Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթել է «Մեդիկուսը»

DSC_7293Մայիսի 10-11-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցանակները տրամադրել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Ինտելեկտուալ առաջնությունը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Քո խաղը», «Էրուդիտ սեկստետ» մրցափուլերից։ Մասնակցում էին ուսանողական թիմեր և դպրոցական այն թիմերը, որոնք վերջին առաջնության ժամանակ զբաղեցրել էին բարձր տեղեր։ Ընդհանուր առմամբ ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 14 թիմ՝ Երևանից և Գյումրիից։

2014թ. ինտելեկտուալ խաղերի երիտասարդական առաջնության գավաթը նվաճեց «Մեդիկուս» թիմը, որն առաջին տեղեր էր գրավել գրեթե բոլոր խաղերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում լավագույնը «Մեդիկուսն» էր, երկրորդ տեղում «Բրեյն քիլլերսն» էր, երրորդում՝ «Անոնիմուսը»։

«Բրեյն ռինգ» խաղում հաղթանակը շնորհվեց «Մեդիկուսին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բլեք սթար» թիմը, իսկ երրորդը՝ IKM թիմը։

«Էրուդիտ սեկստետ» խաղում հաղթանակը շնորհվեց «Բրեյն քիլլերս» թիմին, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Մեդիկուս» և «Անոնիմուս» թիմերը։

«Քո խաղը» մրցափուլում լավագույնը «Մեդիկուսի», այնուհետև՝ «Բլեք Սթարի» և IKM-ի ներկայացուցիչներն էին։

«Մեդիկուս» թիմի ավագ Արամ Ղուլիջանյանը նշեց, որ ինտելեկտուալ դաշտում հաղթանակները թիմի մի քանի տարվա քրտնաջան պարապմունքների, համատեղ խաղալու փորձի արդյունքն է։

Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, խոսելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի տարածվածության մասին, նշեց, որ այն կենտրոնացված է հիմնականում Երևանում և Գյումրիում, քանի որ այդտեղ գործում են ինտելեկտուալ ամենահին ակումբները։ Սակայն Գիտակների հայկական ասոցիացիան բավականին ակտիվորեն անցել է ինտելեկտուալ խաղերի հայերենացմանը։ «Ռուսալեզուների հատվածը կրճատվում է, սակայն ինտելեկտուալ շարժման բուն նպատակը կարդացող, դեպի գիտելիք ձգտող երեխաներին համախմբելն է։ Առաջիկայում նախատեսում ենք ինտելեկտուալ ճամբար կազմակերպել Քաշաթաղում։ Ուզում ենք, որ ինտելեկտուալ շարժումն ավելի լայն ընդգրկում ունենա, իսկ դրա միակ լուծումն ակտիվորեն հայալեզու դաշտ մտնելն է։ Մենք փորձելու ենք այս տարի բոլոր մարզերում դպրոցական առաջնություններ կազմակերպել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթած թիմը կմասնակցի 2014թ. վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Երիտասարդները` «Հայրենիքիս կանչով»

01Ապրիլի 19-21-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքիս կանչով» ծրագիրը:

Եռօրյա այս սեմինար-քննարկմանը մասնակցեցին ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի 50 ուսանողներ։ Ծրագիրը ներառում էր հայրենասիրական թեմաներով դասախոսությունների շարք, որոնք զուգակցվում էին քննարկումներով: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան նաև ֆիլմերի դիտումներ և խմբային քննարկումներ:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը, խոսելով նման ծրագրերի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության մասին, նշեց. «Իրականում երիտասարդների առաջարկով և ցանկությամբ ենք որոշել իրականացնել այս ծրագիրը: Դասախոսությունների, քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ կարող ենք փաստել՝ ունենք հրաշալի երիտասարդություն, մտահոգված հայրենիքի, պետության և բանակի խնդիրներով»: Արմինե Բարսեղյանի փոխանցմամբ` ծրագրի նպատակն էր նպաստել ուսանողության հայրենասիրական դաստիարակությանը, նրանց մեջ սերմանել սեր դեպի ազգային տարրեր, ուստի բանախոսները դասախոսությունները կառուցել էին Հայոց բանակի, պատմական իրադարձությունների, պետության ներքին և արտաքին քաղաքականության տեղեկատվության հիման վրա:

Այն մասին, արդյոք բավարա՞ր են երիտասարդների գիտելիքները նշված հարցերի վերաբերյալ, Արմինե Բարսեղյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Միայն այն, որ 50 երիտասարդ մեկ հարկի տակ համախմբված քննարկում է իր հասարակության, պետության, բանակի ներկայիս և ապագա անելիքները, և գլխավոր դերում տեսնում է իրեն՝ կարծում եմ սա արդեն կարևորագույն արդյունք է: Նմանատիպ ծրագրերը կարևոր են, լինելու են շարունակական»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր

DSC_3765Մարտի 11-ին պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը լինելու է շարունակական։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ ուսանողական ինքնակառավարման լավ ձև է։ Ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում եք ում տալ կրթաթոշակ, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարներն ում են հասնում, ինչը խթան է լավ սովորելու»,- նշեց վարչապետը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսամն վարձ վճարել, չպետք է դուրս մնան համակարգից, և կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ ուսման վարձի փոխհատուցման մրցույթը իրականացվում է առավելագույն թափանցիկության պայմաններում։ «Չնայած կան որոշ մարդիկ, ովքեր փնտրում են սև ու մութ կետեր այս մրցույթում, սակայն պետք է ասեմ, որ սև ու մութ կետեր չկան, և իզուր ժամանակ ու էներգիա թող չծախսեն։ Նախորդ 3 տարիներին մենք այս ծրագրի շրջանակներում արդեն 2150 ուսանողի ֆինանսավորել ենք, ևս 780-ն այսօր ստացան կրթաթոշակի հավաստագրեր։ Ծրագրի շարունակականությունն ապացուցում է, որ ուսանողներն ու կառավարությունը մեզ վստահում են, և մենք կարողանում ենք համապատասխան գումարը ճիշտ հասցեատիրոջը հասցնել։ Կրթաթոշակ ստանալու չափորոշիչները շատ հստակ են. բոլոր անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, ստանում են ուսման վարձի փոխհատուցում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով այս ծրագրի հնչեղությունը՝ հավաստագրերի հանձնման արարողությանը հրավիրվել են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Կարեն Ավագյանը նաև խորհուրդ տվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությամբ խիստ հետաքրքրված ու մտահոգ մարդկանց նույն մտահոգությունն ու հետևողականությունը ցուցաբերել բոլոր հիմնադրամների նկատմամբ, որոնք ուսման վարձեր են փոխհատուցում կամ բարեգործություն են անում։

Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է մոտ 1500 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Մասնավորապես, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից դիմել է 259 առաջին կուրսեցի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ 239, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից՝ 79, Գավառի պետական համալսարանից՝ 23, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից՝ 9 և այլն։ Մարզերում գործող բուհերից ընդհանուր առմամբ դիմել է 217 առաջին կուրսեցի։ Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամը, բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։

Կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողների անունները հրապարակված են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքում։

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են քաղաքական կառավարման ու կուսակցական ռազմավարության սկզբունքներին

1797548_310434565748172_1830337282_nՄարտի 7-9-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Քաղաքական կառավարում և կուսակցական ռազմավարություն» խորագրով ծրագիր: Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդ ՀՀԿ-ական Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից:

Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին էին ներկայացնում հմուտ փորձագետներ: Ծրագրի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն էին քաղաքական և կուսակցական կառավարում, քաղաքական PR, իմիջմեյքինգ, կուսակցական ռազմավարություն, կուսակցության կողմից քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը ԶԼՄ-ների հետ աշխատանքում, ճարտասանության հիմունքներ և այլն:

ԵՊՀ սոցիալոգիայի ֆակուլտետի դասախոս Նվարդ Մելքոնյանն ընդգծեց, որ շատ վաղուց է աշխատում հանրապետականների հետ և ամեն անգամ զարմանում է, թե որքան լավ, հետաքրքրասեր, հետաքրքրված, սովորելու հանդեպ պատրաստակամ և բաց են երիտասարդ ՀՀԿ-ականները: «Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ոչ միայն կուսակցության զարգացման, այլ նաև երիտասարդների շարունակական կրթության համար»,-նշեց տիկին Մելքոնյանը:

ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Նարեկ Գալստյանը կարևորում է նման միջոցառումների իրականացումը, քանի որ Հայաստանում կուսակցական դպրոցների գաղափարը դեռևս զարգացած չէ, և կուսակցությունները չունեն իրենց ներքին դպրոցները.  «Չափազանց կարևոր եմ համարում այս ծրագրերը կուսակցության կադրային ներուժի ճիշտ գնահատելու, նրանց մոտ մասնագիտական տեսական և գործնական հմտություններ զարգացնելու և հետագայում այդ վերապատրաստված կադրերին կուսակցական համապատասխան աշխատանքի նշանակելու տեսանկյունից»:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձր գնահատեց քաղաքական ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը: «Ժամանակակից քաղաքական գործունեության ընթացքում ցանկացած կազմակերպության մեջ վերապատրաստման, նոր գիտելիքների ձեռքբերման գործընթացը ռազմավարական պահանջ է: Ես ուրախ եմ իմ անձնական փորձն ու գիտելիքը ներկայացնել երիտասարդ սերնդին, որոնք կօգտագործվեն ի նպաստ մեր երկրի: Տարիների ընթացքում այդ փորձը կուտակվելով՝ կդառնա մի պաշար, որ կփոխանցվի հետագա սերունդներին ևս»,- նշեց պարոն Շահգելդյանը:

Երիտասարդ հանրապետականները հանդիպեցին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի և Կառավարման ակադեմիայի պատմության ֆակուլտետի դասախոս Գոհար Իսկանդարյանի հետ, ովքեր դասախոսություններ և գործնական աշխատանքներ անցկացրին։ Եղավ ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Տիկին Ավետիսյանը բարձր գնահատեց այն աշխատանքը, որն տարվում է նոր սերնդի կուսակցականների հետ, քանի որ անընդհատ կրթման գործընթաց է տեղի ունենում. «Մենք պետք է դաշտ ստեղծենք երիտասարդների համար՝ նրանց տալով հնարավորություն  և գիտելիք, որի օգնությամբ նրանց մուտք կգործեն քաղաքական ասպարեզ և իրենց ունեցած պաշարը ի նպաստ դնեն մեր հասարակության և երկրի զարգացմանը»:
Գոհար Իսկանդարյանը ողջունեց նման ծրագրերի գաղափարը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են  երիտասարդների զարգացմանն ու նպատակների հստակեցմանը:

Մասնակիցները  արժևորում են նման ծրագրերը իրենց մասնագիտական զարգացման գործում և հույս հայտնում, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

բատիկաՎայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։

Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։

ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

 

Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

3Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։ Ըստ նրա՝ մասնակիցները կարող են իրենց ուժերը փորձել և նոր մտքեր առաջարկել մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ծրագրերի ոլորտում: Պետք է ներկայացնել նոր ծրագիր, որը կնպաստի երիտասարդ մարքեթոլոգների մասնագիտական առաջընթացին, հնարավորություն կտա նրանց տեսանելի լինել գործատուների շրջանում: Ներկայացվելիք ծրագիրը կարող է լինել կոնֆերանսի, մասնագիտական խաղի, վարպետության դասերի շարքի կամ այլ՝ բոլորովին նոր ձևաչափով: Լավագույն ծրագիր ներկայացրած երիտասարդը կստանա 100000 դրամ գումարային պարգև, բացի այդ, կլինեն այլ անակնկալներ տարբեր ֆիրմաների կողմից:

Մասնակցության ցանկություն հայտնած երիտասարդներն ունեն ընդամենը երկու շաբաթ՝ իրենց ստեղծարար գաղափարներն իմի բերելու համար։ Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա «Salvador Fest»-ի երկրորդ փուլը, որի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կանցկացվեն վարպետության դասեր, և կքննարկվեն երիտասարդների ներկայացրած ծրագրերը։

«Salvador Fest»-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն