմանը, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնմանը: Պասկալ Տերասսեն հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալը կնպաստի կազմակերպության խորհրդարանական մարմնում Հայաստանի դերակատարության ամրապնդմանը:

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը

ՊՆ, ԱՄՆ դեսպանԴեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության և անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:

Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:

Անկախ

 

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

691. Minister Nalbandian received US Deputy Assistant Secretary of Defence - 18.12.2013Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։

Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը,  վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասաց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ  հարաբերությունները։

Արտգործնախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Նախարարության գերխնդիրը «Հյուսիս-հարավ»-ի որակյալ շինարարությունն է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար,  «Հյուսիս-հարավ»ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին` բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքը,   ընդգծեցին Հայաստանի համար դրա խոշոր ռազմավարական նշանակությունը, կարևորեցին երկկողմ համագործակցությունը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս շեշտեց, որ նախարարության գերխնդիրը որակյալ ճանապարհ ունենալն է:
«Ծրագրի իրականացման ընթացքում առաջացել էին բավականին խնդիրներ: Ժամանակին կատարված համապատասխան միջամտությունից հետո դրանք արագ շտկվեցին: Այսօր աշխատանքները բնականոն ընթանում են: Թույլ չենք տալու ո՛չ շինարարական, ո՛չ վերահսկող ընկերությանը աղավաղել աշխատանքների ընթացքը, խոչընդոտել բարձր որակի ապահովումը: Բոլոր խնդիրների հիմքում ընկած է շինարարների խստապահանջ աշխատանքի և որակի ապահովումը»,-ասաց նախարարը:
Երրորդ և Չորրորդ տրանշերին անդրադառնալով՝ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ընթացիկ փոփոխություններին, խնդիրներին արագ արձագանքելով՝ հնարավորություն կլինի հետագայում զերծ մնալ բոլոր այն դժվարություններից, որոնք եղել են Առաջին և Երկրորդ տրանշերի շինարարության ժամանակ:
Կլաուս Գերհաուզերին որակի ապահովման վերաբերյալ նախարարի մտահոգությունների առնչությամբ նշեց, որ Ասիական զարգացման բանկը ևս շահագրգռված է ծրագրի բարեհաջող ավարտով:

Անկախ

ԱԶԲ-ի հետ համատեղ կիրականացվեն ծրագրեր մի շարք ոլորտներում

 Տիգրան Սարգսյան,Քլաուս Գերհաուզեր,ԱԶԲՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է.«Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:

Անկախ

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

10914_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը

Էվելին ՖարկասըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով  Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը:

 

Այցի ընթացքում դ-ր Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ: Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դ-ր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու  Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը:

 Անկախ

«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿԴեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի  ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որպեսզի նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ողջույնի խոսք ուղղեց հրավիրյալներին եւ անդրադարձավ  կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում  իրավաբան Լեմկինի  անժխտելի դերին:    Դեսպանը նաեւ նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը  հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ  կոնվենցիայի մշակման գործում:

Այնուհետեւ օրվա բանախոս Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրեց Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձավ Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Բանախոսն անդրադարձավ նաեւ կոնվենցիայի որոշ դրույթներին  եւ նշեց, որ, թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց, սակայն այն կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք  ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, անդրադառնալով կոնվենցիայի կարեւորությանը, ցավով նշեց  այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա էին Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի  Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

Անկախ

Նախագահը ստորագրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Այս մասին Անկախին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Հայ-իրանական քաղաքական խորհրդակցություններ Թեհրանում

շավարշ քոչարյան     Դեկտեմբերի 15-ին Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով Թեհրան այցելեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

       Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:

Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:

Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծեց հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:

Շավարշ Քոչարյանը փոխանցեց նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:

 

Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սերժ Սարգսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

Անկախ

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԴեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:

Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը արծարծվեց հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան

Տարոն Մարգարյանը թբիլիսիումԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի «Քարվասլա»  պատմության թանգարան:

Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին:

Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են:

Ինչպես Անկախին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ջերմ ընդունելության ու ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Թբիլիսիի պատմության թանգարանում հայկական ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

 

 

Վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը

ազատ սարգսյանՀՀ Նախագահի աշխատակազմը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:

Անկախի խմբակրակազմը ցավակցում է ՀՀ նախագահին և Սարգսյանների ընտանիքին Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ: