Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյան, ՀԱՊԿ,Նիկոլայ Բորդյուժա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին

սարգսյան-սպիվակովՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին: Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս:

Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս: Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել:

Քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր

006Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ արդեն ավելի քան մեկ տարվա պատմություն ունեցող Երևանի և Ստեփանակերտի համագործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ. «Երևանն ու Ստեփանակերտն այսօր արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Մարգարյան, քանի որ արդեն իսկ շոշափելի են երկու քաղաքների միջև համագործակցության արդյունքները, ինչում, անշուշտ, մեծ է անձամբ Ձեր լուման: Նաև, օգտվելով առիթից, ուզում եմ ստեփանակերտցիների անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեզ և Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Ստեփանակերտը ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին պարտավորեցնում է ամրապնդել հայկական երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը. «Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն իսկապես նկատելի է, և վստահ եղեք, որ համաձայնագրում նախանշված բոլոր առաջնահերթությունները կստանան ծրագրային ընթացք  և  լուծում:  Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել Ստեփանակերտի մեր գործընկերներին՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում կառավարման որակներն էլ ավելի կատարելագործելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքի հետ կապված հարցեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

001 (5)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Նոյեմբերի 11-ի առավոտյան Երևանի քաղաքապետի  գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների հանդիպումը Մոսկվայում

կգնՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Լիվանովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը, ինչպես նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու և գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ և հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:

ԱԳ նախարարը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր ասամբլեային

Էդվարդ ՆալբանդյանՆոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նույն օրը նախատեսված է նրա ելույթը։

Նոյեմբերի 12-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ժնև, որտեղ ելույթ կունենա Ժնևի համալսարանում։

Նոյեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը  Ստրասբուրգում կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը:

Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան

4534_bՆախագահ Սերժ Սարգսյան,Բյուրականի աստղադիտարան,ն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ: Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները:

4531_bԸստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

1 (3)Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև

demoyanԵրեկ կանադական Վինիպեգ քաղաքում տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև:
Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս փաստաթղթի համաձայն կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տարածքային կառավարման նախարարությունում

 

Սերժ Սարգսյան,Տարածքային կառավարման նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:

Խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին նախարարության համակարգի գործունեության վերաբերյալ իր նկատառումները, անդրադառնալով հատկապես աշխատանքի երեք հիմնական ուղղություններին. առաջինը` իրավական (օրենսդրական դաշտի ամբողջականացում, համապատասխան օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակում ու ընդունում), երկրորդ՝ ծրագրային և հայեցակարգային մոտեցումների մշակում և երրորդ՝ վարչարարության և ամենօրյա ընթացիկ աշխատանքների իրականացում:

Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է 2013թ. տարածքային կառավարման նախարարության գործունեության մասին, որից հետո իրենց իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքներն են ներկայացրել փոխնախարար Արտաշես Բախշյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Զեկույցների քննարկումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Տարածքային կառավարման նախարարության գործունեության, առկա ձեռքբերումների, խնդիրների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման նախարարության աշխատանքն իր համար, թերևս, ամենակարևորներից է: Նախագահը նշել է, որ ասվածը վերաբերում է ոչ միայն նախարարության կենտրոնական ապարատին, նախարարությանն ընդհանրապես, այլ նրա աջակցությամբ ամբողջ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին և հիմնավորել է նման մոտեցումը: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս համակարգի ներկայացուցիչներն են ի պաշտոնե մեր քաղաքացիների հետ առաջինն անմիջականորեն շփվողները, որոնց միջոցով են մարդիկ պատկերացում կազմում պետության, պետական հոգատարության կամ հակառակի մասին: Նախագահը կարևորել է վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը, ըստ նրա, պետք է որպես ամենակարևոր պահանջ դրվի բոլոր մակարդակի պաշտոնյաների առջև: «Ես շատ լավ հասկանում եմ, որ և՛ նախարարության, և՛ տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, և՛ ՏԻՄ-երի աշխատողներն իրենց գործառույթների շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, հաճախ շատ զբաղված են, բայց սա որևէ կերպ խոչընդոտ չպետք է լինի մարդկանց նկատմամբ ուշադիր լինելու, մեր քաղաքացիների հետ ավելի ջերմ ու սրտացավորեն աշխատելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի հավաստմամբ, մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ մեծ խնդիրներից, երբեմն՝ ուղղակի տարրական անուշադրությունից, նեղ ու անելանելի պահին մենակ մնալուց: Հանրապետության ղեկավարը հորդորել է գտնել այն ձևը, որով ՏԻՄ համակարգը շատ ավելի ակտիվ կլինի դժվարության մեջ հայտնված քաղաքացու կողքին լինելու հարցում:

