Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակի հանձնման արարողությունը

Սերժ Սարգսյան,Ցուգիո Մակիմոտո, տիկին Կումիկո Մակիմոտո,մրցանակ

 Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. ՙՉկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար՚:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:

Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման ժամանակ

 

Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց և նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը և այլն: Դրանց ակունքներում նաև պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:

Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:

Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:

Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` և քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:

Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաև Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:

Շնորհակալություն:

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Սերժ Սարգսյան,ՏՏ ոլորտ, Ցուգիո Մակիմոտո

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում ձեռքբերումներն այդ ոլորտում շրջադարձային եղան և ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Մենք Հայաստանում մեծ նշանակություն ենք տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը. այսօր այն մեր ամենազարգացող ոլորտներից մեկն է»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան կխթանի Ճապոնիայի հետ մեր երկրի համագործակցությունը, միաժամանակ մեծ ոգևորություն առաջացնելով ՏՏ ոլորտում աշխատող հայաստանցի մասնագետների մոտ, այդ թվում՝ բոլոր այն երիտասարդների, ովքեր մտածում են ապագայում զբաղվել հենց այդ տեխնոլոգիաներով:

Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և մեծ պատիվ համարել Հայաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը: «21-րդ դարում համաշխարհային մրցունակության մրցավազքում հաղթելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների դերը չափազանց կարևոր և մեծ է: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը և Ճապոնիան կարողանան համագործակցության եզրեր ստեղծել այդ ոլորտում»,-ասել է Ցուգիո Մակիմոտոն: Նա նշել է, որ մտադիր է նախատեսվածից ավելի մնալ Հայաստանում և մոտիկից ծանոթանալ մեր երկրին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշերից մեկին պատկերված է ՀՀ Նախագահի մրցանակը, մյուսին՝ դափնեկրին տրվող հուշամեդալը, իսկ խորապատկերին պատկերված է սահմանների բացակայությունը խորհրդանշող երկրագունդը: Հիշյալ երկու նամականիշերից բացի կթողարկվի նաև փոստային բացիկ, որի վրա պատկերված կլինեն նախորդ երեք մրցանակակիրները:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Ցուգիո Մակիմոտոյի և տիկին Կումիկո Մակիմոտոյի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:

 

***

Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ

Ցուգիո Մակիմոտոն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի չորրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

 

***


Ցուգիո Մակիմոտո


«Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ
(համառոտ կենսագրություն)


Դր. Մակիմոտոն Ճապոնիայի ՏՏ արդյունաբերության ամենաարդյունավետ տեսլական ունեցող մարդկանցից մեկն է: Նա ընդլայնել է տեխնոլոգիայի սահմաններն ասպարեզ բերելու արդի կիսահաղորդչային և արտապատկերող սարքեր պարունակող կառուցվածքային բլոկներ: Այդ կառուցվածքային բլոկները խթանել են էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը և ստեղծել են այն էլեկտրոնային սարքերի մեծ մասը, որոնք 1970-ներից մինչ այժմ փոխել են աշխարհը և ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մոտեցումները փոփոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Smart քարտեր, Smart հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, համակարգչային տաբլետներ, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, համակարգիչներ, HDTV, հեռահաղորդակցություն, ռոբոտիքս և ավտոմատացում, էլեկտրոնային խաղեր, բջջային սարքեր, ինտերնետ, սոցիալական ցանցեր և այլն:

Նրա հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն տվեցին նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին:

«Հիտաչի» ընկերությունում Ցուգիո Մակիմոտոն ծառայել է որպես ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել բարձր տեխնոլոգիաների միջազգային և արդյունաբերական խմբերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես Sony Corporation ընկերության ավագ կորպորատիվ խորհրդական, Սինգապուրի Ազգային գիտության և տեխնոլոգիայի խորհրդի խորհրդատվական կոմիտեի անդամ, Սինգապուրի Chartered Semiconductor Manufacturing ընկերության խորհրդի տնօրեն, UC Berkley համալսարանի արդյունաբերության խորհրդատվական խորհրդի անդամ, PDF Solutions ընկերության նախագահ, նա նաև նշանակալից դեր է ունեցել World SC խորհրդի հիմնադրման գործում:

Ներկայումս նա Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության տնօրենն է և Թեքնո վիժն ընկերության հիմնադիրն ու նախագահը: Նա նաև բարձրաստիճան խորհրդակցական պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Taiyo Nippon Sanso Corp, Micronics Japan Corp և ԱՄՆ-ի Nantero Corp.:

Մակիմոտոն ունի կիրառական ֆիզիկայի բակալավրի աստիճան Տոկիոյի համալսարանից, էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան Ստենֆորդի համալսարանից, ինչպես նաև գիտությունների թեկնածուի աստիճան Տոկիոյի համալսարանից: 1997թ.-ից նա առաջադրվել և դարձել է IEEE պատվավոր անդամ:

Նա արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, ինչպիսիք են IR-100 Award, Ichimura Award և Bellwether Award: Նա նաև մի շարք գրքերի և հրատարակությունների հեղինակ է:

 

Հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ Երեւանում

ԱԳՆ, Հայաստան, ՈւրուգվայՆոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմը խորհրդակցություններում գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ ուրուգվայական կողմը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական  երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:

Կարեւորվեց առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական եւ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գործարար համաժողովների եւ մշակութային օրերի անցկացումը: Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարեւորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Խորհրդակցությունների շրջանակում ՀՀ եւ Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակեցին  Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը:

 

Մայրաքաղաքում բացվել է վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը

002 (3)Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Ամիրյան 12 հասցեում հանդիսավորությամբ բացվել է վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը:

Վաստակավոր շինարարը 1974-1991թթ ապրել է այս շենքում: Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է նրա որդուն՝ Սամվել Կանեցյանին և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռաֆայել Կանեցյանի ընտանիքի անդամները, գործընկերներն ու շինարարի սաները:

Հուշատախտակի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բարձր գնահատական հայ-իտալական համագործակցությանը

2 (7)Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում: Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:

Դեսպան Սկապինին ևս կարևորել է հայ-իտալական համագործակցությունը` հաստատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

10847_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում:

Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հիշեցրել է, որ այս ընթացքում ստեղծվել է նաև հայ-իտալական առևտրային պալատը, որը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ: Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է:
Բրունո Սկապինին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Եվրոպայի խորհուրդՆոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության  ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նախարարի բնորոշմամբ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել  ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը,  մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության,  Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

 

Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար»  համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր» 2013 ծրագիրը և շատ այլ միջոցառումներ:

Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15 –րդ և 16-րդ  արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն:

Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Նախարարների կոմիտեն  մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համար»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Նախարարական հանդիպման ավարտին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Նախարարական հանդիպումից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ և ակտիվ գործունեությամբ ու շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին ԵԽ օրակարգային խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի շուրջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի և Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։

Վարչապետն անդրադարձել է հրատապ հարցերի. Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստԲարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:
Այնպես որ, նաև զանգվածային լրատվական միջոցների ուշադրությունն եմ հրավիրում այս հրապարակման վրա, որի համաձայն Հայաստանն առաջընթաց է արձանագրել:
Երկրորդ խնդիրը. հունվարի 1-ից մենք անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Շուրջ 10 տարի ենք ծախսել նախապատրաստական աշխատանքների վրա: Տեղի են ունեցել բուռն քննարկումներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որոնց հրավիրվել են Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետներ, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: Բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերի պատասխանները, որոնց արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունել է մի օրենսդրական փաթեթ: Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին: Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը: Առաջին հերթին սա վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և Կենտրոնական բանկին: Այս կառույցների մասնագետներն ավելի մեծ ժամանակ պետք է տրամադրեն ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանանք տալ մեր քաղաքացիներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է

4578Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:

Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Ժնևի համալսարանում

Էդվարդ ՆալբանդյանՆոյեմբերի 12-ին Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Ժնևի համալսարանում: Դասախոսությանը ներկա էր նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին եւ վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը:

 

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

621.DM Hovakimian received the Ambassador of Uruguay 12.11.2013Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անիբալ Կաբրալին (նստավայրը` ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց վերջինիս եւ հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում վերջինս կնպաստի երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը: Քննարկվեցին նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցությանն ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

 

 

 

Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում

10839_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում և լիահույս, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Սպորտի բնագավառում ունենք բավական լավ ավանդույթներ, իսկ զբոսաշրջության բնագավառում՝ դեռևս չիրացված մեծ ներուժ: Ձեր այցը հնարավորություն կտա բացահայտել համագործակցության նոր ուղղություններ և գործիքներ, որոնք կխթանեն նշված ոլորտներում կապերի ընդլայնումը», – ողջույնի խոսքում ասել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կիսվել տպավորություններով Հայաստան այցի վերաբերյալ: Իրենց հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ վարչապետին են ներկայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Լիլիամ Քեշիշյանը քննարկել են սպորտի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, կարևորել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարը տիկին Քեշիշյանի միջոցով ջերմ ողջույններ է փոխանցել Ուրուգվայի ղեկավարությանը:
Հանդիպմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության կողմից՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը:

Իշխան Զաքարյանը վերընտրվեց

իշխան զաքարյանԻշխան Զաքարյանը վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել  էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց քվեարկությունը: Իշխան Զաքարյանը վերանշանակվեց  ձայների 88 կողմ, 13 դեմ   բաշխվածությամբ:

 

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

Սերժ Սարգսյան, ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

 

Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն

Տիգրան Սարգսյան,երիտասարդության համաշխարհային օրՎարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ: Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես կարող է օժանդակել՝ դրանք լուծելու համար: «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, քանի որ այն պայմանավորված է առաջին հերթին ձեզնով, այն արժեքներով, որի կրողը դուք եք, այն տեսլականով, որն այս պահին ձեր մեջ կա: Բնականաբար, շփվելով երիտասարդների հետ, մենք ինքներս պետք է լծվենք երիտասարդական եռանդով, որը մեզ կօգնի ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա որպեսզի ինքներդ լուծեք այդ խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդական, ուսանողական կյանքում իրենց լավագույնս դրսևորած մի խումբ գործիչների պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Պարոն նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

 

Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։

Պարոն նախագահ,

Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության և կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունների միջոցով։

Անցած տարի Հայաստանը նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցության 20-ամյակը։ Անդամակցությունից ի վեր Հայաստանը, որպես հանձնառու անդամ, ավելի ու ավելի է ներգրավվում կազմակերպության գործունեության և ծրագրերի մեջ՝ առաջ մղելով նրա սկզբունքները և արժեքները։ 

Պարոն նախագահ,

Հայաստանը իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Կրթությունը՝ առաջնայնություն» նախաձեռնությանը, որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանցքային դերակատարություն ունի։ Այս առումով, մեզ համար թե´ պատիվ, թե´ պատասխանատվություն է լինել Կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ։

Մենք ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը ներառական սոցիալական զարգացման և միջմշակութային երկխոսության նկատմամբ, ինչն արտացոլված է կազմակերպության նոր Միջնաժամկետ ռազմավարության նպատակներում։ Դժվար է պատկերացնել ժամանակակից զարգացումն առանց կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նմանատիպ համագործակցությունն առաջ մղելու գործում հիմնարար դեր է կատարում համաշխարհային ցանցերի միջոցով՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և «Ասոցացված դպրոցների ցանցերը», որոնցում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Մենք համարում ենք այս ծրագրերը փոխշահավետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անդամ-պետությունների համար և կխրախուսեինք ծրագրերի իրականացումը տեղական ցանցերի հաղորդակցության հետագա բարելավման և դրանց հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման միջոցով։

 

Պարոն նախագահ,

Անցած տարին հիշարժան էր Հայաստանի համար, քանի որ Երևանը դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաքը։ Տարվա ընթացքում Երևանը հանդիպման վայր էր ամբողջ աշխարհից հայտնի գրողների, լրագրողների, հրատարակիչների, գրադարանավարների և գրքասերների համար։

 

Այս կարևոր իրադարձությունը համընկավ մեկ այլ, նշանակալի տոնակատարության՝ հայոց գրատպության 500-ամյակի հետ։ Հայերը Գուտենբերգի գյուտի առաջին օգտագործողներից էին և սկսած 1512թ.-ից տպարաններ հիմնադրեցին աշխարհով մեկ։ Առաջին հայերեն գիրքը տպագրվեց 1512թ-ին Վենետիկում, իսկ առաջին տպագիր ամսագիրը՝ 1794թ.-ին Մադրասում։ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնող մեկ տարի շարունակվող միջոցառումները նշանավորվեցին ավելի քան հազարամյա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառմամբ։

 

Հռչակավոր հայ բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարությունները ներառվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. տարեդարձների ցանկում։ Սայաթ-Նովան նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն հայկական, այլև մեր տարածաշրջանի մշակութային ժառանգության մեջ։

 

Այս տարվա հունիսին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառումն ՛՛Աշխարհի հիշողությունը՛՛ միջազգային գրանցամատյանում հարգանքի պատշաճ տուրք էր կոմպոզիտորի ժառանգությանը՝ 2013 թ.-ին նրա ծննդյան 110-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Պարոն նախագահ,

 

Մենք մեծապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում։

 

Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

 

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը:

 

Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների նրբորեն պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը նման հանցագործության բացահայտ դրսևորումն է: Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

 

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից:

 

Պարոն նախագահ,

 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանն՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

 

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն:

 

Պարոն նախագահ,

 

Միայն միջազգային հանրության համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հետամուտ լինել խաղաղության և հումանիզմի գաղափարներին` կրթության, գիտության, կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջոցով:

 

Հայաստանը լիովին հավատարիմ է ՅՈՒՆԵՍԿՕ–ի արժեքներին ու նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախաձեռնություններում և ծրագրերում:

 

Շնորհակալություն:

 

 

 

 

Խորհրդաժողով Ստրասբուրգում

Նոյեմբերի 7-9-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ «Ո՛չ ատելություն սերմանող առցանց ելույթներին» շարժման ամփոփիչ խորհրդաժողովը, որը պաշտոնապես բացեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ Նախարարների պատվիրակների նախագահ Արմեն Պապիկյանը եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին:

 

Դիմելով ներկաներին Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի Նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից` Արմեն Պապիկյանն անդրադարձավ ատելության ԵԽդեմ պայքարին ուղղված ԵԽ կողմից ձեռնարկված միջոցառումներին` մասնավորապես կարեւորելով ատելություն սերմանող ելույթների առցանց դեմ պայքարի երիտասարդական շարժումը եւ հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը հետեւողականորեն սատարել այդ շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Դեսպան Պապիկյանը ողջունեց նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից նախաձեռնած այս ծրագիրը, որն ընդգրկվել է ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շարքում` դրանով իսկ նպաստելով երիտասարդական այս ծրագրի քաղաքական տեսանելիության բարձրացմանը: Այդ նպատակով նաեւ  ԵԽ-ում ՀՀ Նախագահության շրջանակներում անցկացված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովն առանձնահատուկ կարեւորեց այս շարժումը` խրախուսելով շարժման տարածումը Եվրոպայի ողջ տարածքում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանը

 

Սերժ Սարգսյան, Ուրուգվայ,Անիբալ Կաբրալ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգացել են կայուն բարեկամական ոգով, ինչը դրսևորվում է տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ և միմյանց խնդիրների հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Ընդգծելով, որ Ուրուգվայը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով կանգնելով արդարության պաշտպանի դիրքերում և շահելով ոչ միայն համայն հայության, այլև ողջ առաջադեմ մարդկության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:

Դեսպան Անիբալ Կաբրալը նշել է, որ Ուրուգվայը մեծագույն հարգանք է տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և փոխադարձաբար շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու գործում:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

                          Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

                              Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում:

                              Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

                              Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը»:

                              Նախարարի խոսքերով նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը: «Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

                              Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Նալբանդյանը:

                              «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանը՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

                              Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»,- նշեց ԱԳ նախարարը: