Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

10399_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային:
Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը:
Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին:
Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին:

Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Դեսպան Սեյրանյանը դասախոսություն է կարդացել Բռնոյի Տոմաշ Մասարիկի անվան համալսարանում

336.Ambassador Seiranian's visit  to Masaryk University 16.05.2013Մայիսի 14-ին Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը եւ Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը  հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 43,000 ուսանող:

Դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: «Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան եւ Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», – նշեց հայ դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին

3020Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության ընթացքում Դատական կատարողների միջազգային միությունը պատկառելի փորձ և գիտելիք է կուտակել՝ Սերժ Սարգսյանը կարևորել է փորձի փոխանակումն ու միության ջանքերը՝ մասնագիտական վերապատրաստումներին աջակցելու գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավական, հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում, ուստի հետաքրքրված է նաև Դատական կատարողների միջազգային միության աշխատանքով՝ ուղղված հարկադիր կատարման համակարգում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և միության աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նշելով, որ իր դիտարկմամբ ՀՀ ԴԱՀԿ-ը գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն որոշակի հաջողությունների է հասել, Լեո Նետենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ծառայության հետ և հնարավորինս օժանդակելու բոլոր այն մասնագիտական հարցերում, որի կարիքը կունենա ՀՀ ԴԱՀԿ-ը:

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Արման ԿիրակոսյանՄայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները եւ դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են եւ չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների ետքաշումը եւ զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներին

Minister Nalbandian meets Parliamentary friendship group members 15.05.2013Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները:

Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը կմասնակցի ԵԽ կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին, որի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ:

 

Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

2892Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին

Handipum- Hermine Naxdalyan-1Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին:

2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաեւ կին պատգամավորների հետ համագործակցությամբ եւ նախատեսում են հանդիպումների ու քննարկումների շարք նրանց հետ: Շոն ՄակՆելիի համոզմամբ՝ արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ՝ երեխաներին, ընտանիքին, կանանց վերաբերող: Նրա բնորոշմամբ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են եւ չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, գաղափարին աջակցելու եւ իր փորձն ի նպաստ բերելու պատրաստակամություն հայտնեց: Մինչ համագործակցության ձեւաչափը եւ հնարավոր ուղղությունները համաձայնեցնելը՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց 1995 թ. ի վեր կանանց համախմբելու ջանքերն ու արդյունքները: Տկն. Նաղդալյանը 1995 թ.-ից է խորհրդարանի անդամ, որտեղ ներկայացված էր կանանց առանձին կուսակցություն: Այդ պատկերն ու փորձը, Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, օգտակար կլինեն նոր նախաձեռնությունը հաջողելու համար: Թեեւ կանայք հիմնականում պատգամավոր են ընտրվում համամասնական ընտրակարգով, հետեւաբար առաջնորդվում քաղաքական կամ կուսակցական սկզբունքներով՝ խորհրդարանի փոխնախագահը հնարավոր համարեց նրանց համախմբումը համամարդկային արժեքների ու օրակարգի շուրջ: Հատկապես, որ այս խորհրդարանում նման նախադեպ կա, երբ քննարկվում էր կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքներ ապահովող օրենքի նախագիծը:

Աջակցման ծրագրի հրավիրած փորձագետն ուսումնասիրել է քաղաքական եւ այլ կառույցներում կանանց ներգրավվածության խնդիրը: ԱԺ փոխնախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ինչպես այդ արդյունքների հրապարակումը, այնպես էլ քննարկումներ օրենսդրի 14 կին պատգամավորների հետ: Տկն. Նաղդալյանը նշեց, որ քաղաքական ու հասարակական ոլորտներում կանանց մասնակցությունը վաղուց է իր ուշադրության առանցքում: Բացի այդ նա կարեւոր ու օգտակար համարեց կանանց ակտիվությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ կին տնտեսավարողների մասնակցությունը փոքր եւ միջին բիզնեսի աջակցության պետական ծրագրում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:

Աժ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գործունեությունն ուղղված կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հզորացմանը եւ իր նպաստը կունենա պետականության ամրապնդման գործում: