Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ

ազնավուր-սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ Շառլ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:

Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Օքսֆորդի համալսարանում

352. Minister Nalbandian's lecture at the OxfordՄայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանն մասնավորապես ասաց. «1991թ.-ի սեպտեմբերին  Լեռնային Ղարաբաղում անկախության հռչակագիր ընդունվեց, որը հաստատվեց դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ինչը լիովին համահունչ էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Այս առիթով կարելի է հիշատակել Եվրախորհրդարանի կողմից ընդունված համապատասխան բանաձևը, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել խորհրդային մյուս հանրապետությունների, ներառյալ` Ադրբեջանի կողմից արված նույնանման հռչակագրով: Ի պատասխան, պաշտոնական Բաքուն հայերի դեմ ձեռնարկեց կոտորածներ, էթնիկ զտումներ, նաև սկսեց լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ` միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ:

Նախքան հրադադարի հաստատումը, 1993թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն 4 բանաձև ընդունեց (822, 853, 874, 884), որոնց հիմնական պահանջն էր` դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել տևական զինադադար: Ադրբեջանը յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո հրաժարվում էր կատարել հիմնական պահանջը, չնայած ձախողումներին` համառորեն շարունակում էր ռազմական գործողությունները:
1994թ.-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, որին միացավ նաև Հայաստանը: 1995թ.-ի փետրվարին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ձեռք բերվեց զինադադարի ամրապնդման մասին նոր պայմանավորվածությունը, որին Հայաստանը նույնպես միացավ, սակայն այդ պայմանավորվածությունը Ադրբեջանը մինչ օրս չի հարգում:

1997թ.-ից բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական առաքելության շրջանակում:

Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղությամբ.

  • հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակում
  • վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում

2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան առաջարկներ»:

Շուրջ մեկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյությունը և փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատյաններ: Մասնավորապես 2008թ. Ադրբեջանը բանաձև ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որն արտացոլում էր հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական խեղաթյուրված տեսակետը: Բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից միայն 39-ի ձայներով (հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների կողմից): Երեք համանախագահ երկրները` ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան, դեմ քվեարկեցին, իսկ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը չսատարեցին այդ բանաձևին։

2009թ.-ին Լ’Աքվիլայում, 2010թ.-ին Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հայտարարություններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացվեցին նրանց կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը:

2011թ.-ին Դովիլում և 2012թ.-ին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ  համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունված  հայտարարություններում վերահաստատեցին իրենց նախորդ հայտարարությունները` ընդգծելով բացառապես խաղաղ ճանապարհով  հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթենքի, 2010թ. Ալմաթիի, 2011թ. Վիլնյուսի, 2012թ. Դուբլինի ԵԱՀԿ նախարարական համաժողովների և 2010թ. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում:

Հայաստանը ողջունել է վերոնշյալ բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիության մասին ձևակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս- քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները:

Ռուսաստանի դաշնության նախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ) 2008թ. հունիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում 11 հանդիպում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ` կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել են հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակներ:

 

Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում և այլն: Ադրբեջանական կողմը ձևացնում է թե իբր ընդունել է 2009թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ «թարմացված» տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ և փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։

Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:

Ադրբեջանը  հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում:

Չնայած  կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները:

Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:

Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին:  Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգև խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս:

Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված  Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին

վարչապետՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին:

Էստոնիայի արդարադատության նախարարը ևս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրին ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձով, ինչպես նաև նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանո Պեվկուրը վարչապետին է ներկայացրել Էստոնիայում հասարակական և տնտեսական ոլորտներում առկա վիճակն ու իրականացվող քայլերը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը

3038Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը: Դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կուբայի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի ջերմ ողջույններն ու Կուբայի ժողովրդի ջերմ ու հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կայուն զարգացում կունենան և որակական նոր մակարդակի կբարձրանան:

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն

Minister Nalbandian at the EBRDՄայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ՝ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն:

Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասաց, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝  հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորեց տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար  Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից  ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում:

Էդվարդ Նալբանդանի հանդիպեց Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին այդ ձևչափով կապերն ակտիվացել են:

Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։

Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

«Մխիթար Գոշ» մեդալի հանձման արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

348..Award Ceremony at the Embassy of Armenia in  Washington 20.05.2013Մայիսի 16-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ուենցավ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը:

Հանձնելով ՀՀ Նախագահի պարգեւը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական ոլորտում եւ հայ համայնքի կյանքում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Վարդան Գրեգրոյանին շնորհված պետական պարգեւը պարոն Գրեգորյանի նվաճումների, ավանդի եւ հայանպաստ գործունեւթյան արժանի գնահատականն է:

Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ բազմաթիվ պարգեւների եւ մեդալների շարքում այս մեկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իր անկախ եւ ինքնիշխան հայրենիքի պարգեւն է. անկախ Հայաստանի, որին հայ ժողովուրդը կարողացավ հասնել մեծ զոհողությունների գնով եւ որի զարգացման համար բոլոր հայերը պետք է միասնական ջանքեր գործադրեն: Նա երախտագիտության խոսք հղեց ՀՀ Նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար:

Այնուհետեւ Վարդան Գրեգորյանին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառմանը մասնակցեցին, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Կուբայի նորանշանակ դեսպանին

347.DM Hovakimian received the newly appointed ambassador of Cuba 20.05.2013Մայիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը` Մոսկվա):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Փոխնարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Լուիզ Մանուկյան-ՍիմոնՆախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:
«Դուք փայլուն շարունակողն եք բարեգործության այն լավագույն ավանդույթների, որոնք եղել են և կան հայ իրականության մեջ: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ և հայրենանվեր ծրագրեր: Ձեր ծանրակշիռ հանձնառություններով, տևական և արգասաբեր գործունեությամբ արժանիորեն վաստակել եք մեծ հեղինակություն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:

3030Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ, 1963 թվականի մայիսի 20-ին, մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ: «Անկասկած կարելի է ասել, որ մեր շախմատիստների բոլոր հաջողությունները, փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն են կամ՝ արգասիքը»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի շախմատային կազմակերպությունը հասել է հսկայական նվաճումների: Դրանցից Նախագահն ընդգծել և առանձնացրել է մի քանիսը՝ 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականի տղաներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որպեսզի տաղանդավոր այդ շախմատիստները կարողանան դրսևորվել: Սերժ Սարգսյանը խոսել է նաև աղջիկների շախմատի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մասին՝ նշելով, որ, իհարկե, իրենց նվաճումներում աղջիկները դեռևս փոքր-ինչ ետ են մնում տղաներից: Նախագահը հույս է հայտնել, որ աղջիկների հավաքականին ևս կհաջողվի դառնալ չեմպիոն կամ գավաթ նվաճել:

Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաև այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ` որպես պարտադիր առարկա:

Համաժողովի օրակարգի հաստատումից հետո, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շարունակելով ֆեդերացիայի նախագահի խոսքը, ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են Ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները: Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է դրական:

Համաժողովի պատգամավորները քննարկել են հաշվետու զեկույցը, ներկայացրել նաև մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ վերոնշյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքն ու առկա խնդիրները:

Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել և հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև Ֆեդերացիայի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

345. Minister Nalbandian at the V4 & EaP Ministerial 18.05.2013aՄայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին  ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը:

Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, նշեց. «Արևելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:

Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:

 

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում

Minister Nalbandian meets Dutch FMԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։

Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Minister Nalbandian meets President of PACEՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար և հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան   նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում  Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Minister Nalbandian meets Norway FMՀայաստանի ԱԳ նախարարի հանդիպեց նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի  հետ:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվեց  երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:

ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում  նախարարներն անդրադարձան կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Minister Nalbandian meets with Cyprus MFA State Secretary.Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնեց, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարևոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:

Զրուցակիցները անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

exhibitionՄայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:

«Հայաստանը բարձր լեռների  երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական ​​առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե ​​դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի  վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև

342. Armenian flag was raised in front of the city hall of Strasbourg 17.05.2013(3)Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն և Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի և Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային և ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական  բազմազանությունը:

Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը նշեց, որ ժողովուրդների և պետությունների պատմության մեջ կան պահեր, որոնք ընդմիշտ մնում են բազում սերունդների հիշողության մեջ։ Այս օրը՝ 2013թ. մայիսի 16-ը, կդառնա Հայաստանի համար այդպիսիներից է։

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

3027Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում պրն. Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության և հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, և ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

10399_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային:
Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը:
Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին:
Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին:

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

341. Armenia assumed the Presidency of COEՄայիսի 16-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկավ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով։

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրին, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:

 

 

341. Armenia assumed the Presidency of COE(1)ՀՀ Արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԽ նախարարների կոմիտեի նիստում

 16 մայիսի, 2013թ., Ստրասբուրգ

 

Հարգելի գործընկներ,

Տիկնայք և պարոնայք,

 

Այսօր առանձնակի պատիվ է հանդես գալ այս ամբիոնից որպես Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ, մի կառույց, որը Եվրոպայում ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից է:

Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր և մեծ պատասխանատվություն է:

Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում՝ առաջնորդելու ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը:  Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Մեծ  պատասխանատվություն, որովհետև ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։

Հայաստանը, որի եվրոպական ինքնության արմատները սերում են ընդհանուր արժեքներից, գաղափարներից և ժառանգությունից, վստահորեն ստանձնում է այս պատասխանատվությունը:

 

Հարգելի գործընկերներ,

Մեր նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք մեր կարծիքով առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք: Այդ նպատակով մենք ձգտելու ենք մեր ներդրումն ունենալ  Եվրոպայի Խորհրդի կարողությունների ամրապնդմանը:

Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը,  մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը և վտանգում են մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական ​​և այլատյացության  հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա  պղծում է մարդկանց հոգիները,  հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:

Հայաստանի նախագահությունը իր աջակցությունն է բերելու «Ոչ ատելության խոսքին» շարժմանը, կարևորելով առցանց երիտասարդական արշավը ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Միջմշակութային երկխոսության խթանումը արդյունավետ գործիք է եվրոպական հասարակություններում ավելի լավ փոխըմբռնման համար: Բազմազանությունը Եվրոպայի ուժն ու հարստությունն է, և մենք պետք է ջանք չխնայենք՝ պահպանելու մեր ընդհանուր առանձնահատուկ մշակութային ժառանգությունը: Հայկական նախագահությունը կընդունի 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության նախաձեռնությունը:

Մարդու իրավունքների և օրենքի գերակայության չափանիշների սահմանումը այս կազմակերպության գերակա ոլորտն է: Մենք պետք է ավելի ամրապնդենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համընդհանուր կիրառումը: Սա անհրաժեշտ նախապայման է Եվրոպայում բնակվող բոլորի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին վերստին անդրադառնալու նպատակով, ի շարունակումն Եվրոպայի խորհրդի Միացյալ Թագավորության նախագահության ջանքերի, Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը Երևանում համաժողով է կազմակերպելու «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով:

Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում: Այս ուղղությամբ մենք հիմնականում կկենտրոնանանք տեղական ու ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացման վրա: Այս  նպատակով կկազմակերպվի համապատասխան համաժողով՝ նվիրված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ ոլորտում առկա լավագույն փորձին:

Հայաստանի նախագահությունը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մայրաքաղաքների խնդիրներին՝ հաշվի առնելով նրանց դերը, կշիռը և ազդեցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և տեղական ժողովրդավարության զարգացման մեջ:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է տանում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։ Չնայած շոշափելի արդյունքների առկայությանը՝ կարևոր է շարունակել ջանքերը դրանց առավել ամրապնդման նպատակով:

Հայաստանը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը հատկապես երիտասարդության շրջանում: Այս նպատակով Երևանում կկազմակերպվի սիմպոզիում, որը հարթակ կծառայի երիտասարդական մասնակցության վերաբերյալ տեսակետների փոխանակման և խորքային քննարկումների համար:

Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:

Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի  Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Նման համագործակցությունը էական է գործադրվող ջանքերի առավել արդյունավետ համադրման համար: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրամիության միանալու գործընթացին, որն էլ ավելի կնպաստի միասնական եվրոպական իրավական տարածքի ստեղծմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նշված կառույցների երկու խոշոր միջոցառում է ծրագրված անցկացնել Երևանում:

Մենք կապահովվենք հաջորդական նախագահությունների շարունակականությունը սերտորեն համագործակցելով նախորդ՝ Անդորայի և հաջորդ՝ Ավստրիայի նախագահությունների հետ։

 

Տիկնայք և պարոնայք

Հայաստանը բարի կամքով կհամագործակցի բոլոր անդամ պետությունների հետ, որոնք կամենում են ներգրավվել Եվրոպայի խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ և որոնք ցանկանում են ներդրում ունենալ այս կազմակերպության նպատակների իրագործմանը:

 

Շնորհակալություն:

Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Դեսպան Սեյրանյանը դասախոսություն է կարդացել Բռնոյի Տոմաշ Մասարիկի անվան համալսարանում

336.Ambassador Seiranian's visit  to Masaryk University 16.05.2013Մայիսի 14-ին Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը եւ Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը  հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 43,000 ուսանող:

Դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: «Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան եւ Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», – նշեց հայ դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

ԱԳ նախարարը հանդիպեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին

336. Minister Nalbandian met with COE SG 15.05.2013Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղևորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է և կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարևոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվեց դեռ ապրիլ ամսին Երևան կատարած այցելության ժամանակ։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ-ին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների և խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԽ օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։
ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին

3020Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության ընթացքում Դատական կատարողների միջազգային միությունը պատկառելի փորձ և գիտելիք է կուտակել՝ Սերժ Սարգսյանը կարևորել է փորձի փոխանակումն ու միության ջանքերը՝ մասնագիտական վերապատրաստումներին աջակցելու գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավական, հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում, ուստի հետաքրքրված է նաև Դատական կատարողների միջազգային միության աշխատանքով՝ ուղղված հարկադիր կատարման համակարգում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և միության աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նշելով, որ իր դիտարկմամբ ՀՀ ԴԱՀԿ-ը գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն որոշակի հաջողությունների է հասել, Լեո Նետենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ծառայության հետ և հնարավորինս օժանդակելու բոլոր այն մասնագիտական հարցերում, որի կարիքը կունենա ՀՀ ԴԱՀԿ-ը: