Վալերի Մարության. մարդ, բժիշկ, զինվորական

4Նոյեմբերի 3-ին լրանում է, բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր  հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները և զինակից ընկերներ:

Հարգանքի և երախտիքի խոսքերով հանդես եկան Վալերի Մարությանի մարտական ընկերները, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերհիշելով և արժևորելով արցախյան ազատամարտի դրվագները, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ազատամարտի մասնակից բազմաթիվ քաջորդիների շարքում կարևորեց Վալերի Մարությանի դերը, ընդգծելով, որ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: «Վալերի Մուրաթյանի անմիջական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել են բազմաթիվ զինվորական հոսպիտալներ: Արցախյան պատերազմի տարիներին Վալերի Մարությանը դաշտային հոսպիտալներում կատարել է հազարավոր վիրահատություններ և ավելի քան 8 հազար մարտիկների վերադարձրել է ռազմի դաշտ»,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարարը:

Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված «Այրվելով լույս եմ տալիս ուրիշներին» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Վալերի Մարությանին: Ֆիլմը ռազմական բժիշկի գործունեության ամփոփ գնահատականն է, հայրենիքի նվիրյալ սքանչելի մարդու և ընկերոջ նկարագիրը:

Հուշ-ցերեկույթի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Հատկանշական է, որ ինչպես Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, այնպես էլ նրա թոռը` Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժիշկի սկսած գործը: Մարութ Մարությանն այժմ ծառայում է զինված ուժերում, բուժծառայության լեյտենանտ է: 

 

 

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյան,Ջոն Հեֆերն, «բաց երկնքի քաղաքականություն»Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային  սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը և Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյան,Չիլիի դեսպան

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն և շահագրգիռ է Չիլիի հետ ևս ակտիվացնել փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը և Չիլին միմյանց հետ քաղաքական որևէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:

Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը: Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել:

Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենին՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների դիվանագիտական առաքելությունն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տրանսպորտի և կապի նախարարությունում

 Սերժ Սարգսյան, Տրանսպորտի և կապի նախարարությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ. անցած ինն ամիսն ընկած ժամանակահատվածում գործունեության արդյունքները: Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է նույն ժամանակահատվածում երկաթուղու գործունեությունը, նախարարի տեղակալներ Արտաշես Ավետիսյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրել են համապատասխանաբար ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու կապի և հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը զեկուցել է աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները։ Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ: Այն զեկուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Զեկուցված թեմաների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել պատասխանատուներին և բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել: Խոսելով ճանապարհաշինության և այլ ծրագրերի համար հատկացված միջոցների մասին՝ Նախագահն ընդգծել է դրանց օգտագործման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Ճանապարհների պահպանումը, օրինակ, Նախագահի խոսքով, չպետք է ենթադրի միայն դրանք ձյունից մաքրելը: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք իրականացնելու պարագայում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհները կարելի է դարձնել շատ ավելի երկարակյաց:

Խորհրդակցության ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախարարություններ իր այցերը նպատակ են հետապնդում անմիջականորեն տեղում ծանոթանալու խնդիրներին, պատասխանատուների հետ դրանք քննարկելուց հետո՝ լուծումներ տալու, որոնք պետական կառավարման այդ մարմիններին կօգնեն իրենց աշխատանքների կազմակերպման, ծրագրերի իրականացման գործում բարձրացնել արդյունավետությունը: Հանրապետության Նախագահն արդյունավետ աշխատելու կարևոր նախապայման է համարել հատկապես մարդկային ռեսուրսի՝ կադրերի ընտրությունն ու նրանց հետ իրականացվող աշխատանքը: «Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք: Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով, մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը՝ այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-ընդգծել է Նախագահը:

Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանին, տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանին, փոստի վարչության պետի տեղակալ Ծովինար Գալստյանին, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Վերդյանին Նախագահը պարգևատրել է շնորհակալագրերով:

 

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

 Տիգրան Սարգսյան,Եվրոնեստ,Չարլզ Թանոք,Ռիշարդ ՉարնեցկիՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:

«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Թանոքին և Հայաստանի եվրոպացի բարեկամներին կատարվող աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ժամանակ արծարծվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխհարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց Բեռլին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,ԳերմանիաՀոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կատարեց Բեռլին։

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը»,– ընդգծեց նախարար Վեստերվելեն։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն հայտնեցին, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկեցին Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջնային հարցերի շուրջ։

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի պատվիրակությանը

Սերժ Սարգսյան,Եվրոպական խորհրդարանՉարլզ Թանոք, Ռիշարդ Չարնեցկի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ:

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Կայացել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը

ինտերպոլ2013 թ. հոկտեմբերի 21-ից 25-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակություններ:
Նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Միռեյ Բալեստրազին եւ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված էին մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում` Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, ինչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը եւ այլն: Քննարկվեցին հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, նաեւ այն հմտությունները եւ ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ:
Նստաշրջանում քննարկվեցին նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր` անդրազգային ահաբեկչության նոր խնդիրները, կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում` դրամանենգությունը եւ կեղծարարությունը, կիբերհանցավորությունը եւ այլն:
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ:
Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 83-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014 թ. աշնանը, Մոնակոյում:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ

Վարչապետի մասնակցությամբ բացվել են Վարդենիսի սոցիալական ծառայությունների կենտրոնը և Վաղաշենի նորակառույց դպրոցը

վարչապետը վարդենիսումՎարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:
2014 թվականին նախատեսվում է նաև վերանորոգել Գավառի թատրոնը և Գետաշենի մանկապարտեզը:
Վարդենիսի և Վաղաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ գործնական ծրագրեր իրականացնելու և ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խորհրդարանների միջև կառուցողական և սերտ համագործակցության զարգացմանն զգալիորեն նպաստում է նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի աշխատանքը:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև գոյություն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, երկու երկրները սերտորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ, ինչը լավ հիմք է զարգացնելու հարաբերությունները նաև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Կողմերի համոզմամբ, դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական ջերմ բարեկամական հարաբերությունները, սերտ մշակութային կապերը պահպանվում և ամրապնդվում են նաև Հնդկաստանի հայ համայնքի շնորհիվ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի, հայկական եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և հոգատար վերաբերմունքի համար:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և զարգացման զգալի ներուժ ունեցող մի շարք ոլորտներում՝ ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ, համագործակցության խորացման հնարավորությունները, ինչն իր հերթին կխրախուսի երկու երկրների տնտեսություններում փոխադարձ ներդրումները:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի պատվիրակության անդամներին ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երեկ տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային պատահարի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատաներին հայտնել իր զորակցությունը:

Պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին անկեղծ ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հնդկաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Դեսպան Նազարյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում

դեսպան Կարեն ՆազարյանՀոկտեմբերի 30-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարեւոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ դեսպան Նազարյանն անդրադարձավ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու դրա արդյունքում սանձազերծած սպառազինությունների մրցավազքին եւ սահմանային սադրիչ գործողություններին;

Կարեն Նազարյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ նաեւ վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները:

Դեսպանն ընդգծեց, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, եւ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչներին

ՊՆ,ՀԱՊԿ ԽՎ Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները:

 Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ընդգծեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:

Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին

4457Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցեր:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ եվրոպական համայնքի գործընկերների հետ ակտիվ երկխոսությունն ու շփումները դրական լիցքեր են հաղորդում Հայաստանին՝ եվրամերձեցման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները և հանձնառու է կառուցել եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն ու այդ ճանապարհին ակնկալում է գործընկերների աջակցությունը:

Միլան Ցաբրնոխը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր երկիր և շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի հետ երկխոսությունը զարգացնելու գործում նա կարևորել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա ակտիվ աշխատանքը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային

2Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Տիգրան Սարգսյանը Միլան Ցաբրնոխի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

10816_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: «Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են և մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:
Միլան Ցաբրնոխը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը և ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը ևս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի:

Նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահներին

601. Minister Nalbandian received the EU-Armenia PCC co-chairs 30.10.2013Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվեց անցած շաբաթ Եվրախորհրդարանում Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձևը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նախարարը հավելեց, որ նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց խորհրդարանական մակարդակով փոխգործակցության հետագա ծրագրերին և իրականացվելիք քայլերին։

Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

10815_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր և նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Կարևոր է, որ այսօր սպորտի բնագավառը ղեկավարում են Յուրի Վարդանյանի և Ռոբերտ Էմմիյանի նման լեգենդար մարզիկները: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այսօր Հայաստանը վերականգնում իր սպորտային մեծ ավանդույթները»,- նշել է Սերգեյ Բուբկան:
Տեղեկացվել է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ առաջիկայում Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղադրվելու է աթլետիկայի ժամանակակից վազքուղի, ինչը թույլ կտա անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել նաև հոկտեմբերի 27-30-ը Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Սերժ Սարգսյան, Եվրամիություն, Ֆիլիպ ԼեֆորՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափում շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Ֆիլիպ ԼեֆորՀոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: