Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանը

3041Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձևավորված հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջև ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար:

Հանրապետության Նախագահը և ԱՄԷ դեսպանը կարևորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դիվանագիտական շփումների ակտիվացման կարևորությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին

3020Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության ընթացքում Դատական կատարողների միջազգային միությունը պատկառելի փորձ և գիտելիք է կուտակել՝ Սերժ Սարգսյանը կարևորել է փորձի փոխանակումն ու միության ջանքերը՝ մասնագիտական վերապատրաստումներին աջակցելու գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավական, հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում, ուստի հետաքրքրված է նաև Դատական կատարողների միջազգային միության աշխատանքով՝ ուղղված հարկադիր կատարման համակարգում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և միության աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նշելով, որ իր դիտարկմամբ ՀՀ ԴԱՀԿ-ը գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն որոշակի հաջողությունների է հասել, Լեո Նետենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ծառայության հետ և հնարավորինս օժանդակելու բոլոր այն մասնագիտական հարցերում, որի կարիքը կունենա ՀՀ ԴԱՀԿ-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

2938Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Դեսպան Միխելսոնը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:

Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին

2933Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. «Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»,- ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը:

Թուրքմենիայի նախագահն ընկել է ձիուց

konԹուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկել է ձիուց արշավի ժամանակ,հայտնում են ԶԼՄ-ները: Դեպքը կատարվել է ապրիլի 28-ին,սակայն իշխանությունները փորձում էին այդ տեղեկությունը թաքցնել:

Բերդիմուհամեդովը մասնակցում էր ձիարշավին ու եզրագծի մոտ թամբից ընկել է, որովհետև ձին է  սայթաքել: Երկրի ղեկավարին մրցույթից տարել են  շտապօգնության մեքենայով: Կես ժամ տրիբունայում լռություն է տիրել, ոմանք նույնիսկ լաց են եղել: Լրագրողներին խնդրել են ոչինչ  չհայտնել ու ոչնչացնել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:

40 րոպեից պետության ղեկավարը կրկին ներկայացել է, ու  ժողովուրդն իր նախագահին դիմավորել է ծափահարություններով:

 

Պարագվայի նախագահն իր աշխատավարձը կբաժանի աղքատներին

i (3)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից:

Կարտեսը մտադիր է այն տրամադրել անօթևան մանուկներին ու անբուժելի հիվանդներին: Նրա խոսքով, ինքն “ավելի երջանիկ կլինի”,եթե այդ փողը հասնի այն մարդկանց, ովքեր դրա “կարիքն իրոք ունեն”:

Աջցենտրիստական “Կոլորադո” կուսակցության ներկայացուցիչ Կարտեսը Պարագվայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին: Նա հավաքել է ձայների 45,8%-ը`  9%-ով առաջ անցնելով կառավարող կուսակցության թեկնածու Էֆրաինա Ալեգրեից:

56-ամյա Կարտեսի ինաուգուրացիան տեղի կունենա օգոստոսի կեսերին: Կարտեսը համարվում է ամենահարուստ պարագվայցիներից մեկը.նա 25 խոշոր ընկերություն ունի, որոնք կապված են ծխախոտի, ըմպելիքների ու սննդամթերքի արտադրության հետ:

Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայում քիմիական զենքի խնդիրը

iԲարաք Օբաման  և Վլադիմիր Պուտինը  հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը:

ԱՄՆ նախագահն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականության մասին: Նա նշել է, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով:

Էվո Մորալեսին թույլատրել են 3-րդ անգամ դառնալ Բոլիվիայի նախագահ

o_757998Երկուշաբթի Բոլիվիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի նախագահ Էվո Մորալեսին վերընտրվել 3-րդ ժամկետ, չնայած   2009-ի փետրվարից գործող օրենքի համաձայն, թույլատրված է ընդամենը մեկ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում:

Ինչպես հայտնում է  ИТАР-ТАСС-ը, դատարանն այն եզրահանգման է եկել, որ Էվո Մորալեսի նախագահական առաջին մանդատը հաշվի մեջ չէ, քանի որ այն ժամանակ Բոլիվիայում այլ օրենք էր գործում: “Նախագահական ժամկետը հաշվարկվում է  նոր սահմանադրության ընդունման պահից”,- բացատրել են Սահմանադրական դատարանից: Կառավարող “Ընթացք դեպի սոցիալիզմ” կուսակցությունն արդեն առաջադրել է Էվո Մորալեսի թեկնածությունը որպես պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու 2014-ի ընտրությունների համար:

Էվո Մորալեսն իշխանության է եկել հաղթանակելով 2005-ի նախագահական ընտրություններում: Հետո նա 2009-ին վերընտրվեց: 2014-ին հաղթանակ տանելու դեպքում  նա պետական բարձրագույն պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ:

Ձերբակալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահը

Ժիվկո ԲուդիմիրըԲոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով, հայտնել է Agence France-Presse-ը ապրիլի 28-ին: Նրա և ևս 18 մարդու ձերբակալությունը խոշորամասշտաբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունք է, որն անց է կացվել երկրի իրավապահ մարմինների կողմից:

Գերագույն դատախազության ներկայացուցիչների խոսքով, ձերբակալվածները կասկածվում են “պաշտոնեական իրավասությունների չարաշահման, հանցագործությունների կազմակերպմանն ու թմրավաճառությանը մասնակցության, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ”: Տեղի BHR 1 ռադիոկայանի տվյալներով,  Բուդիմիրին կասկածում են բատարկյալներին ներում շնորհելու դիմաց կաշառք վերցնելու մեջ: Ձերբակալվել է նաև  նրա խորհրդականներից մեկն ու ներում շնորհող հանձնաժողովի տարածաշրջանային ղեկավարը:

Ժիվկո Բուդիմիրը   Բոսնիայի ու Հերցեգովինայի ֆեդերացիայի նախագահ էր դարձել 2011-ին երկրում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում:

Բոսնիայի ու Հերցեգովինայի Դաշնությունը Սերբական հանրապետության հետ ձևավորում են Բոսնիա-Հերցեգովինան:Միավորներից յուրաքանչյուրն իր նախագահն ունի, կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը և պետական մյուս կառույցները: