Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001 (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը և կարևորել կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը Դելիի և Հնդկաստանի քաղաքների հետ:

«2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագիրը երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում, մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, ներդրումային ծրագրերին հնդկական կողմի մասնակցության, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղություններով»,- հատկանշել է քաղաքապետը` կարևորելով համատեղ ծրագրերի իրագործման հարցում ՀՀ-ում Հնդկաստանի և Հնդկաստանում ՀՀ դեսպանների առաքելությունը:

Դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, նշել է, որ հնդկական կողմը շահագրգռված է զարգացնելու Երևանի հետ հուշագրով ամրագրված դրույթները և քայլեր ձեռնարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի  իրականացման ուղղությամբ.

«Արդեն հասցրել եմ շրջել, ծանոթանալ քաղաքին և սիրել Երևանը: Համոզված եմ, որ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ Երևանն ավելի գրավիչ կդառնա ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ օտարերկրացի ներդրողների համար»,- նշել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Կողմերը քննարկել են նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր:  Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնման նպատակով վարչական բոլոր շրջաններում տասնյակ այգիներ ու պուրակներ են վերակառուցվում, նաև հիմնվում են նորերը, և նման ծրագրի իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է իր իրավասությունների շրջանակում մշտապես աջակցել դեսպանությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Արման ԿիրակոսյանՄայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները եւ դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են եւ չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների ետքաշումը եւ զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներին

Minister Nalbandian meets Parliamentary friendship group members 15.05.2013Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները:

Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում

10392_am_3Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:
Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

 

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ֆրանսիա

 Minister Nalbandian meets French FM 14.05.2013bՀայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը

 

Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով  շնորհավորանքի և Փարիզ այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ  Ֆրանսիային և Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, և բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է  բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ  փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային ոլորտներում:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծեցին տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ  ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի

 

3003

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում և իր բաժակաճառում ընդգծել հայ-բելառուսական ջերմ և պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք, Նախագահի խոսքով, արտահայտվել են ամենադժվարին պահերին միմյանց ձեռք մեկնելու, անվերապահ աջակցելու պատրաստակամությամբ և հոգատար վերաբերմունքով: Այդպիսի վերաբերմունքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, դժվար է գերագնահատել, քանի որ հենց դա է բարեկամությունը: ՀՀ Նախագահը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում մեծապես կարևորել է Բելառուսում և Հայաստանում ապրող և արարող երկու համայնքների գործունեությունը: «Մեր ժողովուրդների հարաբերությունների փառավոր պատմության մասին կարելի է երկար և գեղեցիկ պատմել, բայց ես վստահ եմ, որ նույնպիսի ջերմությամբ Հայաստանի քաղաքացիները կխոսեն տասնամյակներ, հարյուր տարի անց և դրանից հետո էլ, քանի որ համոզված եմ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: Ես վստահ եմ, որ մեր բարեկամությունը հարատև է:

Կարծում եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք այսօրվա բանակցությունների արդյունքներից գոհ լինելու, քանի որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին մեր փոխադարձ ձգտումը՝ ամրապնդել այդ հարաբերությունները: Մենք այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ բաց ենք միմյանց առջև և պատրաստ ենք հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը մեզնից մեկն ունի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն Բելառուսի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հանուն երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, հանուն հայ և բելառուս ժողովուրդների խաղաղության ու բարօրության:

Բելառուսի Նախագահը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի, ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար, որով, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այցի օրերին շրջապատված է իր գլխավորած պատվիրակությունը հնագույն, հիասքանչ և հյուրասեր Հայաստանի հողում: Նա նշել է, որ Բելառուսում միշտ էլ ջերմությամբ են վերաբերել Հայաստանին, որը հայտնի է իր բազմադարյա պատմությամբ, ինչպես նաև հարուստ մշակութային ավանդույթներով: Նախագահ Լուկաշենկոն գոհունակությամբ է նշել, որ իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավատեսություն են ներշնչում և ակնառու կերպով ցույց են տալիս հարաբերություններն առավել ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը: «Ես միանգամայն վստահ եմ, որ համատեղ ջանքերով ծանրակշիռ արդյունքների կհասնենք մեր համագործակցության ոլորտների ընդլայնման և տնտեսության ոլորտում սերտ փոխգործակցության ու առևտրաշրջանառության ծավալների մեծացման գործում»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մաղթելով ՀՀ Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն:

Սկսվել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

2993

 

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

 

2988Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:

Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:

Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:

Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:

Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:

Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության:

Ես ևս մեկ անգամ ողջունում եմ Բելառուսի Նախագահին Երևանում և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

խաչատութովՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Alexander-Lukashenko-007

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ֆրանսիա

Էդվարդ ՆալբանդյանՖրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։

Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։

ՀՀ ԿԸՀ այսօր քննարկում է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիմում բողոքները

imagesՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 11` ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգը.

  • 1.    ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 2.    «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 3.           ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցողներ` Տ.Մուկուչյան, Ա.Սմբատյան 

 

  • 4.            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱՑ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. 

Զեկուցող` Ս.Հովհաննիսյան

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին

10380_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ և ամրապնդմամբ:
«Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել և ընդլայնել կապերը նաև տնտեսական ոլորտում».– ասել է վարչապետը:
Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը:
Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարել Ֆինլանդիայի հետ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետը ֆիննական ընկերություններին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու և կապեր հաստատելու ՏՏ բնագավառում գործունեություն ծավալող տեղական և միջազգային ընկերություններին և զարգացման հեռանկարներին:
Այնուհետև դեսպանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Ֆինլանդիայի տնտեսության վիճակը և դրա զարգացման գործում իր երկրի փորձը: Քրիստեր Միխելսոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել այդ փորձով և նպաստել Հայաստանի զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի:

Վարչապետը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ

10376_am_2Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր պետությունների վարչապետերից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում Ձեր զգալի ներդրումը՝ հայ-բելառուսական քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտների համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ Ձեր անմիջական աջակցության շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում»: 
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Տիգրան Սուրենի, Ուկրաինայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների միջև վստահության և փոխըմբռնման վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ՝ ի շահ հայ և ուկրաինացի ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բազմաբնույթ պետական գործունեության մեջ»:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր շնորհավորական ուղերձում նշել է. «Ձերդ գերազանցություն, թույլ տվեք իմ և Վրաստանի կառավարության անունից շնորհավորել Ձեզ՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ Ձեր թիմի հետ պատասխանատու պետական գործունեության մեջ: Համոզված եմ, որ Դուք ջանք չեք խնայի Հայաստանի և Վրաստանի միջև առկա ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված կապերն ամրապնդելու համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և հույս հայտնել, որ Ձեր գործունեությունը կնպաստի մեր պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության գործնական և արդյունավետ համա-գործակցությունը: Հայաստանն ակտիվ և կառուցողական դերակատարում ունի մեր կազմակերպության զարգացման և ամրապնդման, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա շահերն առաջ մղելու գործում: Համոզված եմ, որ մեր հետագա համագործակցությունը կշարունակի բարեհաջող զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների և դաշնակցային պետությունների հավաքական անվտանգության: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, մեծ հաջողություններ Ձեր բարձր պաշտոնում, առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչին

2941

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:

Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

ՀՀ Նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը երկուստեք ընդգծել են, որ հայ-չոռնոգորյան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, հակառակը՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է երկկողմ համագործակցության զարգացման համար: Իգոր Լուկշիչը ողջունելի է համարել, որ երկու երկրների մայրաքաղաքներն արդեն իսկ համագործակցում են որպես քույր քաղաքներ:

Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում օգտակար է համարվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, որի ուղղությամբ, ըստ Չեռնոգորիայի փոխվարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը, ինչն զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս ակտիվ համագործակցություն կձևավորվի երկու երկրների միջև:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա վիճակին, զարգացումներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին

2940Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, և Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ հարաբերությունները վերաճել են սերտ միջպետական հարաբերությունների:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության մասին:

Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ևս՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաև երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանը:

ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինին նշել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի հետ ձևավորվել է բավականին արդյունավետ փոխգործակցություն և վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ կա խորացնելու համագործակցությունը բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

2938Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Դեսպան Միխելսոնը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:

Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Հանդիպել են Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները

321. The meeting of the Foreign ministers of Armenia and Montenegro 07.05.2013 (2)Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան և այցելությունը լավ սկիզբ և հիմք կարող է հանդիսանալ տարբեր ոլորտներում մեր համագործակցության զարգացման համար։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդները շատ պատմական ընդհանրություններ ունեն, ինչը լավ հիմք կարող է ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ անելիքներ կան՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծում, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, մշակութային փոխանակումների խթանում և այլն։ Այս առումով Ձեր այցը լավ հնարավորություն է տալիս ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության հիմնական ուղղությունները, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու և ջերմ ընդունելության համար` Իգոր Լուկշիչն ընդգծեց, որ Չեռնոգորիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու իր այցելության հիմնական նպատակն է երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածությունների ձեռք բերումը։

Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման, մշակութային փոխանակումների խրախուսման ուղղությամբ։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Նախարարներ Նալբանդյանն ու Լուկշիչն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Նախարար Լուկշիչն իր հերթին պատմեց Բալկաններում ընթացող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը

320. Minister Nalbandian received the delegation of Bouches-du-Rhône 06.05.2013Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար  Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

ԱԳ նախարարն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի անդամներին

318. Minister Nalbandian received members of the Danish Foreign Policy Association 06.05.2013 (2)Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ և լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ։

Օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում  Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար և կարևորեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: