ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերաբերյալ

us-embassyԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից սկսած: Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին:  Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին

 

3747

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ

484.Ambassador Ghalachian's meeting with the Minister of National Defence of Greece 11.09.2013Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաև նախատեսվող փոխայցելություններին:

 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին

10683_am_1Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։
Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:
Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն, ինչպես նաև Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, մասնավորապես բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երևանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար:

Տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

IMG_9761Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ  տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» և «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից: Խնդիրը, ըստ ազատամարտիկների,  ծագել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:

Հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝  օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով  նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

ՀՀ-ԱՄՆՍ.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

 

 

 

Նախագահ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

3743Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

482. Minister Nalbandian received OSCE Minsk group co-chair 10.09.2013Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբիԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված  մեկ ամբողջություն կազմող  սկզբունքների և տարրերի հիման վրա։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերգեյ Սեմյոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:

Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը»:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը

3739Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա):

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության օրակարգի հետևողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության զգալի ներուժ և երկկողմ քաղաքական կամք կա: Կարևորվել է համակողմանի փոխգործակցության ձևավորման նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացումը, երկու երկրների գործարար շրջանակների միջև ակտիվ շփումների խթանումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և հարաբերությունների առավել սերտացման համար:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը

նիստՍեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա դարձավ 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:
Օրակարգի առաջին հարցի՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չինական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

10680_am_3Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Այնուհետև վարչապետ Սարգսյանն հանդիպել է Inspur ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում և արտադրում է գերհամակարգիչներ, մշակում ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար:
Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, և համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի, այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ և համագործակցության լայն հեռանկար:
Վարչապետ Սարգսյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից է: Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Տիրգրան Սարգսյանը ներկայացրել է նաև վերջերս Երևանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք հիմնականում նախատեսված են ՏՏ ոլորտի ընկերությունների համար:

ԱԳ նախարարն ընդունեց Դանիայից ժամանած խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

481. Minister Nalbandian recieved parlamentaries and journalists from Danmark 10.09.2013 (2)Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի և հնարավոր զարգացումների մասին։

Զրույցի ընթացքում արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությանն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպել են Հայաստանի և Չինաստանի վարչապետերը. Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի

10675_am_2ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։

Չինաստանի վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: «Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում և ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար»,- նշել է Չինաստանի վարչապետը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ վարչապետն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին. «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և վստահ եմ, որ հարաբերություններն էլ ավելի են խորանալու։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հավասարակշռված դիրքորոշման համար։ Ուրախ եմ նաև, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով խորանում են։ Այս տեսակետից կարևոր է նաև Հայաստանում Կոնֆուցիի կենտրոնի գոյությունը, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Մենք ցանկանում ենք, որ Կանֆուցիի կենտրոնը մասնաճյուղեր բացի նաև Հայաստանի մարզերում։ Կարևոր է նաև, որ Հայաստանում կառուցվելու է չինական դպրոցը։ Շնորհակալ ենք Չինաստանի կառավարությանը, որ ամեն տարի ավելացնում է Չինաստանի տարբեր բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների քանակը, ինչպես նաև այն օգնության համար, որ Չինաստանը մշտապես մեզ տրամադրում է՝ Երևան քաղաքի ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և տարբեր սարքավորումներ»։
«Տեղյակ եմ, որ և՛ անձամբ Դուք, և՛ հայ ժողովուրդը շատ եք կարևորում չինական մշակույթը: Այդ առումով մենք պատրաստ ենք ձեր ուսանողների թվաքանակը Չինաստանի բուհերում ավելացնել, ինչպես նաև ընդլայնել Կոնֆուցիի կենտրոնի գործունեությունը»,- նշել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը։
«Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, և մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝ այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար։ (2013 թվականի համար ՉԺՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետությանն արդեն իսկ տրամադրել էր շուրջ 11 միլիոն դոլարի դրամաշնորհ անհատույց տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ))
Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ կողմերը կարողանան զսպված ձևով և բանակցություններով հասնեն լուծման և, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»– նշել է Չինաստանի վարչապետը։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել օգնության համար և նշել, որ ի տարբերություն հայ-չինական քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը մի փոքր հետ են մնում և կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնեն։ Այդ առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է տուրսիտական հոսքերը դեպի Հայաստան, էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի տուրիստական գործակալության միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ կարևորելով ուղիղ ավիակապը երկու երկրների միջև։
Կարևորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում Տիգրան Սարգսյանը նշել է.«Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի և գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաև ծխախոտ և կխնդրենք այդ հարցում ևս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևոր է այն փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրելու ենք։ Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք Երևանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Կողմերը կարևորել են այն հանգամանքը, որ համատեղ իրականացվող նախագծերի քանակը անընդհատ ավելանում է և դրանցից առանձնացրել են ամենախոշորը՝ Նաիրիտ-Շանսին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Միաժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։ Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։
«Վերջում, պարոն վարչապետ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ եմ հանդիպելու, բայց իմ աշխատնքային օրվա առաջին հանդիպումը հենց Ձեզ հետ եմ ունենում և, բացի դա, Հայաստանը միակ պետությունն է, որի հետ այսօր ստորագրում ենք մի շարք փաստաթղթեր»,-նշել է Չինաստանի վարչապետը։

*******
Հայաստանի և Չինաստանի վարչապետերի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),
Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։

Բարեգործական միջոցառում Բուենոս Այրեսում

ԱգնՍեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։

Միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։

Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի «Զատիկ» և «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։

Քննարկվեցին բնակարանային շինարարության ընթացքի խնդիրները

IMGA0004Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռու մարզերում “Գլենդել հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն:

Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակարանների եւ բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները: Կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը տեղեկացրեց, որ Գյումրիում նախատեսվող շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ “Մուշ-2” թաղամասի բնակարաններում գազի կաթսաների խնդրին` տեղեկացվեց, որ դրանց տեղադրման համար ձեռնարկվել են լրացուցիչ ապահովության միջոցներ: Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, խստորեն զգուշացրեց կաթսաների տեղադրման եւ շինարարական աշխատանքների արագացման առնչությամբ:

Միաժամանակ, նախարարը շեշտեց, որ շինարարության հետագա ընթացքին հետեւելու եւ շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտարկելու նպատակով այս շաբաթվանից սկսած, իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում “Գլենդել հիլզ” ընկերությունը աշխատանքներ է կատարում:

 

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

10673_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև, Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

476. Days of Armenian Art in Romania 09.09.2013Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։

Միջոցառումների շրջանակում Գեորգեն այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպեց քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկեց առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Գասպարյանը մասնակցեց նաեւ Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, ուր նա ներկայացրեց հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդեց միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու Ռումինիայի առեւտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին տեղի հայկական հնատիպ գրքերի եւ քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի եւ Ֆերենց Հորվաթի նկարների եւ ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվեց Գասպար Կալամարի հեղինակած «Հայաստանի խճանկար» ֆիլմը (2011թ.)։

Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ էին գրավում թեմատիկ հաղորդումները, որտեղ, մասնավորապես, ներկայացվեցին տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի եւ Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի եւ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաեւ լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարեւոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրեց պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:

Տեղեկանք: Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ առեւտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առեւտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները եւ իրենց իսկ կառուցած շքեղ շենքերն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռեւս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ եւ հոգեւոր միություններ, որոնք,մասնավորապես,նրանց անխոնջ ղեկավարներ Աթիլլա Պուշկաշի, Լասլո Կուլչարի եւ մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգեւոր-մշակութային ավանդույթները:

Ոստիկանության պատվիրակությունը Աստանա է մեկնել` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ խորհրդի նիստին

հունան պողոսյանՍեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա կդառնա 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին

Աշոտ-ՀովակիմյանՍեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթին: Վերջինս ՀՀ փոխարտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրման նամակը:

Ողջունելով պարոն Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորեց նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գրասենյակի հետ աշխատանքը՝ հաշվի առնելով թե՛ ոչ վաղ անցյալում և թե՛ ներկայումս փախստականների հետ կապված խնդիրների առկայությունը և երկրի ջանքերն ուղղված այդ հարցերի լուծմանը: Մասնավորապես, խոսվեց նաև Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների մասին:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Ի հերթին պարոն Բիրվիրթը վստահեցրեց, որ գրասենյակը կանի առավելագույնը՝ Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար: