Գարնանային Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու

2Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ:

Նիստը բացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները` Յու. Խաչատուրովն անդրադարձել է գրանցված հաջողություններին և թերացումներին, ուղենշել 2013թ. գարնանային զորակոչի անելիքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և մյուս գերատեսչությունների, իրավապահ մարմինների, մարզային կառույցների հետ համագործակցությունը:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետը ներկայացրել է նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները` ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում կարևորել է պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև մարզային հանձնաժողովների հետ համագործակցությունը և նշել, որ աշխատանքներ են տարվում օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված  հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Սեյրան Օհանյանի խոսքերով` գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու. «Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալիրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սեյրան Օհանյանը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել և ուղենշել հետագա անելիքները:

Հանձնաժողովի նիստում նշվել են լավագույնները, ինչպես նաև թերացողները: Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին

Handipum- Hermine Naxdalyan-1Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին:

2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաեւ կին պատգամավորների հետ համագործակցությամբ եւ նախատեսում են հանդիպումների ու քննարկումների շարք նրանց հետ: Շոն ՄակՆելիի համոզմամբ՝ արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ՝ երեխաներին, ընտանիքին, կանանց վերաբերող: Նրա բնորոշմամբ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են եւ չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, գաղափարին աջակցելու եւ իր փորձն ի նպաստ բերելու պատրաստակամություն հայտնեց: Մինչ համագործակցության ձեւաչափը եւ հնարավոր ուղղությունները համաձայնեցնելը՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց 1995 թ. ի վեր կանանց համախմբելու ջանքերն ու արդյունքները: Տկն. Նաղդալյանը 1995 թ.-ից է խորհրդարանի անդամ, որտեղ ներկայացված էր կանանց առանձին կուսակցություն: Այդ պատկերն ու փորձը, Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, օգտակար կլինեն նոր նախաձեռնությունը հաջողելու համար: Թեեւ կանայք հիմնականում պատգամավոր են ընտրվում համամասնական ընտրակարգով, հետեւաբար առաջնորդվում քաղաքական կամ կուսակցական սկզբունքներով՝ խորհրդարանի փոխնախագահը հնարավոր համարեց նրանց համախմբումը համամարդկային արժեքների ու օրակարգի շուրջ: Հատկապես, որ այս խորհրդարանում նման նախադեպ կա, երբ քննարկվում էր կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքներ ապահովող օրենքի նախագիծը:

Աջակցման ծրագրի հրավիրած փորձագետն ուսումնասիրել է քաղաքական եւ այլ կառույցներում կանանց ներգրավվածության խնդիրը: ԱԺ փոխնախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ինչպես այդ արդյունքների հրապարակումը, այնպես էլ քննարկումներ օրենսդրի 14 կին պատգամավորների հետ: Տկն. Նաղդալյանը նշեց, որ քաղաքական ու հասարակական ոլորտներում կանանց մասնակցությունը վաղուց է իր ուշադրության առանցքում: Բացի այդ նա կարեւոր ու օգտակար համարեց կանանց ակտիվությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ կին տնտեսավարողների մասնակցությունը փոքր եւ միջին բիզնեսի աջակցության պետական ծրագրում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:

Աժ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գործունեությունն ուղղված կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հզորացմանը եւ իր նպաստը կունենա պետականության ամրապնդման գործում:

 

Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը

margaryanԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է  Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:  Հաշվի առնելով վարչական  շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝  Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի  պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցի  հարակից  տարածքում: Դավիթ  Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման  գործում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը,  շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2012թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։