Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովին

 Էդվարդ Նալբանդյան,ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողով  Կիև, 5-6-ը դեկտեմբեր

 

Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

 

Կցանկանայի ելույթն սկսել արտահայտելով մեր ցավակցություններն Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Ջերմորեն եմ հիշում այս մեծ և իմաստուն առաջնորդի և պետական գործչի հետ հանդիպումը Պրետորիայում:

Տիկնայք և պարոնայք,

 

Միանալով նախորդ ելույթ ունեցողներին, շնորհակալություն եմ  արտահայտում գործող նախագահող՝ նախարար Լ. Կոժարային և նրա թիմին՝ տարվա ընթացքում նրանց ձեռնարկած ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանը հյուրընկալության և այս Նախարարական հանդիպման արդյունավետ  հաջող կազմակերպման համար։

ԵԱՀԿ Նախարարական հանդիպումները միշտ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակելու կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ՝ որպես մի հարթակի՝ գաղափարների առաջադրման և հայեցակարգերի մշակմանն ի նպաստ եվրաատլանտյան և եվրասիական անվտանգությանը։ Աշխարհը, որում ապրում ենք և անվտանգության միջավայրը որում գտնվում ենք, փոխակերպվում են աճող արագությամբ. մենք պետք է արձագանքենք ընդհանուր մարտահրավերներին և գտնենք ճիշտ լուծումներ դրանց դիմակայելու համար։

Նախորդ տարին շատ առումներով կարևոր էր` դրական քննարկումների և տեսակետների ներկայացման առումով։ Ես կցանկանայի մասնավորապես նշել «Հելսինկի+40» գործընթացը։ Մենք ընկալում ենք դա որպես գործընթաց` նպատակաուղղված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականի համապարփակ իրականացմանը, ինչպես որ նախանշվում է Աստանայի հռչակագրում։

Նախագահության կողմից «Հելսինկի+40»-ի վերաբերյալ Առաջընթացի զեկույցում ներկայացված տեսակետները և կատարված եզրակացությունները կարող են հիմք ծառայել ապագա հաջորդական Նախագահություններին` գործընթացը առաջ տանելու համար։

Մեր նվիրվածությունը առանց բաժանարար գծերի և փակ սահմանների անվտանգության միջավայրին կարևոր մեկնարկային կետ է կազմակերպության բոլոր մասնակից պետությունների միջև հաշտեցման ուղղված տարաձայնությունների հաղթահարման և վստահության ամրապնդման համար։ Դա պետք է բացառի միակողմանի շրջափակումները, որոնք առկա են ԵԱՀԿ տարածքում։ Այս տարի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումն արդեն երրորդ տասնամյակը թևակոխեց։

Պարոն նախագահ,

Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է մեր հավաքական կամքից և բոլոր երեք չափումներում հավասար ու հավասարակշռված ձևով մեր գործունեությունը առաջ տանելու կարողությունից։

Անվտանգության չափումը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք Վիեննայի փաստաթղթի հետագա արդիականացման և բոլոր վստահության և անվտանգության ուղղված միջոցառումների լիակատար իրականացման համար։ Ինչ վերաբերում է սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հետ կապված ներկայիս իրավիճակին, մենք պետք է փորձենք մերձեցնել մոտեցումները` համաձայնության հասնելու նպատակով:

Տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև փոխկապվածությունն ակնհայտ է մեր առօրյա կյանքում։ Հայաստանը աջակցում է Շրջակա միջավայրի և անվտանգության նախաձեռնությանը և քայլեր է ձեռնարկում Բաց կառավարության գործընկերության շրջանակներում ստեղծել հանքարդյունաբերության էլեկտրոնային տվյալների բազա, որը կարող է ծառայել մեր տարածաշրջանում բնապահպանական հարցերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը:

Այս նախարարական հանդիպման օրակարգում նախատեսված մարդկային չափման շրջանակներում որոշումների ընդունումը կարող է լրացուցիչ գործիք հանդիսանալ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

 

Մարդկանց թրաֆիկինգը դեռևս մնում է մարդու իրավունքների ամոթալի խախտումներից մեկը, որը պետք է աներկբա մերժվի: Հայաստանի ջանքերն այս հանցագործության դեմ պայքարում ըստ արժանվույն գնահատվել են մեր գործընկերների կողմից։

 

Պարոն նախագահող,

 

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների լայն փաթեթ է իրականացնում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության  առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման, ընտրական գործընթացների և համապատասխան օրենսդրության բարելավման, դատական համակարգի ամրապնդման և քաղաքացիական հասարկության դերի բարձրացման նպատակով:

ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման մեջ։

Մեր սերտ աշխատանքը ԺՀՄԻԳ-ի և Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ և համապատասխան առաջարկությունների իրականացումը շատ արդյունավետ է։

2013թ.-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից գնահատվել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխան։

Կցանկանայի նաև նշել մեր արգասաբեր համագործակցությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ, որը ծրագրեր է իրականացնում բոլոր երեք չափումներում։

Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, անցած վեց ամիսների ընթացքում, ընդգծել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կառուցելով ջանքերի համադրման վրա և խուսափելով կրկնողություններից, մեր երկու կազմակերպությունները կարող են ավելի լավ արդյունքների հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման առումով։

Պարոն նախագահ,

ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

Այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման:

Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, և բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, և մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները: Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին և որի մասին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թ. հունվարում Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:

Պարոն նախագահ,

Ավարտելով, կցանկանայի ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու գալիք շվեյցարական նախագահությանն իր օրակարգի իրականացման գործում:

Շնորհակալություն:

 

 

 

 

 

 

Նախագահն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը

Սերժ Սարգսյան, «Ֆրանսիա-Հայաստան», Ռընե Ռուքե

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած երկու տասնամյակները նշանավորվել են բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ, մասնավորապես՝ քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերի, տնտեսական, ինչպես նաև մշակութային, կրթական և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահը և ֆրանսիացի խորհրդարանականները համակարծիք են եղել, որ միջխորհրդարանական համագործակցությունը բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է, որը կարևոր դերակատարություն ունի երկու պետությունների փոխհարաբերություններում:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան և Արցախ:

Նախագահը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները և պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը:

Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ևս:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Բնապահպանության նախարարությունում

4971

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով:

Նախարարության խորհրդակցությունների դահլիճում՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին Նախագահին զեկուցել են Բնապահպանության նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

Նախարար Արամ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում` ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաև ս.թ. սեպտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի և Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը:

Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների և նախատեսվող գործընթացների համատեքստում:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները՝ համապատասխան վիճակագրությամբ: Նա զեկուցել է ոլորտում գործունեություն ծավալած բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքը, նախարարության հեղինակած օրինագծերի շուրջ կազմակերպված հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության հանձնված նախագծերի վերաբերյալ անցկացված հանրային քննարկումների մասին՝ ներկայացնելով նաև էկոկրթության ոլորտի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի բարելավման ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումները:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում և այլ երկրների հետ համագործակցության սերտացում:

Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաև սոցիալական հարցերով:

Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:

Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ Նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ Նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:

Խորհրդակցության ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին և կարևորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Նման մոտեցումը Նախագահը կարևորել է նաև այլ ոլորտների պարագայում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այսօր արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը և աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գալիք տարվա գործող նախագահին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

 Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿԴեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։

Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Արտգործնախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրված օրակարգի իրականացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան:

Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:

Մանդելայի ժառանգությունը սփռվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության սահմաններից անդին՝ մարդկությանը պատգամելով սիրո և հանդուրժողականության, ներողամտության և հաշտեցման զորությունը: Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու և ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունը անսպառ են ու մշտակայուն:

Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,-ցավակցական հեռագրում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը. «Մահն անխուսափելի է: Սակայն երբ մարդն արել է այն, ինչ համարում է իր պարտքը սեփական ժողովրդի և երկրի առջև, կարող է հանգչել խաղաղությամբ: Հավատում եմ, որ ես դա արել եմ, ուստի ես կննջեմ հավերժության մեջ»:

Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստան, Իրան, վիճակագրական մարմիններ, փոխըմբռնման հուշագիրՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաև վիճակագրության բնագավառում:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը:
Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Իրանի վիճակագրական կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը:
Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում և տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով:

Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ

ԱԺԴեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորեց  խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի  խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը տարբեր ձեւաչափերով: Նա հայ խորհրդարանականներին ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, կազմը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների համագործակցության հետագա զարգացումը եւ նշեց, որ ԱԺ պատվիրակության այցը Հնդկաստան եւս մեկ քայլ է խորհրդարանական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ:

Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ բարեկամական խմբերի գործունեությունը եւ ակտիվ շփումները կարեւոր են խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Անանթ Կումարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Ինչպես Անկախին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային տարբեր ատյաններում համագործակցության խորացումը, քննարկեցին տարածաշրջանային հարցեր եւ նախանշեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

 

 

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին

 Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿ , 20-րդ նստաշրջանԴեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն ընդունեցին “Հելսինկի + 40” գործընթացի վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հետ հանդնիդպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։

Կիևում ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակեցին արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանգրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում արծարծվեցին ԵԱՀԿ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվեց խորհրդարանակ ձևաչափով համագործակցության կարևորությունը

ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը բարձր է գնահատվել

ՊՆ,Կանզաս,ազգային գվարդիաՀայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Կողմերը երկուստեք բարձր գնահատեցին ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը և նշեցին, որ մեկ տասնամյակի պատմություն ունեցող համագործակցության ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել և կարևորեցին համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը:

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին անդրադարձավ գործընկեր նահանգի հետ համագործակցության լայն շրջանակին, որը ներառում է պաշտպանության` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն և այլն, արտակարգ իրավիճակների, իրավապահ, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները: Նշվեց, որ համագործակցությունը փոխադարձ բարձր է գնահատվում և Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ Կանզասի Սենատի կողմից այս տարվա ապրիլի 3-ին միաձայն ընդունվել է 1751 բանաձևը, որում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Կանզասի ժողովրդին այն բանի համար, որ գործընկեր նահանգում լավ են հասկանում նաև հայ ազգի պատմության ողբերգական էջերը և Կանզասը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 43 նահանգներից մեկն է, որտեղ 2005 թվականից ապրիլի 24-ը նշվում է որպես հայերի հիշատակի օր:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես խոսեց համագործակցության արդյունավետության մասին նշելով, որ մի շարք ոլորտներում, Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց արդեն դոնոր և օգնություն ստացող կողմերի հարաբերություններից վերածվել են հավասար գործընկերային հարաբերությունների, մասնավորապես նշելով միջազգային կայունության և անվտանգության գործողություններում հայ խաղաղապահների ներդրումը Կոսովոյում, Աֆղանստանում և տարիներ առաջ Իրաքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և առևտրատնտեսական շրջանակներում:

Իսկ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարն իր հերթին նշեց, որ հաջորդ տարի Կոսովոյում ԱՄՆ զորախումբը կհամալրվի Կանզասի ազգային գվարդիայի ծառայողներով, և տասը տարիների փորձը հաշվի առնելով` Կանզասցի զինվորականները վստահ են, որ Կոսովոյում ի դեմս հայ խաղաղապահների ունենալու են վստահելի և պրոֆեսիոնալ զինակիցներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից պատրաստված տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին գեներալ-մայոր Լի Թաֆանելին, Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի ղեկավար, փոխգնդապետ Բրենտ Սալմանսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության հարցերով սպա, կապիտան Ահարոն Այզեկսոնը պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալներով:

Այցի ընթացքում կայացան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Կանզասի պատվիրակությունը այցի շրջանակներում մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով համաժողովին, այցելել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին պատվիրակություն Գյումրիում և Սպիտակում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին և դեկտեմբերի 8-ին կմեկնի Երևանից:

 

 

 

 

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

ռումինիայի հեսպանը հհ-ումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարևորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:

Դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները

դատախազություն ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով`

ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արթուր Ղամբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական  Թամարա Շաքարյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնից:

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Կիևում

Հայաստան, Ադրբեջան,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԿիևԴեկտեմբերի 4-ին Կիևում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։

Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնեցին այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն հայտնեցին նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Քննարկվել են հայ- շվեյցարական համագործակցության հեռանկարները

ՊՆԴեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ստեփան Սաֆարյանը` Պուտին-Սարգսյան հանդիպման մասին` «հատուկ տկարամիտների համար»

Ստեփան Սաֆարյան«Էն ո՞ր հայ «փորձագետն» էր վերլուծել, թե Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Մաքսային միության հարցը չի քննարկվել: Հատուկտկարամիտների համար. «հանդիպման գլխավոր խնդիրներից մեկը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածությանըՀայաստանի միանալու հետագա քայլերի քննարկումն է»: Էն ո՞ր հայ «փորձագետներն» ու պաշտոնյաներն են խոսում ռազմավարական հարաբերությունների, դրանց «պիկի» վրա գտնվելու մասին. «Պուտինi այցի առաջին հանգրվանը ռուսական ռազմաբազան է», որտեղ էլ նրան«դիմավորել է Սերժ Սարգսյանը»: Մնացածը ինքներդ հասկացեք, թե Սերժ Սարգսյանը ի՞նչ է աշխատում ռուսական ռազմաբազայում, որտեղից էլպետք է Պուտինին ուղեկցեր իր նոր սեփականությունը՝ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, ապա տաներ Երեւան ընթրիքը տար ու ճանապարհերՄոսկվա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը,լուսանկարներ

հայաթ հյուրանոցի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

Նախագահը ստորագրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Նախագահն ընդունել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին

Սերժ Սարգսյան,Իրաք, Հոշիար Զեբարի

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երևանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը ևս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձևավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաև գործարար շփումներն ու առևտրաշրջանառության ծավալների աճը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար և հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի:

Հանրապետության Նախագահը և Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նրանք բարձր են գնահատել նաև միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը:

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-6-ը կայցելի Ուկրաինա` Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։

 

Կիևում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում

653. Minister Nalbandian met with Iraqi FM 03.12.2013 (3)Բարև ձեզ,

 

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իրաքցի իմ գործընկերոջը, արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ պարոն Հոշիար Զեբարիին, ում հետ մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմաթիվ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել և ես հրավիրել էի պարոն  Զեբարիին այցելել Հայաստան: Ուրախ եմ, որ նա այսօր պաշտոնական այցելությամբ գտնվում է Երևանում:

Վերջին տարիների ընթացքում մեր հարաբերություններում տեսնում ենք բավական ակտիվ զարգացումներ. երկու դեսպանությունների վերաբացումը` մեր դեսպանությանը՝ Բաղդադում, նաև Իրաքի դեսպանության վերաբացումը Հայաստանում, երկու միջկառավարական հանձնաժողովների երկու նիստերը Բաղդադում և Երևանում, ինչպես նաև բազմաթիվ այցելություններ թե Հայաստանից Իրաք, թե Իրաքից Հայաստան:

Այսօր լավ առիթ է շարունակելու մեր բանակցությունները, երկխոսությունը, որն արդեն տարիների ընթացքում վարում ենք իմ գործընկերոջ հետ, և ես ուրախ եմ, որ այն, ինչ պայմանավորվում ենք՝ իրականություն է դառնում: Այսօր մենք անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը. երկու երկրների միջև դեռ առաջին քայլերն են արվում այս ուղղությամբ:

Կարևորում ենք առևտրատնտեսական կապերի աշխուժացումը: Որոշ դրական զարգացումներ կան, նկատվում է տոկոսային աճ, սակայն դա դեռ այն թվերը չեն, որոնք կարող են գոհացնել երկու կողմերին: Մենք շատ մեծ ներուժ ունենք, և երկուստեք ջանքերով, վստահ ենք, որ կարող ենք առևտրատնտեսական կապերն առավել զարգացնել:

Մենք խոսեցինք նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: Այսօր ստորագրեցինք երկու արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագիր, որը հնարավորություն կտա երկու երկրներին տարբեր միջազգային կազմակերպություններում համադրել մոտեցումները, իսկ մեր մոտեցումները շատ մոտ են տարածաշրջանային, միջազգային հարցերի վերաբերյալ:

Այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր միջազգային հարցերի շուրջ:

Պարոն Զեբարին ինձ ներկայացրեց Իրաքի կառավարության ջանքերը` ուղղված Իրաքում կայունության, անվտանգության ամրապնդմանը: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի` միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մենք նաև անդրադարձանք մշակութային կապերի ակտիվացմանը, համագործակցությանը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը: Այսինքն` շատ լայնածավալ թեմաների շուրջ ենք այսօր խոսել, և դեռ շարունակելու ենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ:

Ես ուրախ եմ նորից ողջունել իմ գործընկերոջը և խոսքը սիրով փոխանցում եմ պարոն Զեբարիին:

 

Արմենիա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Վիեննայում հանդիպեցին մեր և Ադրբեջանի նախագահները: Ձեր դիտարկմամբ կա՞ բեկում բանակցային գործընթացում, առհասարակ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:

 

ԷդվարդՆալբանդյան. Դուք գիտեք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական հանդիպում և այդ հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին օգտագործել հանդիպման առաջին հնարավորությունը, շարունակելու բանակցությունները, աշխուժացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Սա 2012թ.-ի հունվարից ի վեր  նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր:

Բոլորին հայտնի է, որ Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում։ Այդպիսի հանդիպումներ կազմակերպելու մի քանի փորձեր եռանախագահների կողմից կատարվել էին: Վերջին այդպիսի փորձը եղել էր հունիս ամսին, անգամ տեղը և ժամկետը արդեն պայմանավորված էր, բայց  հանդիպումից երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները  հրաժարվեցին։ Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում:

Վիեննայից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին հնարավորությունը լինելու է վաղը կամ մյուս օրը Կիևում ՝ ԵԱՀԿ Նախարարական հանդիպման շրջանակներում:

Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է  կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում ունենալ, թե  ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը: Այդպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում՝  լ՝Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս- Կաբոսում և Էնիսկլիենում:

Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների և հիմնադրույթների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրաքի արտգործնախարարների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Իրաք,Հոշիար ԶեբարիԴեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։ ։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Զեբարին ասաց, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հոշիար Զեբարին կարևորեց հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման և բարգավաճման գործում։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության  շուրջ։ Նախարարները արծարծեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Իրաքում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որին հետևեց համատեղ մամլո ասուլիս։