Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք:
Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:
Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. «Սա ևս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու և, ինչու չէ, նաև տեսնելու վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ: Սա դառնալու է ավանդույթ, և լինելու ենք բոլոր վարչական շրջաններում ու միայն սրանով չի սահմանափակվելու քաղաքացիների հետ մեր շփումը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես այս, այնպես էլ վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային շրջայցերի ընթացքում քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց բացի, առաջիկայում կմշակվեն նաև այլ մոտեցումներ՝ նման շփումներն առավել հաճախակի դարձնելու ուղղությամբ:
Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի ու ջերմ ընդունելության համար՝ նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում: Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա: Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
ԱԳ նախարարը կայցելի Ստեփանակերտ
Նոր նշանակում
Հերթական ստահոդ հայտարարությունը
Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե` «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում»:
Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ «ԱՆԱՄԱ»-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար:
Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ:
Ինչ վերաբերում է «Ականազերծման Ազգային կենտրոն ստեղծելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին», ապա հայտնում ենք, որ հումանիտար ականազերծման խնդիրներով զբաղվող հանրությունը, միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռևս 2011թ. փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված: Նպատակաուղղված` վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով և խաբեությամբ դոնորական սուղ միջոցները հորինված պրոբլեմներ լուծելու համար շորթելու միտումով:
Հուսով ենք, որ հումանիտար ականազերծման գործին նվիրված միջազգային կազմակերպությունները կարձագանքեն «իրենց հուսախաբության վերաբերյալ» Իսմաիլովի տարածած մերկապարանոց և ստահոդ հայտարարությանը:
Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել` կապված ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում Է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: Բարձրաստիճան հյուրի ընդունելության հանդիսավոր արարողությունը կայացել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարին` մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ եւ վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը եւ պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ: Խոսել ենք նաեւ այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Ս. Օհանյանը: Նախարարը ընդգծել է նաև, որ 2011թ.-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում:
Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները ծրագրում են համագործակցել ռազմավարական պլանավորման, խաղաղապահ առաքելությունների պատրաստման, փորձի փոխանակման ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության անդամները Հերոսների Հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։
Քննարկվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվություն
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել են հաշվետու տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Անդրադարձ է արվել նաև նշված ժամանակահատվածում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:
Արմեն Դանիելյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
ՀՀ նախագահ Սեորժ Սարգսյանը հրամանագիր է ստերագրել Ա. Դանիելյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը` որոշում եմ.
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,- ասված է հրամանագրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ և շնորհակալություն հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին, կարեկից եղել հայերի ցավին և ողբերգությանը, հետաքրքրվել մեր ժողովրդի խնդիրներով: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհնար է թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և ում հետ նույն շարքում իր չափազանց կարևոր աշխատանքով կանգնած է իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնը:
Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և Հայաստան այցի այս մի քանի օրերին հայ ժողովրդի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող սիրո և գնահատանքի համար: Նա նշել է, որ այդ ամենն իրեն ուժ է տալիս իր հետագա պայքարում: Իսրայելցի պատմաբանն ընդգծել է, թե կիսում է հայ ժողովրդի կրկնակի ցավը. առաջինը՝ ցեղասպանության ենթարկվելու, երկրորդը՝ այդ ահավոր ոճրագործության նկատմամբ ուրացման քաղաքականության համար, որի դեմ ինքը և առաջադեմ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ պայքարում են: Յաիր Աուրոնի համոզմամբ, հրեաներն առաջինը պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության մեջ այս հարցում վերջին տարիներին զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և հույս է հայտնել, որ դա կանդրադառնա նաև իրականացվող քաղաքականության վրա:
***
Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների և հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի
2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:
Այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վարաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:
Նախագահը ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության նորաբաց վարչական մասնաշենքում հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման և առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը զեկուցել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մասին զեկուցել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել զեկուցված աշխատանքների վերաբերյալ, խոսել է նաև ՊԵԿ աշխատանքում ընդհանուր նպատակադրումների մասին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա:
Նախագահը կարևորել է, անկախ դժվարություններից, ծրագրված լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ ՊԵԿ-ի հետևողական աշխատանքը, պետական բյուջեի մասին օրենքով կոմիտեի վրա դրված նպատակային ցուցանիշների ապահովումը և մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:
«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց:
«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին:
Մենք անցյալ անգամ խոսեցինք և այցի ընթացքում ես տեսա, թե ինչպիսի կրթական, վերապատրաստման հնարավորություններ ունեք: Այդ հնարավորություններից օգտվողների թիվն անպայման պետք է ավելացնենք՝ հասնենք մինչև շարքային տեսուչ: Չափազանց կարևոր է, որպեսզի պատրաստվածության աստիճանը, որ ես արդեն տեսնում եմ ղեկավար անձնակազմի մոտ, առկա լինի նաև միջին և ցածր օղակներում: Սա չափազանց կարևոր է, միգուցե, ավելի կարևոր, քան ավելի բարձր պաշտոններում աշխատողների պարագայում, որովհետև մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, հարկատուների և ընդհանրապես, բոլորի հետ, ովքեր հատում են ՀՀ սահմանը, շփվում են շարքային տեսուչները՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի ներկայացնու են մեր պետությունը»,-նշել է Նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, վերաբերմունք են ձևավորում մեր պետական կառույցների նկատմամբ:
Կրկին ընդգծելով բարեփոխումները մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը:
«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ»,-ասել է Նախագահը և խորհրդակցության ավարտին հույս հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն անդրադարձ կլինի այսօր ներկայացված ծրագրերի հաջող ընթացքին: ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները, Հանրապետության նախագահի համոզմամբ, անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:
Արմեն Սարգսյանն ազատվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Սարգսյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով նախագահը Ռ. Վարդանյանին նշանակել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հանոյ)»:
Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է նախարար Ս.Օհանյանը
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության» Երևանի ամառային փորձառության շրջանին: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը և անկախության ձեռքբերումները:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրեց հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի և այլ երկրների միջև ռազմական համագործակցության մասին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողներ հուզող հարցերին:
ՀՀ ԱԳՆ. Հ. Հարությունյանն ապահովված է 2 փորձառու փաստաբանով
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Ավան, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:
Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է անձամբ այցելել համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմեր, վերլուծել կիրառվող մոտեցումներն ու քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը առավելագույն արդյունքներ ապահովելու համար: «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է վարչական շրջանների գործառույթների գնահատման շրջանակում ներառել նաև Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը, ինչպես նաև տարվա յուրաքանչյուր սեզոնին բնորոշ աշխատանքների իրականացման համեմատական վերլուծությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱԳՆ-ն արձագանքեց. Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ
Սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկից ու դժգոհություններից հետո, որ Ռուսաստանում ՃՏՊ-ի մասնակից դարձած հայ վարորդին ծաղկավոր խալաթով են դատարան տարել, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:
ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է. «Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ներդրումը նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՀԿ ինստիտուտների միջև հետագա համագործակցության խորացմանը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին: |


