Արտգործնախարարն ընդունեց Նոր Զելանդիայի հատուկ բանագնացին

Էդվարդ Նալբանդյան,Նոր Զելանդիա,հատուկ բանագնաց,Ջիմ ԲոլջերԴեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջիմ Բոլջերին:

         Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիմ Բոլջերը նշեց, որ Նոր Զելանդիան կարևորում է հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի հետ և ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիներին:

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շար միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյան, Մաքսիմ Սոկոլով, հայ-ռուսական,ցուցահանդեսՏնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,– նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ

մարգարյան-չերյոմինԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը. «Մոսկվայի քաղաքապետի հետ մենք ստորագրեցինք Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը: Վստահ եմ, որ արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Մոսկվայում Երևանի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, և ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը՝ համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու և զարգանալու ներուժ ունի. «Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական հարաբերություններ: Եվ ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նոր լիցք կհաղորդվի երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին»,- նշել է Սերգեյ Չերյոմինը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերգեյ Չերյոմինին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են հայ-ռուսական բարձր մակադրակի բանակցություններ

 

ՀՀ Նախագահ,նստավայր, հայ-ռուսական, բանակցություններՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի  տիկայք և պարոնայք,

Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:

Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:

Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար:

Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի ընկերներ,

Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:

Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

4942Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո, Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին:

Серж Саргсян, Владимир Путин, ЦицернакабердՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:

Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
***

 

1995թ. Ռուսաստանի Դաշնության պետական դուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, որտեղ նշված է. «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դուման

– հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին,

– հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին,

– պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին,

– ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,

– նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով,

– դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,

– իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

2001թ. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ իր պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում թողել բարձրաստիճան հյուրերի գրառումների մատյանում, որտեղ ասված է. «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը միշտ ընդունել է որպես սեփականը: Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Վլադիմիր Պուտին»:

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

վարչապետՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:
«Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին են մեր երկրի համագործակցության հեռանկարները՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Այսպիսի ընտրության առիթ դարձավ, իհարկե, Հայաստանի որոշումը միանալու Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:
Առաջին հերթին մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած էր Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը: Այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականացման ուղիների որոնումները մեզ բերեցին բնական և հիմնավորված եզրակացության՝ ինտեգրացիոն միավորման մեջ լիարժեք անդամակցության անհրաժեշտության մասին, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը, ինչը որոշիչ դեր է խաղում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ՝ «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը: «Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում: Սակայն այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցության վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը: Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող պայմանների ապահովմանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: 
Վարչապետի խոսքով՝ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը կարևորել է երկու ռազմավարական երկրների տարածաշրջանների միջև կապերի սերտացումը: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնց նպատակն է էլ ավելի սերտացնել և ամրապնդել Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ համագործակցությունը: Դրանց նպատակն է նաև իրականացնել երկկողմ համագործակցության նոր ծրագրեր, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Սոկոլովը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական այցով Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր մասնակցել են հայ-ռուսաան միջտարածաշրջանային ֆորումին:  

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում

սերժ սարգսյանՌուսաստանի Դաշնության հարգարժա՛ն Նախագահ,
Հարգելի՛ բարեկամներ, տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ և հետևողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության և տրամադրվածության մասին: Ուրախ ենք ձեզ տեսնել: Բարի գալուստ:

Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների և երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Դեռևս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, և քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին և իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում և պարգևատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգևանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը:

Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը: Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Վլադիմի՛ր Վլադիմիրի, բայց որպես բարեխիղճ մարդ, նա արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է և սպասում է մեզ: Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավամբ նրան համարում են յուրային: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե որքան անձնվիրաբար նա ստանձնեց որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը, իսկ հետո նաև՝ վերականգնողական աշխատանքներն ամենածանր օրերին՝ անմիջապես այդ սարսափելի աղետից հետո: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի և միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաև այսօրվա համաժողովը:

Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Այն կարևոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ:

Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Բիզնեսի գրանցման դյուրինությամբ մեր երկիրը գրավում է 6-րդ տեղն աշխարհում: Տնտեսական ազատությունների և գործարար միջավայրի վարկանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի կողմից ընդունված «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ Ռուսաստանի տարածաշրջանների հետ: Ընդ որում, այսօր արդեն Երևանի և Մոսկվայի միջև գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթներ են իրականացվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Գյումրիի միջև, իսկ ամբողջ Հայաստանը և Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ: Եվ այս թվերը, անշուշտ, աճման միտում ունեն:

Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված:

Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ-ը»: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:

Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:

Վստահ եմ, որ առևտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաև մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում միջտարածաշրջանային համագործակցությունը հատուկ տեղ է զբաղեցնում: Ռուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը և բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում և մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձևաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք և հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր և կոնկրետ միջոցներ:

Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները և սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին, այդ թվում նաև՝ մարզային լրատվամիջոցների: Արդեն երեք տարի անընդմեջ անցկացվում է «Արարատի ստորոտին» հայ-ռուսական մեդիաֆորումը: Համարում եմ, որ այդ նախաձեռնությունը պետք է սատարել պետական մակարդակով և ապահովել ռուսաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան, հայկական ԶԼՄ-երի՝ Ռուսաստան, ներառյալ՝ մարզերի այցելությունները: Հայաստանում լիարժեքորեն հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «ՕՌՏ», «Ռոսիա-ՌՏՌ», «Կուլտուրա», ինչպես նաև Համագործակցության ռուսալեզու ալիքը՝ «ՄԻՐ»: Լույս են տեսնում ռուսալեզու թերթեր «Նովոյե վրեմյան», «Գոլոս Արմենիին» և այլք:

Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը: Այսօր դրանք հաշվվում են շուրջ 70, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի աճեն տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թիվը: Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության և որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին:

Իհարկե, մեր միջտարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում տնտեսությամբ, այն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Գյումրին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետան: Մի ամբողջ տարի քաղաքը լի էր վառ իրադարձություններով՝ Համագործակցության երկրների մշակույթի բազմաթիվ գործիչների մասնակցությամբ: Փակման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների արդեն ավանդական դարձած համաժողովը: Հայ հանդիսատեսը դիտեց նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրությունն ըստ Դոստոյևսկիի «Կարամազով եղբյարներ» վեպի: Մեր թատրոնների հաճախակի հյուրերն են ռուսաստանյան թատերախմբերը, մշակույթի այնպիսի մեծ գործիչներ և սիրելի դերասաններ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, Լևոն Օգանեզովը և Եվգենի Պետրոսյանը, Դմիտրի Խարատյանը և Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Կիսինը և Դենիս Մացուևը:

Այս համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական և հասարակական կառույցներ, կրթական և գիտական կենտրոններ: Ես ուրախ եմ, որ արդեն համաձայնեցված են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշակի ժամկետներն ու պայմանները: Մոտ 2500 ուսանող սովորում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:

Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առևտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, և՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչև պետական գործիչ, նկարչից և երգահանից մինչև արդյունաբերող և ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել և մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ և իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարևոր դեր է խաղացել և խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաև ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջև կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական և ընդգրկուն բնույթ:

Բայց այդ ուղղությամբ ևս մենք դեռևս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսևորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների և՛ ոգուն, և՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին և ժառանգությանը:

Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական և երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում մշակված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն գործնական և հումանիտար հեռանկարային նախագծերի իրականացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Իսկ այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը

4863

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին

4940

 Սերժ Սարգսյան,Վլադիմիր Պուտին, Գյումրի, Սպիտակ, երկրաշարժ

Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին:
***

Լրացուցիչ տեղեկություններ
1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողի վերաբերյալ

Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 20–րդ տարելիցի կապակցությամբ: Այն կերտել է ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ծագումով գյումրեցի՝ Ֆրիդ Սողոյանը: Պղնձաձույլ հուշարձանը պարունակում է 17 մարդկային ֆիգուր, ինչը կազմում է քանդակի կոմպոզիցիան: Հուշարձանի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: 7 մետր բարձրություն ունեցող պղնձաձույլ հուշակոթողը խորհրդանշում է աղետ տեսած ժողովրդի ցավը, իսկ մյուս կողմից՝ արիությունը, որով նա վերածնվում է փլատակներից: Հուշակոթողը պատրաստվել է Ֆրիդ Սողոյանի մոսկովյան արվեստանոցում: Հուշակոթողի կողքին տեղակայված հինգ քարե սալիկներին գրված է բարեգութ այն անձանց ու երկրների անունները, որ աղետի առաջին իսկ պահից զորակցության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հուշակոթողի ստեղծման և տեղափոխման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլայ Ռիժկովը, ով ժամանակին գլխավորում էր «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հանձնաժողովի հոգաբարձուների խորհուրդը»:

Ֆրիդ Սողոյանը նաև այսօր Երևանում բացված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է:

Նախագահը Երևանում ներկա է գտնվել «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը

միացյալ խաչ հուշարձանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Լրացուցիչ տեղեկություններ «Միացյալ խաչ» հուշարձանի վերաբերյալ

Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղադրվել է «Միացյալ Խաչ» անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։

Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: հայ-ռուսական միջտարածաշրջանային  համաժողովՎ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշեց Վ. Տերտերյանը:

 

Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարեւոր դերը` նշեց, որ ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվեց 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, նշվեց, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրեցին Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ

4807

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

Նախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ

 

Սերժ Սարգսյան,Մարիանո Ռախո Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

սարգսյան-օլանդԱշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Քիչ առաջ ավարտվել է Հանրապետության Նախագահի հանդիպումը Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տեղի է ունեցել Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

պն,ռուսաստանՆոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունենեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը: Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կ.Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի  զարգացմանը վերաբերվող հարցեր:

Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ:

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ»  թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմը Նիստի ընթացքում իրականացրեց ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիստի Արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

 

 

Վիլնյուսում ընդունվել է ՀՀ և ԵՄ միջև Համատեղ հայտարարություն

4792Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն:

 

ՏՏ ոլորտի կադրերի պատրաստման նպատակով կառավարությունը փոխելու է շեշտադրումը

10881_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է Բիզնես ինովացիոն ֆորումի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆորումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը. «Այս հարթակը հնարավորություն կտա քննարկել նոր գաղափարներ, հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենենում աշխարհում ՏՏ ոլորտում, գտնել Հայաստանի զարգացման ուղղությունները, նպաստել, որպեսզի տարբեր բնագավառներում նորարարական տեխնոլոգիաները հնարավորին չափ արագ ներդրվեն: Մենք պետք է բացահայտենք այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս նորարարության զարգացումը և երկխոսության միջոցով կարողանանք ավելի լավ պատկերացնել մեր համատեղ անելիքները»: 
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7000 մասնագետներ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ՝ ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարղությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2000 մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ն հաջողություններ է արձանագրել նաև ՏՏ ոլորտի միջազգային մասնագիտացման ուղղությամբ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ կա մի սանդղակ, որտեղ ՀՀ-ն դրսևորել է իր առավելությունը. ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության՝ չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը: «Դա գերազանց արդյունք է, ինչը նշանակում է որ այդ ոլորտում մենք ունենք հարաբերական առավելություն, ինչը պետք է ուժեղացնենք և շեշտադրումներ կատարենք այդ ոլորտի վրա»,– ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ ՏՏ տեսակարար կշռի ավելացումը հանգեցրել է նրան, որ փուլ առ փուլ աշխատանքի մասնագիտացման ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. աշխարհը մտել է աշխատանքի բաժանման նոր փուլ, ձևավորվոմ են միասնական տեխնոլոգիական պլատֆորմեր, որոնք էլ թելադրում են արդյունավետ ճյուղերի զարգացման հեռանկարները: «Դրանք փոխում են տնտեսական զարգացման տեսակները և շատ մասնագիտություններ այսօր դառնում են ոչ հեռանկարային, իսկ նոր մասնագիտությունները խիստ պահանջված են: Այսօր ԵՄ-ում թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, սակայն միևնույն ժամանակ ՏՏ ոլորտում կան միլիոնավոր թափուր աշխատատեղեր: Նոր տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն կենցաղը, այլև տնտեսության հիմքերը: Ըստ առաջ քաշվող հիպոթեզի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ Եվրոպայում կձևավորվի տեխնոլոգիական նոր պլատֆորմ»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մրցակցությունն այսօր տեղափոխվել է ՏՏ ոլորտ, որովհետև այն մնացած բոլոր ճյուղերի համար ապահովում է արտադրողականության աճ, այն ոլորտները, որոնք հետ են մնում ՏՏ-ի ներդրումից, կորցնում են իրենց մրցակցային առավելությունները: Միևնույն ժամանակ վարչապետը նկատել է, որ ՏՏ-ի միջոցով արտադրողականության բարձրացումը բերում է աշխատատեղերի կրճատմանը:
«Ժամանակակից տնտեսական աճը չի բերում նոր աշխատետեղերի ավելացման, սա ամենահիմնարար խնդիրն է: Տարբեր ոլորտներում ներդրվում են նոր հաստոցներ, որոնք իրականացնում են ավելի արագ և արդյունավետ աշխատանք: Նշված խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ ենթադրում է արմատական փոփոխություններ: Այսօր կառավարությունների առջև խնդիր է դրվում վերանայել տնտեսական աճի խնդիրը, որովհետև ՏՏ ոլորտում տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ, որոնք ազդում են նաև տնտեսական ճյուղերի վրա»,– նշել է վարչապետը:
Եռօրյա ֆորումին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական լուծումներն արդյունաբերության, էներեգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներն ու հնարավորությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հարցին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ:«Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», – ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման արդյունավետությունը:

 

Նախագահը Վիլյնուսում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում,լուսանկարներ

 

սերժ սարգսյան,վիլնյուս Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում

 

 

Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական Հանձնաժողովին՝ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:

Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն,բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։

Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և այսօր ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական Միություն հռչակագիրը:

Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Քեթրին ԷշթոնՆոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։

 

Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը

005Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի «Արարատ Պարկ Հայաթ» համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը:

Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս անվանի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է ներկաներին և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երևանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:

Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը և Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

Այնուհետ ներկաները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել շփվելու Երևանի քաղաքապետի հետ և իրենց տպավորությունները կիսելու Մոսկվայում  Երևանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված: Անխտիր բոլորը բարձր են գնահատել կազմակերպված միջոցառումների բազմազանությունը, ինչպես նաև դրանց ճաշակն ու որակը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ վերաբերմունքի և այն պատրաստակամության համար, որով ներկաներից շատերը հերթական անգամ գործնականում փաստել են երկու մայրաքաղաքների կապերի ամրապնդման հարցում իրենց անկեղծ նվիրումը:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 29-ի երեկոյան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն