Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:
Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:
Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։
Նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Նախարարները համակարծիք էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ: |
ԱԳ նախարարը կայցելի Վիլնյուս
Նախագահ Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:
Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:
Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին և ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաև Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:
Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:
Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատարին
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։
Զրուցակիցներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Հանդիպմանը քննարկվեցին Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։
Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։
Նախարար Նալբանդյանը կհանդիպի հանձնակատար Ֆյուլեին
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները և զորվարժությունների անցկացման գործընթացը:
Նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար:
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության տևողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ:
Եվրոպական Հանձնաժողովը` Հայաստանին. ԽՀԱԱՊ-ը համատեղելի է
Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտւմ ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը. «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա»:
Առկա տեղեկություններով ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Եվրահանձնաժողովի ակնկալած խորհրդակցություններն անցկացնելու նպատակով արդեն վաղը կմեկնի Բրյուսել:
Նախագահն ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հայաստանում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրած «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են մինչ այժմ այդ ուղղությամբ իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները և առաջիկա անելիքները: |
Դադարեցվել է «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էն-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Դադարեցվել է նաեւ ընկերության չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոր նշանակումներ զինված ուժերում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ռազմական ոլորտում երկու նշանակում է կատարել:
Առաջին հրամանագրում ասված է. « Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»։
Երկրորդ հրամանագրով ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ է նշանակվել գնդապետ Տիգրան Խաչատրյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գնդապետ Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթում մի շարք հանդիպումներ է ունեցել
Սեպտեմբերի 2-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ: Դեսպանը շնորհավորեց պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացն ու քննարկվեցին փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույն ջանքեր գործադրել այն որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Շարիդա Աբդալլահ Ալ-Մաուշարջի հետ: Քննարկվեցին արդարադատության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:
Սեպտեմբերի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Մարզուկ Ալի Ալ-Ղանեմի հետ: Դեսպանը շնորհավորեց Մարզուկ Ալ-Ղանեմին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:
Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Քուվեյթի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան Քուվեյթի Ազգային ժողովի նախկին նախագահ Ալի Ռաշեդի՝ Հայաստան այցելության արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Երկուստեք ընդգծվեց միջխորհրդարանական բարեկամություն խմբերի միջև շփումների ակտիվացման և շարունակականության ապահովման, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների օրենսդիր կառույցների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը:
Հանդիպման քննարկվեցին նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ-ի և ԼՂՀ-ի վարչապետերի գլխավորությամբ քննարկվել է Արցախում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ընթացքը
ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:
ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Արցախում առաջացած հարցերի շուրջ իրենց առաջարկությունները, կիսվել հայաստանյան փորձով:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Կենտրոնական բանկին` կազմել պատվիրակություն, մոտ ժամանակներս այցելել ԼՂՀ` այս ոլորտում առաջացած տեխնիկական հարցերի շուրջ համատեղ ուժերով լուծումներ գտնելու համար:
Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության ծրագրերը: Տեղեկացվել է, որ ԼՂՀ-ում գյուղոլորտի զարգացման համար ներդրումները տարեցտարի աճում են, մասնավորապես, մասնավոր հատվածի կողմից այս տարի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման նպատակով ներդրվել է շուրջ 10 մլն դոլար: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար էլ ներդրվել է 3,5 մլրդ դրամ. մեքենատրակտորային կայաններ են ստեղծվել Մարտունու և Ասկերանի շրջաններում:
Իրականացվել են նաև պարարտանյութերի և սերմերի ձեռքբերման, սուբսիդավորման ծրագրեր:
Խորհրդակցության ավարտին Հայաստանի և ԼՂՀ-ի վարչապետերի ներկայությամբ հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության նախարարությունների միջև կնքվել է փոխգործակցության զարգացման համաձայնագիր:
Հրամանատարաշտաբային դասընթացներ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար
Ս․թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության և կրթության նախարարության և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռքբերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:
Դիմելով հրամանատարաշտաբային դասընթացի առաջին հոսքի ունկնդիրներին, պաշտպանության նախարար Ս․Օհանյանը ՀՀ ԶՈւ ապագա առաջնորդների պրոֆեսիոնալ կայացման կարևորագույն ուղենիշ հանդիսացող այս նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց «ցուցաբերել բանիմացության, հանձնառության և բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները, կոլեգաները և ենթակաները»:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ
60 տարի առաջ, 1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա անվամբ։ Այս պայմանագիրը, անկասկած, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: 60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձիք օգտվել են այս եզակի իրավական գործիքից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի պահապանի, մի շարք շրջադարձային դատավճիռներն օգնել են նշանակալիորեն ամրապնդելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը եվրոպական մայրցամաքում։
Ինչպես Պիեռ-Անրի Տայժենը՝ Եվրոպական կոնվենցիայի հիմնադիր հայրերից մեկը, ավելի քան 60 տարի առաջ նշել է՝ մեկ օրում ժողովրդավարությունները չեն վատթարանում, ոչ էլ օրենքի գերակայություն է կարող հաստատվել։ Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է, և մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել, որ Եվրոպական կոնվենցիան մնա եվրոպական հանրային կարգի արդյունավետ սահմանադրական գործիքը, ինչպիսին այն դարձել է տարիների ընթացքում։
Այդ պատճառով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում վերջերս Կոնվենցիայի 15-րդ և 16-րդ Արձանագրությունների ընդունումը, որոնք ամրապնդում են մուտքագրվող գործերին ընթացք տալու՝ Դատարանի կարողությունները և բարելավում՝ ազգային մակարդակով Կոնվենցիայի կիրառումը։ Հունիսի վերջին ստորագրման համար բացվելուց ի վեր, ոչ պակաս քան 22 անդամ պետություն ստորագրել է 15-րդ Արձանագրությունը։ Եվս մեկ կարևոր քայլ կլինի հոկտեմբերի 2-ին 16-րդ Արձանագրության բացումը ստորագրման համար։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն շարունակելու է առավելագույնն անել ապահովելու Կոնվենցիայում ամրագրված իրավունքների հարգումը և պաշտպանությունը ողջ Եվրոպայում։
Խորհրդակցություն` Հատուկ քննչական ծառայությունում
Սեպտեմբերի 2-ին կայացել է Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությունը սկսվեց նորանշանակ քննիչների երդման արարողությամբ: Այնուհետև կտարված աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես եկավ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արտարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը, ով հանգամանորեն ներկայացրեց քրեական գործերի, նյութերի, դիմում-բողոքների վիճակագրական տվյալները, անդրադարձավ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ` բացթողումներին:
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը, անդրադառնալով ծառայության վերջին ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին, մտահոգիչ համարեց այն թերություններն ու բացթողումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակաշրջանում:
Ծառայության պետը կարևորեց քննչական պրակտիկայում տեղ գտած բացթողումները սեղմ ժամկետում վերացնելու անհրաժեշտությունը և նշեց, որ դրանք վերացնելու դեպքում ծառայությունը կարող է առավել արդյունավետ աշխատել:
– Որակի իմաստով Հատուկ քննչական ծառայությունը պետք է թերություններ չունենա, նախաքննությունը ծառայությունում պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և լիարժեք,- ասաց Վ. Գ. Շահինյանը:
Ծառայության պետը, անդրադառնալով կոնկրետ քննիչների աշխատանքին, քննադատական դիտողություններ արեց նախաքննության ընթացքում անբարեխղճություն դրսևորած աշխատակիցների հասցեին` սեղմ ժամկետներ սահմանելով անորակ քննության փաստերը բացառելու նպատակով: Վահրամ Շահինյանը, դրա հետ մեկտեղ, դրվատանքով խոսեց բարեխիղճ և մասնագիտական բարձր կարողություններ դրսևորած քննիչների մասին:
Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունն ավարտվեց ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար աչքի ընկած առանձին աշխատակիցների խրախուսմամբ:
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
ՀՀ վարչապետը և Բակո Սահակյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ նախագահը ծաղիկներ են դրել նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Պիետրո Պարոլինին Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև քրիստոնեական արժեքների վրա խարսխված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել և ընդլայնվել:
Մաղթելով Ձեզ հաջողություն Ձեր բարձր և պատասխանատու առաքելության իրականացման մեջ՝ խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ խորին հարգանքների հավաստիքը:


