Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնման ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ

7601_bՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ:

 

Անկախ

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

Hovik-Abrahamyan1Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. «Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23.5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա: Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»:
ՀՀ կառավարության երեկվա նիստում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, և եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»: 
Վարչապետը խոսել է նաև ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով. «Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է մեր տնտեսության զարգացումից, ինչից էլ կածանցվեն մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

 

Անկախ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին

g_imageՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։

«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

 

Անկախ

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

unnamed8-320x228Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»:
Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ:
Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը:
Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:
2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:
2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով:
Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:

 

Անկախ

ՖԻՖԱ-ն մերժել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Ռուսաստանին զրկելու կոչերը

FIFA_RUSSIAՖԻՖԱ-ն մերժել է 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու կոչերը՝ նշելով, որ մրցումները կարող են դրական ազդեցություն ունենալ:

Ռուսաստանի ենթադրվող ներգրավվածությունը անցած շաբաթ Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը Ուկրաինայում վայր գցելու գործի մեջ ստիպել է գերմանացի որոշ պատգամավորների վերանայել խաղերը հյուրընկալելու երկրի իրավունքը:

Ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ իրենք ցավում են բոլոր տեսակի բռնությունների համար, սակայն հարցականի տակ է դրել սպորտային մրցումների անցկացման վայրը փոխելու նպատակը:

Ուկրաինայի և ռուսամետ ապստամբների միջև կոնֆլիկտը սրվել էր Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից օրեր անց:

Հուլիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի իր գործընկեր Դիլմա Ռուսեֆի հետ ներկա էր գտնվել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Երկու նախագահները Մարականա մարզադաշտում տեղի ուենցած խաղը դիտելիս նստել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի կողքին:

Ռուսաստանը հայտարարել է 12 մարզադաշտ վերանորոգելու և այլ կառույցներ կառուցելու համար նախատեսված 20 միլիարդ դոլար բյուջե ունեցող ծրագրի մասին: Սա առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որ անց կկացվի արևելյան Եվրոպայում:

 

Անկախ

Բնապահպանության նախարարության արձագանքը Համահայկական բնապահպանական ճակատի հայտարարությանը

0031Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն  23.07.2014 թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Արտավան»,  «Գողթանիկ» և «Խաչի քար» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

Անկախ

Ինչ հարցեր է բարձրացրել Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

 

Մանուկյան-Սարգսյան

Ս.թ. հուլիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀ Հանրային խորհուրը ներկայացրել է հանրությանը հուզող ի շարք հարցեր, այդ թվում՝

1. Արտագաղթի իրական չափերը, պատճառներն ու հետևանքները:

ՀԽ մտահոգված է արտագաղթի չափերով (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը: Արտագաղթի պատճառները և՛ իրական են, և՛ հոգեբանական:
Դրանք են`
• աշխատատեղերի ոչ բավարար քանակը և եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը,
• սեփական բիզնես սկսելու բարդությունները կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ,
• բարեկեցիկ պայմաններում ապրելու բնական ձգտումը (առկա է նաև տեղեկատվության պակաս արդեն մեկնածների իրական կարգավիճակի մասին),
• անավարտ պատերազմը,
• օրենքի անխուսափելի կիրառման իրական կամ թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր,
• խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունը, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:
2. Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
ՀԽ համամիտ է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության անհրաժեշտության հետ` ելնելով անվտանգության հարցերից, ինչպես նաև գիտակցելով, որ տնտեսության որոշ ոլորտների համար միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք:
Քանի որ ԵՏՄ նոր է սկսել ձևավորվել, ուստի Հայաստանի անդամակցության որոշումը.
• հնարավորություն է տալիս մասնակցել ԵՏՄ ստեղծման գործընթացներին,
• Հայաստանին կենսական նշանակություն է հաղորդում ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությունը ինտեգրացիոն գործընթացներին:
Ինչպես պետությունների ամեն մի դաշինքում (առավել ևս սկզբնական շրջանում), այս դեպքերում էլ տվյալ պետությունների շահերի միջև գոյություն ունեն բնական հակասություններ: Հետևաբար`
• ԵՏՄ հնարավորությունները լավագույնս օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ակտիվ լինել նրա կառույցների ստեղծման աշխատանքներում, ինչը հնարավորություններ կտա ստեղծելու մեխանիզմներ շահերը ներդաշնակելու ու հակասությունները մեղմելու համար,
• Դաշինքի բոլոր անդամ երկրների հետ հարկավոր է ակտիվորեն խորացնել նաև երկկողմ հարաբերությունները,
• Պետք է մեծացնել ՀԿ-ների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դերը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, օգտագործել ՀԽ դերակատարումը:
• ՀԽ կողմնակից է ավելի համակարգված ձևով զուգահեռ իրականացնել մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:
ՀԽ առաջարկում է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը հիմնված կլինի ազգային ինքնության առանձնահատկությունների վրա և կօգտագործի “Small Smart State” մոտեցման տարրերը:
3. Սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը:
Դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլ նաեւ պետք է արձանագրել, որ առանց սահմանամերձ գոտու բնակչության ներգրավման, հնարավոր չէ ապահովել սահմանի պատշաճ պաշտպանությունը:
Առաջանում է երկու կարեւոր խնդիր.
• Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:
• Ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի սահմանամերձ գոտուց կանխվի արտագաղթը: Դրան պետք է նպաստեն այն լրացուցիչ արտոնությունները, որոնք պետք է տրվեն այդ գոտու բնակիչներին:
Արտոնությունները պետք է լինեն ոչ միայն սոցիալական (առողջապահություն. կրթություն, թոշակներ), այլեւ արտոնություններ, որոնք կնպաստեն սեփական աշխատանքով բարիքներ ստեղծելուն, զարգանալուն եւ այդ հողի վրա ապրելուն (հարկերի նվազում` ընդհուպ վերացում, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդերի ստեղծում, գյուղատնտեսության պետական կամ փոքր գումարներով ապահովագրություն և այլ):
Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամաբ կիրառվել են որոշ արտոնություններ: 2013թ. Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով սահմանամերձ վտանգավոր գոտու համայնքների բնակիչները ազատվեցին հողի հարկից, իսկ ոռոգման ջրի դիմաց վճարում են 50%-ի չափով: Մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից:
Առանձին շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: 2001թ. Կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են` անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007թ., որի արդյունքում սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը:
Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը մշակի համապատասխան ծրագիր, որն ընդգրկի բոլոր բնագավառները, և որ ամենակարևորն է` սահմանամերձ գոտու բնակիչները զգան դրա արդյունավետությունը, ինչը կնպաստի բնակիչների սահմանամերձ գոտում ամրապնդմանը:
4. Անկախության տարիներին հանքերն օգտագործման իրավունքով տալու և դրանց շահավետության մասին հարցը:
Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, իսկ արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` մինիմալ տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:
Ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին` հատկապես գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:
Մի շարք մետաղական հանքեր առանց բիզնես պլանների, առանց համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման տրվել են օգտագործման ՀՀ քաղաքացիներին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ի դրույթները` հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:
Անհրաժեշտ է վերանայել օրենքով նախատեսված բնապահպանական վճարները, ինչպես նաև մշակել այլ վարչաիրավական և տնտեսական մեխանիզմներ, որոնք կխթանեն.
• արդյունաhանված հումքի համալիր օգտագործումը և դրա մշակման աստիճանի բարձրացումը հնարավորին չափով վերջնական արտադրանք ստանալու նպատակով,
• պոչամբարների օգտագործումը որպես հումքի տեխնոգեն սկզբնաղբյուր,
• օգտագործած հանքերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը:
Նպատակահարմար է նաև վերանայել նոր տրված արտոնագրերի պայմանները` ապահովելով այդ հանքերի շահագործումը փակ եղանակով, ինչպես նաև մտցնել հարկ արտադրված թափոնների համար:
5. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության, սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում էլ ավելի անմրցունակ:
ՀԽ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ: Վերը նշվածի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, առաջացած խնդիրները հնարավոր կլիներ լուծել այլ ճանապարհով:
ՀԽ առաջարկում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:
6. Կուտակային կենսաթոշակների համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
Համոզված լինելով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հարցում` Հանրային խորհուրդը 2013թ. վերջին ներկայացրել էր իր առաջարկությունները վերը նշված համակարգի վերաբերյալ: ՀԽ համոզմամբ այդ առաջարկությունները պետք է նպաստեին հասարակության դժգոհության մեղմացմանը և բարձրացնեին այդ համակարգի կիրառման նկատմամբ վստահությունը: Այդ առաջարկությունների մի մասը հաշվի առնվեց օրենքի նոր տարբերակում, ընդ որում` դրա Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀԽ կողմից չի քննարկվում:
Սակայն հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:
Տվյալ օրենքի շրջանակներից դուրս հարկավոր է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:
7.  ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:
Հանրային խորհուրդն իր լիագումար նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ քննարկել է ՀՀ Սահմանադրության մեջ բարեփոխումների նախագիծը, ներկայացրել որոշակի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:
ՀԽ համաձայն է այն գաղափարի հետ, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ, և այդ տեսանկյունից` ՀՀ Սահմանադրությունը նույնպես հարկավոր է բարեփոխել` մասնավորապես կապված իրավունքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման հետ:
Մեր կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դրույթը, երբ ՀՀ Նախագահը ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, «հեղափոխական» փոփոխություն է: Այդ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:
ՀԽ կարևորում է նաև հիմնավոր պատճառաբանություների և հիմնավորումների ներկայացումը ՀՀ Սահմանդրության մեջ դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելու վերաբերյալ (կլուծի՞ դա առաջ եկած խնդիրները; Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելու՞ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը), ինչպես նաև տարածքային կառավարման և համայնքային ինքնակառավարման նոր սկզբունքների կիրառման վերաբերյալ (մասնավորապես, նախատեսվու՞մ է, արդյոք, մարզպետների ընտրությունների անցկացում ուղղակի եղանակով` ժողովրդի կողմից):
Անհրաժեշտություն կա նաև քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ Հանրային խորհրդի սահմանումը ներառելու հարցը` առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ:
Արձագանքելով հասարակության լայն շերտերի պահանջներին` Հանրային խորհուրդը քննարկումներ է անցկացրել “կարմիր գծերի” օգտագործման վերաբերյալ: Քննարկման խնդիրները հետևալն էին.
• այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը,
• տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը;
• քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ բարձրացված հարցերը մտել են լուծման փուլ և Հանրային խորհուրդը ուշադրությամբ հետևելու է խնդրի հանգուցալուծման ընթացքին (անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ չէր կարելի ի սկզբանե կիրառել համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշները):
Հանրային խորհրդի հետ համաձայնեցված հարցերի ցուցակի հետ մեկտեղ, ՀԽ երեք անդամներ սեփական նախաձեռնությամբ ցանկություն են հայտնել բարձրացնել հետևյալ հարցերը.
1. ՀԽ անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան:
Հայոց Արևելքի (Հյուսիսարևելյան Հայաստան և Արևմտյան Մերձկասպյան տարածք) մշակութային ժառանգության համակարգված հավաքագրման, ուսումնասիրման և պատշաճ ներկայացման համար (վիրտուալ թանգարանի ստեղծում):
2. ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան:
Դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքում բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման վերաբերյալ (կոնկրետ դեպքի օրինակով. Դատական գործ` ՎԴ/2951/05/13):
3. ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:
Շնորհալի պատանիներին ու աղջիկներին աջակցելու մշակույթի հիմնադրամ ստեղծելու մասին:
ՀԽ անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև Հանրային խորհրդի ապագա գործունեության և կատարվելիք փոփոխությունների հետ կապված հարցերը:

 

Անկախ

Ինչ հարցեր է քննարկել ՀՀ կառավարությունը

gov2-472x265Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
Աջակցություն են ստանում արտահանման ուղղություն ունեցող ընկերությունները
ՀՀ կառավարության որոշումներով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «Գրինհաուզ» ընկերության կողմից ներմուծված 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվել են համապատասխանաբար մինչև 2017թ. օգոստոսի 25-ը և հուլիսի 10-ը: «Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով տվյալ բնագավառի արդիական սարքավորումներով: Իրականացվելու է շուրջ 8.1 մլրդ դրամի ներդրում, սկսած 2015թ. տարեկան կարտադրվի 1.72 մլրդ դրամ արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ երկրներ:
Ձեռնարկվում են էներգահամակարգի ֆինանսական առողջացման միջոցներ
Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով: «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջով:
Կանոնակարգվում է շահումով խաղերի գործընթացը
ՀՀ կառավարությունը 2013թ. վերջին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանել է, որ խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է շահումով խաղի կամ խաղատան գործունեություն կազմակերպել երկրի չորս քաղաքների վարչական սահմաններում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Այդ չափանիշների պահպանման իսկությունը կարող է պարզվել միայն տեղում ստուգման ժամանակ: Գործադիրն իր նախկին որոշումը համապատասխանեցրել է փոփոխված օրենքին:

 

Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

 

Գործադրի որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ և նախակրթարան:
Նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից Բյուրականի բնակավայրերի շինարարությունն իրականացնելու նպատակով հատկացվել է 127 մլն դրամ: ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է համահայաստանյան միավորային բանակումներ, որոնց մասնակցում է ավելի քան 1000 երիտասարդ:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քնարկել է «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց առաջարկով կվերանա հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նշված և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում ամրագրված ժամկետների տարբերությունը: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացություններին և ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Քննության է առնվել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակներն ակնկալում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանում կներդրվի ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կվայելի ուսանողների պահանջարկը: Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:
Նիստում քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը և որով առաջարկվում է վերացնել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, քանի որ դրա արժեքը բարձր է: Գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ այն կնվազեցնի կուսակցությունների գործունեության թափանցիկությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սիրիայի իրավիճակի պատճառով չի կարող իրականացնել Հալեպի համալսարանում հայոց լեզվի դասավանդում կազմակերպելու ծրագիրը, ուստի դրա համար նախատեսված մոտ 5 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվելու է Պրահայի Կարլի համալսարանում հայոց լեզվի, գրականության, պատմության դասընթացները ս.թ. սեպտեմբերից վերաբացելու նպատակին:
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկ ներառել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ պահվում է 270 թանգարանային առարկա, հիմնականում Սարյանի գեղանկար և գծանկար աշխատանքները, որոնք ազգային մեծ արժեք ունեն:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2016թ. ամառային զորակոչը, տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Հրանտ Ղարիբյանին:

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքները:

 

Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Անկախ

Լիոնում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

g_image (1)Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայանքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում», ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր, հայտնվելով Մարսելում, բարձրացան Հռենոսի հունով և երկրորդ Հայրենիք գտան Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում և այլուր։ Նրանք ինտեգրվեցին ֆրանսիական հասարակությանը և իրենց նպաստը բերեցին և շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի և նրա քաղաքների զարգացմանը։

Այսօր, Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Լիոնի և Ռոն-Ալպի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին` շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր գնահատեցին Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվեց ՀՀ պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։
 Անկախ

Նախագահը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությանը

նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է 7591ունեցել «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի մարզադաշտում:

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

11447_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) և հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

«Ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը լինելու է ժողովրդի վերաբերմունքը»

загруженноеՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ելույթը Նոտարական պալատի ընդհանուր ժողովին

«Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ Ձեր համագումարը և մաղթում արդյունավետ աշխատանք: Թեև անցած տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն ասել որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է` ինքնախաբեություն կլինի: Առաջին ցուցանիշը ձեր աշխատանքից բնակչության բավարարված լինելն է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայություններից մեկն է: Լինելով մասնավոր անձ՝ դուք մարդկանց ծառայություններ եք մատուցում, այդ թվում նաև՝ պետության կողմից պատվիրակված: Կրկնում եմ, ծառայություններ եք մատուցում և պիտի բարի լինեք ծառայել մարդկանց, բնակչությանը ազնիվ, բարեհամբույր և բարձր պրոֆեսիոնալիզմով: Ձեր ծառայության առջև դրված են բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդի, նաև երկրի իշխանության կողմից: Կառավարության 2014թ. ծրագրով նախատեսվել է լիարժեք ներդնել՝

1. նոտարիատում ինքնակառավարման համակարգ,

2. էլեկտրոնային նոտարիատ,

3. նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ:

Այս ուղղություններով առաջիկա ամիսներին մենք հանդես կգանք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: Բնականաբար, ճիշտ լուծումներ գտնելու տեսակետից՝ ձեր ակտիվությունը շատ կարևոր է: Դա ձեր ինքնակարգավորման և ինքնակառավարման մարմինների սուրբ գործն է, որը իմ կարծիքով պետք է էականորեն ակտիվացնել, հակառակ պարագայում չեք լինի գնացքում. կլինեք գնացքի ետևից վազողների շարքում: Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ՝

•Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները:

• Մեկ պատուհանի սկզբունքով նոտարական ծառայությունների լիարժեք ներդնում: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը սկսվել է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կապի հաստատմամբ, այնուամենայնիվ շատ քիչ թվով նոտարներ են միացել այս համակարգին, ինչը հրատապ լուծման ենթակա խնդիր է: Խնդիր է նաև, այն, որ  պիտի փորձենք լուծել, նոտարի հասանելիությունները այլ անհրաժեշտ ռեեստրներին.

• Կարևորագույն խնդիր եմ համարում նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը: Նոտարը պետք է իր վարքով և ամենօրյա գործունեությամբ վստահություն ձևավորի իր անձի, աշխատանքի և ամբողջ նոտարական համակարգի նկատմամբ: Դա ապահովելու համար դուք պետք է ստեղծեք էթիկական վերահսկողության արդյունավետ համարգ:

• Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդնումը մեր առաջիկա համատեղ գործունեության ուղղություններից մեկն է լինելու: Սա կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը:

• Նոտարի գույքային պատասխանատվության սահմանների հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի:

• Կարևոր խնդիր եմ համարում Նոտարի կատարողական մակագրության ինսիտիտուտի ներդնումը:

• Բազմաթիվ խնդիրներ կան արձանագրված ժառանգությանն առնչվող գործարքներում: Անհրաժեշտ է լրջորեն մտածել գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին:

• Անհասկանալի իրավիճակ է տիրում նոտարների կողմից արխիվների վարման հարցերում: Պետք է մտածել Արխիվների վարման կարգի միասնականացման և դրանց հասանելիության մեխանիզմներ ներդնելու մասին:

• Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մտածել բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելու նպատակահարմարության մասին:

• Նոտարական գրասենյակներում հերթերի գոյացման կանխման և գրասենյակների ծանրաբեռնվածության համաչափ բաշխման նպատակով անհրաժեշտ է հերթերի կառավարման և հերթագրման արդյունավետ մեթոդներ ներդնել: Նման փորձ կա ծառայությունների մատուցման այլ ոլորտներում, այնպես որ մեծ բարդություն չի ներկայացնում համակարգի արագ ներդնումը:

• Անհրաժեշտ է մտածել դատարանին ընդդատյա հարցերով՝ վեճերի բացակայության դեպքում, նոտարներին կոնկրետ ոլորտներում որոշումների կայացման հնարավորություն ընձեռելու մասին: Սա ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի այս գործառույթը, այլև հնարավորություն կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

• Մեր քննարկման դաշտում գտնվող կարևոր հարցերից մեկը նոտարական գործողությունների սակագների և նոտարների հարկման համակարգի արդյունավետության հարցերն են, որոնք կարծում եմ ունեն օպտիմալացման և վերանայման կարիք:

Հարգելի գործընկերներ, հասկանում եք, որ խնդիրները բարդ են, բազմաոլորտ և հաճախ ոչ հեշտ լուծելի: Սակայն աշխատանքը լուծում է ցանկացած հարց: Բացի այդ,  դուք կունենաք իմ և նախարարության ամենօրյա աջակցությունը: Սակայն ուզում եմ հատուկ արձանագրել մի կարևոր բան՝ աջակցություն և բարեհաճ վերաբերմունք կստանաք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք իմ նախանշած ուղղություններով և կզգացվի, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքի որակը բարելավելու և բնակչության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դուք այսօր առիթ կունենաք քննարկումներ անելու, հետևություններ, այդ թվում կազմակերպչական հետևություններ անելու:

Եվ անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ստեղծեք ձեր համակարգում այնպիսի իրավիճակ, որ նման հետևություններ ստիպված չլինեմ անելու: Որպես վերջաբան ուզում եմ լավ հիշեք. ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը ինձ համար լինելու է ժողովրդի վերաբերմունքը նոտարական համակարգի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի վերաբերյալ»:

 

Անկախ

Արտգործնախարարը կայցելի Լիոն և Բրյուսել

 Էդվարդ ՆալբանդյանՀուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

Անկախ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։

Tigran_BalayanՊատասխան. Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։
Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցան հեռագրեր է հղել Մալայզիայի և Նիդերլանդերի ղեկավարներին։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով։

Պատասխան. Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։

Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ։

Անկախ

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։

 Անկախ

Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Նախագահի հրամանագրով նշանակվել է Քննչական կոմիտեի ղեկավար:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ եւ 51-րդ հոդվածների 1-ին մասերը, որոշում է կայացրել Աղվան Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:

 

Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքները:

 

Անկախ