Իր խոսքում Նախագահը կարևորել է նաև պետության կողմից համայնքներին ամեն տարի դոտացիաների ձևով տրվող աջակցության օգտագործման նկատմամբ նախարարության ուշադրության մեծացումը՝ պետական միջոցներն ավելի արդյունավետ և նպատակային օգտագործելու համար:

Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի՝ տեղական ինքնակառավարման օրվա նախօրեին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել է ՏԻՄ մի շարք ներկայացուցիչների՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ավագանու անդամ Հրաչյա Ավետիսյանին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանին և ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Տարածքային կառավարման նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Սոնյա Միրզոյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Սահակյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ աղերս չունի բարեգործության հետ. Քաղաքապետարան

երեւանի-քաղաքապետարան1«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքապետարանը բարեգործ է և անտեղյակ» վերտառությամբ տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հեղինակի կողմից որպես «խայտառակ բարեգործություն» որակված մայրաքաղաքի դպրոցների թվով 67 ուսուցիչների տրամադրված դրամական պարգևատրումը որևէ աղերս անգամ չունի բարեգործության հետ: Ամենամյա արդեն ավանդական դարձած դրամական այս խրախուսանքը Երևան քաղաքի մասնավորապես այս տարվա բյուջեում ներառված է եղել աշխատակազմի հանրակրթության վարչության «Դպրոցականների օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպման» ծրագրում՝ «Մանկավարժների խրախուսում» կետով, որի համար նախատեսված է եղել 2 մլն դրամ գումար և որն էլ հատկացվել է վերոնշյալ 67 ուսուցիչներին: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ խրախուսվող ուսուցիչների ընտրությունը կատարվում է դպրոցական առարկայական օլիմպիադաներում, համաքաղաքային բազմաբնույթ մրցույթներում և միջոցառումներում տվյալ մանկավարժի սաների արձանագրած արդյունքներից, ինչպես նաև ուսուցիչների միջև կազմակերպվող տարատեսակ մրցույթների («Տարվա լավագույն ուսուցիչ»՝ ՀՀ ԿԳ նախարարություն, հումանիտար առարկաների «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և այլն) քաղաքային փուլին մասնակից ուսուցիչների դրսևորած հաջողություններից ելնելով:

Վերոնշյալը, վստահ ենք, առնվազն տառաճանաչ ցանկացած մարդու մոտ այլևս կասկածի հետք անգամ չթողեց, որ համայնքային բյուջեով նախատեսված և ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ կերպ բարեգործություն չի կարող որակվել և տարածվածն ընդամենը ապատեղեկատվություն է:

Ավելորդ չենք համարում նաև հավելել, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մայրաքաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների կողմից ստացել է տվյալ հրապարակումը արդարացի վրդովմունքով դատապարտող գրություններ և հեռախոսազանգեր, որոնք պահանջում են անհապաղ հերքել մանկավարժի ինքնասիրությունն ու պատիվն արատավորող ձևակերպումներով լեցուն ստահոդ  տեղեկատվությունը: Նրանց հատկապես վիրավորել է հայ մանկավարժի, ուսուցչի նկատմամբ հոդվածագրի կողմից դրսևորած արգահատելի այն վերաբերմունքը, որով փորձ է արվում մանկավարժին ներկայացնել նսեմացված, մինչդեռ նրանց կողմից դրամական խրախուսանքը արդարացիորեն ընկալվել և այսուհետ էլ ընկալվելու է որպես գնահատանք՝ իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կհորդորեինք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից, որոնք կարող են վիրավորել մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

հանրակրթության վարչություն

Վարչապետին են ներկայացվել «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի կողմից ՀՀ-ում իրականացվող բարեգործական ծրագրերը

10834_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարևորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: «Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն և սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը:
«Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:
Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա և այլ սարքավորումներ:
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:
                                                                  
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ համագործակցությամբ «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ը աջակցում է նաև համայնքներում արոտ օգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը, մատուցում է խորհրդատվական ծառայություն: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 700 հազար դոլար և մինչ սույն տարվա ավարտը նախատեսվում է կատարել ևս 170 հազար դոլարի ներդրում: 

Միջոցառումներ` օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ

պն2013թ. աշխատանքային պլանի համաձայն ս.թ. նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ռազմական կցորդների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես միջոցառումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Չինաստանի,  Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Շաբաթվա ընթացքում, ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ, ռազմական կցորդների խումբը մասնակցել է ս.թ. նոյեմբերի 5-ին կայացած ՀՀ զինված ուժերի հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ հաջորդ օրն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի մոտ գտնվող զորամասերից մեկը:

ՀՀ սահմանամերձ զորամաս այցի սկզբում զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Խաչատրյանը ճեպազրույց է ներկայացրել զորամասի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև տվյալ շրջանի սահմանամերձ գյուղական համայնքների ղեկավարները, ովքեր ներկայացրել են սահմանամերձ գյուղերի բնակչությանը հուզող խնդիրներն ու պատասխանել են հյուրերի հարցերին: Այցի շրջանակներում ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել այցելել նաև մարտական դիրքեր, ծանոթանալու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցելու նրանց հետ:

Հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, այցը շարունակվել է երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում, որտեղ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սարգսյանի կողմից ներկայացվել է ճեպազրույց զորամասի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվել է շրջայց զորամասի տարածքում:

Քառօրյա միջոցառումների արդյունքներն ամփոփվել են նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Ռազմական կցորդները Դ.Տոնոյանի հետ նախ կիսվել են իրենց տպավորություններով, այնուհետև հյուրերին են ներկայացվել իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքի մասին տեղեկություններ, տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսլականը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երկրորդ շրջափուլի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև պատասխանել է հյուրերի հարցերին: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը` հետաքրքիր և հագեցած միջոցառում կազմակերպելու համար:

Արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

614. Minister Nalbandian at the OIF Ministerial aՆոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, որը կարևորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը և կազմակերպության աճող դերը միջազգային բեմահարթակում։

Խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը դարձել է ՖՄԿ լիիրավ անդամ։ Մենք ուրախ ենք մաս կազմել ֆրանկոֆոն համայնքին, որը համագործակցության կարևոր միջազգային հարթակ է հանդիսանում՝ բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև համերաշխության ամրապնդման համար, նաև՝ հնարավորություն ընձեռում առավել միասնական գործել միջազգային բեմահարթակում։

Մեր ներգրավվածությունը ընթանում է խորհրդարանական, համալսարանական, ապակենտրոնացված, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ կարևոր ուղղություններով։  Հենց այս համատեքստում Երևանը հյուրընկալեց ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը, մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպումը, արդեն մի քանի տարի շարունակ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամենից շատ միջոցառումները կազմակերպվում են հենց Հայաստանում»:

Անդրադառնալով տարբեր աշխարհամասերում կայունության ապահովմանն ուղղված ՖՄԿ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց, որ անցյալ տարի Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ հորդորելով շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա` կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը։

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել միջազգային բեմահարթակում կազմակերպության դերը առավել ամրապնդելու, նրա նպատակները առաջ մղելու ուղղությամբ։

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երևանում անցկացվեցին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երևանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում ևս կանցկացվեն Երևանի օրեր: Ուզում եմ նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաև Դոնի Ռոստովի և վերջերս Երևանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- հատկանշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մշակութային միջոցառումներ Վրաստանում

613.Cultural events in  07.11.2013Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, խորհրդարանի պատգամավորներ, Վիրահայոց թեմի հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Թբիլիսիի հայազգի, հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ,:

Միջոցառմանը հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարին, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Էմին Մահմուդովը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին, իսկ պատմաբան Ենոք Թադեվոսյանը ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Սայաթ-Նովայի կենսագրական տվյալների մասին:

Ի շնորհիվ Հայաստանի հետ հաստատված տեսակամուրջի` միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվել «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:

Միջոցառման համերգային մասում հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը եւ իր սաները, երիտասարդ վրացի կատարողների լարային քառյակը, ինչպես նաեւ միջազգային մրցույթների հաղթող ճանաչված երաժիշտ եւ երգչուհիներ Եսայի Աբովյանը, Նադյա Զախարյանը, Էմմա եւ Աննա Պողոսովաները: Երեկոյին ցուցադրված էին նկարիչ Ալլա Անտոնյանի թեմատիկ ստեղծագործությունները: Ասմունքեցին Լիզա Թորոսյանը եւ արեւելագետ Քերիմ Անկոսին:

Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ «Թբիլիսիի ստվերներ» խորագրով Հայաստանի եւ Վրաստանի մի խումբ երիտասարդ նկարիչների համատեղ պլեների արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ժամանած տասնմեկ երիտասարդ արվեստագետներ իրենց համախոհ վրացի վեց նկարիչների հետ միասին միջոցառման 5 օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել գտնվել Վրաստանի գեղատեսիլ շրջաններում եւ կտավին հանձնել աշնանային գունագեղ պատկերները, որոնք ներկայացված էին եզրափակիչ ցուցահանդես-վաճառքում:

Նախաձեռնության հեղինակների` թբիլիսահայ երիտասարդ ստեղծագործողներ Լանա Բաբայանի եւ Գայանե Մանասյանի մտահղացմամբ ստեղծված «InterArtBridge» հասարակական կազմակերպության նպատակներից մեկը մշակույթի միջոցով տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների մերձեցումն ու համագործակցությունն է:

Ցուցահանդես-վաճառքի հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվեց Թբիլիսիի Գլդանի շրջանի մանկատան օգնության հիմնադրամին:

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին

4491Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:

Սերժ Սարգսյանը ևն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաև քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

 Տիգրան Սարգսյան,Վիկտոր Խրիստենկո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները: Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Բացի այդ, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ: Շնորհակալություն:


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան –
 Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես ցանկանում եմ ողջունել Վիկտոր Բորիսովիչին իր մեծ թիմով Հայաստանում: Մենք փորձագետների, մեր մասնագետների, պատասխանատու պաշտոնատար անձանց մակարդակով իրականացրել ենք մեծ աշխատանք: Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է միասին իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը: Աշխատանքների ծավալը, որը պետք իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել: Այն հուշագիրը, որն այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ, ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Ընդհանրապես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք: Շնորհակալություն:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Հարց – Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Արդյոք Ղազախստանը և Բելառուսը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Աշխատանքային խումբը պետք է ձևավորված լինի նոյեմբերի 20-ին հանձնաժողովի նիստում: Մեր այսօրվա աշխատանքը, ըստ էության նյութեր է պատրաստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններից աշխատանքային խմբեր մասնագետների ներգրավման համար, և Տիգրան Սուրենովիչը արդեն նշել է, որ այդ նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավական լավ ենք նույնականացնում այն, ինչ մեզ սպասվում է անել, այն, ինչ պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից, Մաքսային միության կողմից միացման պայմանագրի պատրաստման շրջանակում: Այդ գործընթացը, իհարկե, այնպես էլ արագ չէ, որը կարելի է անցնել մի քանի շաբաթվա ընթացում: Այն պահանջում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք և ազգային օրենսդրության համապատասխանեցում: Դրա համար ես չէի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, առավել ևս ես լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ծրագրերին և հավակնություններին այն տեմպի վերաբերյալ, որը պետք է պահպանել այս գործընթացում: Ես համակարծիք եմ այդ ծրագրերի հարցում, բայց ցանկացած տարբերակում այս ճանապարհին մենք պետք է ոչ մի քայլ բաց չթողնենք և պետք է ամեն ինչ կարգավորենք: Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով: Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում:
Ես փորձեցի մեղմ պատասխանել այդ հարցին, որ հիմա ես չեմ տեսնում այդպիսի խոչընդոտներ այս ճանապարհին, չեմ զգում: Դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես քաղաքական սահմանափակումներ այդ գործընթացում, այլ որպես միացման գործընթացը լիարժեք դարձնելու ցանկություն: Հայաստանը նույնպես պետք է իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որ հիմա կրում են բոլոր անդամ-պետությունները: Այս պարագայում դա խոսում է մեր աշխատանքի որակի մասին, որը մենք պետք է ապահովենք և այն մասին, որ պետք է դուրս գալ այս ճանապարհ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
 – Ես կցանկանայի ավելացնել, որ Հայաստանի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր: Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի: Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես էլ եմ համակարծիք Վիկտոր Բորիսովիչի հետ այն հարցում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին:

Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում

 Տիգրան Սարգսյան,Իրաք, Ռոուշ Նուրի ՇաուեյսՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը»,– ասել է վարչապետը:

Նշելով, որ Իրաքը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Նուրի Շաուեյսին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում մեր երկիր է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները ևս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ, ինչը միմիայն կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:
Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ջերմ ողջույնները: Իր հերթին, ՀՀ կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում:
Այնուհետև Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: