Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

Տիգրան սարգսյան, աշոտյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում և լսարաններում, զրուցել ուսանողների հետ:

 Անկախ

Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը

լեյդենՆիդեռլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի  ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում  հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմն առաջարկել է համագործակցային բազմաշերտ ծրագիր՝ հայագիտության բնագավառում Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով: Կողմերը քննարկել են նաև  Լեյդենի համալսարանի և Երևանի պետական և պետական բժշկական համալսարանների միջև համագործակցային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝  բժշկակենսաբանություն, աստղագիտություն, հիմնարար գիտություններ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:
Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարնեի հետ և քննարկել Հայաստանում քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի շարունակականության ապահովման խնդիրները՝ ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում:
Հանդիպումներին  մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Բարձր է գնահատվել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները

կգն2Աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության  կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկատվություն` Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին  Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական կրթական տարածքի մարտահրավերների մասին: Այդ համատեքստում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը,  մասնավորապես, կարևորվել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ գիտակրթական ծրագրերին երկու երկրների բուհերի համատեղ մասնակցությունը:
Հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի եզակի փորձը՝ տարրական դպրոցի պարտադիր կրթական ծրագրերում “Շախմատ” առարկայի ներառման վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շեշտվել է, որ Հայաստանը և   Նիդեռլանդները ոչ միայն շախմատային ավանդույթներ և հզոր պոտենցիալ ունեցող, այլև կրթական համակարգի զարգացմանը միտված նորարարական կրթական ծրագրեր իրականացնող երկրներ են:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը Յեթ Բուսեմակերի  ուշադրությունը հրավիրել է Նիդեռլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրների վրա՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցման հետ կապված:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան:

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն

հայ-հոլանդական հարաբերություններՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության  կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ  կապված հարցեր:
Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում “Միջազգային բակալավրիատ” /ՄԲ/ կազմակերպության ղեկավարության հետ:

Ուսանողների կարծիքները՝ կրթական քաղաքականության մշակման հիմքում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել “Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին”  ուսումնասիրության շնորհանդեսը: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հետազոտությունը նպատակ  է ունեցել՝  գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում, ինչպես նաև պարզել, թե ուսանողությունը  ինչպես է ընկալում բոլոնյան գործընթացի  բաղադրիչները: <<Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից մենք շատ ենք կարևորում բոլոր շահառուների կարծիքները. հատկապես ուսանողների կարծիքները մեզ համար հետադարձ կապի լավագույն միջոցն են: Ուսումնասիրության արդյունքները հիմք են ծառայելու և հաշվի են առնվելու  հետագա կրթական քաղաքականության մշակման համար: Ուսանողների գնահատականներն ու կարծիքները, որոնք տեղ են գտել  հետազոտության մեջ համարում եմ բավական օբյեկտիվ: Թեև կա որոշակի վերապահում կրթության ոլորտի բարեփոխումների նկատմամաբ, ինչը համարում եմ բնական, սակայն ակնհայտ է նաև նրանց ցանկությունը՝ դառնալու կրթական քաղաքականության և ծրագրերի շարժիչ ուժն ու բաղկացուցիչ մասը: Այս իմաստով ներկայացվող հետազոտությունը, որը ներառում է կրթության ակադեմիական իրավիճակի գնահատականը,  մեզ համար ունի ախտորոշիչ նշանակություն”,- բացման խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ կատարված ուսումնասիրության երկրորդ հատվածը, որը վերաբերում է ուսանողների սոցիալական իրավունքներին ու խնդիրներին, կներկայացվի առաջիկայում:
Ներկայացված գնահատականներից ԿԳ նախարարը դրական ցուցիչ է համարել այն, որ շատ ուսանողներ մագիստրատուրայում ուսանելը  դիտել են կարևոր հանգամանք և այն գնահատել բակալավրիատից տարբերվող կրթական ծրագիր. “Մի քանի տարի առաջ կար ընկալում, թե մագիստրատուրան ավելորդ է: Շատ կարևոր եմ համարում նաև ուսանողների պատրաստակամությունը ներգրավվելու բուհի կառավարմանը, հատկապես բուհական բյուջեի ծախսերի թափանցիկությունն ապահավելու հարցում: Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը, որը փաստվել է մի քանի այլ հետազոտություններով նույնպես: Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը: Ներկայացված արդյունքները գոհացուցիչ եմ համարում հատկապես այն, որ բուհերում շատ վիճահարույց և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ռոտացիոն համակարգը, որը ապահովում է ուսանողների տեղափոխությունը վճարովիից անվճար և հակառակ ուղղությամբ, բավական բարձր դրական գնահատականի է արժանացել՝ 80 տոկոսից ավելին համակարգն արդյունավետ է  գանահատել:Իհարկե կան նաև խնդիրներ, բայց սա վկայում է, որ համակարգի ներդնումն արդարացված է”,- նշել է նախարարը:
Հետազոտությունն  իրականացվել է 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՆ պատվերով՝  “Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից: Ներկայացնելով արդյունքները՝ կենտրոնի վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ  հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ, ովքեր փաստել են, որ բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:
Բոլոնիայի գործընթացում ընդգրկվածության կարևոր նախապայման է դիտվել  օտար լեզվի իմացությունը, կրեդիտային համակարգի ներդնումը, ինչպես նաև ռոտացիոն համակարգի արդյունավետությունն ու ուսանողական շարժունությունը:
Հետազոտության արդյունքնեով՝  բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են “լավ” կամ “գերազանց”, իսկ անգլերենի դեպքում դա համապատասխանաբար` 36.6% և 50.9% է:
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից:
Բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից, իսկ կրեդիտային համակարգից տեղեկացվածությունը գնահատում են համապատասխանաբար` 73.4%  և  82.6%-ը:
Բակալավրիատի ուսանողների 69.0%-ը տեղյակ են, թե ինչ առարկաներ են ուսանելու հաջորդ կիսամյակում, իսկ 57.9%-ը` ուսման ամբողջ ընթացքում: Մագիստրատուրայում այդ ուսանողների քանակը համապատասխանաբար` 59.1% և 55.1% է: Այդ ուսանողները սկզբունքորեն ունակ են մասնակցել իրենց անհատական ուսուցողական ծրագրերի կազմավորմանը, որը Բոլոնիայի գործընթացի բաղադրիչ է:
Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:
Ինչ վերաբերում է ռոտացիոն համակարգին. համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը “լիովին արդարացի է” կամ “ավելի շուտ արդարացի է”:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակ¬ցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները,  31.1%-ի կարծիքով` արտասահմանում ուսման մասին տեղեկությունների պակասը Հայաստանում, 25.6%-ի կարծիքով`  անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և լրացման դժվարությունները, 23.1%-ի՝ կարծիքով ընթացակարգերի երկար տևողությունը, 21.1%-ի կարծիքով` իրենց նախընտրած դասընթացների բացակայությունը:
Նշվում է նաև, որ բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, քանի որ մոտակա 10 տարիների ընթացքում նվազելու է բուհական տարիքի երիտասարդների քանակը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի քանակը չի կրճատվում և առկա է ինֆլյացիա: Այդ կոնֆլիկտները կոնստրուկտիվ հունով կարգավորելու համար առաջարկվում է թափանցիկ և ընկալելի դարձնել բուհերի բյուջեները: Այդ դրույթի հետ համաձայն են ուսանողների 47.2%-ը, հատկապես նրանք, ում համար դժվար է ուսման վարձի վճարումը:

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

համագործակցությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային:
Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:
Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի համագործակցության, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:Այդ նպատակով նախարարի նախաձեռնությամբ հիմնադրամի պատասխանատուները հանդիպումներ կունենան նաև  Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ և կքննարկեն ըստ ուղղությունների համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունության ապահովմանը միտված նախաձեռնություններ:
Վիշեգրադյան գործընթացում ներգրավված երկրներն են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:

 

« «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական». Աշոտ Բլեյան

բլեյան«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ այսուհետ պետական ծրագրերով արտերկրում ուսանելու մեկնող անձանց տարկետման իրավունք տրվելու է Կառավարության կողմից՝ համապատասխան գրավի դիմաց:

ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ ձևով իրենք փորձում են փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ կխուսափեն ծառայությունից:

«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Նա, ով ընտրում է պետության կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր է հաշվի նստել պետության հետ: Նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, այն է` սովորելու մեկնեն նրանք, ում համար առաջնահերթությունը կրթությունն է»,- ասաց Տիգրան Սահակյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանն էլ նկատեց, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ հարցը չի լուծվում, ընդհակառակը, այդ օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորը «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Անդրադառնալով գրավի չափին` Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ 8.5 միլիոն դրամը ողջամիտ չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ 8,5 մլն դրամ գույքային գրավը վերաբերում է միայն միջկառավարական համաձայնագրերով արտասահման ուսման մեկնող ուսանողներին։

Հանրային նշանակության հարցեր` ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում

կՏեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի արդյունավետ գործունեություն է ծավալելու` քննարկելով հանրային նշանակության մի շարք խնդիրներ: Անդրադառնալով առաջին հարցին` Արմեն Աշոտյանը նշել է, որ փաստաթուղթը ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմը մշակել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, որի կապակցությամբ մի շարք աշխատանքներ արդեն կատարվել են: “Թեման արդիական է` և’ բովանդակային, և’ կառավարչական իմաստով: Կարևորելով վերոնշյալ հարցը` գիտության հետագա զարգացման և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից, ակնկալում եմ բուռն քննարկում”,-նշել է Ա. Աշոտյանը: Հիմնական զեկուցող` Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում նշել է, որ թեման, իրոք, խիստ արդիական է. մի շարք երկրներում բազային ֆինանսավարումը կատարվում է համապատասխան վարկանիշներով:  Ս. Հարությունյանը ներկայացրել է փաստաթղթի իրավական հիմքերը, բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները, մասնավորապես, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի/նախագծերի  իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման ծրագրերի դեպքերում:  Գիտպետկոմի նախագահը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման մեթոդաբանությունը, որը  սահմանում է գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները և դրանց հաշվարկման կարգը` ընդգծելով գիտական հետազոտությունների արդյունավետությունը /1 գիտական աշխատողի հաշվարկով` նախորդ 5 տարիների կտրվածքով/, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, հանրապետական գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, գիտական արդյունքի առևտրայնացման մակարդակը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը: Զեկույցի վերջում Ս. Հարությունյանը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման չափորոշիչները և ԳԱՑ-ի գնահատման հիման վրա գիտական կազմակերպությունների ընդգրկման կատեգորիաները: Զեկույցի ավարտին բանախոսը պատասխանել է կոլեգիայի անդամների հարցերին: Օրինակ, նախարարին հետաքրքրում էր գիտության ոլորտում մեթոդաբանության մշակման խնդիրը, մասնավորապես,  թե վարկանիշավորումն ինչպիսի ֆինանսական ազդեցություն է ունենալու գիտական հիմնարկների վրա` կարևորելով վստահությունը մեթոդաբանության հանդեպ և վարկանիշավորումը հանրային կառույցի պատվիրակելու պատրաստակամությունը: ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը ներկայացրել են փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Կոլեգիայի նիստի երկրորդ` “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում” հարցը ներկայացրել է տեսչության պետ Ա. Կարապետյանը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերի ավագ  դպրոցների, ինչպես նաև ՀՀ 146 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը: Աժ պատգամավոր Ռ. Մուրադյանն իր դիտարկումներն է ներկայացրել հաշվետվության վերաբերյալ` ընդգծելով, որ անհրաժեշտ է “կրթության որակին” տալ իրավական սահմանում: Բացի այդ, նա անդրադարձել է նաև մանկավարժների համակարգչային հմտությունների խնդրին: Կոլեգիայի անդամներին հետաքրքրել է նաև մանկավաժական ստաժի և աշխատանքի արդյունավետության հարաբերակցության, մեթոդաբանության, տարակարգ ունեցող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ 2011 թվականից ի վեր, ինչ ԿՏՊ-ն իրականացնում է ուսումնասիրություններ դպրոցներում, տարիների ընթացքում կուտակված մի շարք խախտումներ, մասնավորապես, վեց տարեկան երեխաների ընդունում, անօրինական փոխադրումներ, ռուսական դասարաններում անօրինական պահում, ընդհանրապես վերացել են: Ծավալվել է բուռն քննարկում` ներկայացված կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մեթոդաբանության շուրջ: Նախարար Ա. Աշոտյանը, ամփոփելով քննարկումները, նշել է, որ ԿՏՊ-ն նման լայնածավալ ուսումնասիրություն կատարում է առաջին անգամ, ուստի բնական էր` կոլեգիայի նիստին նման բուռն քննարկումը:
Նիստի ավարտին կոլեգիան կայացրել է համապատասխան որոշում:

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում. ԿԳ նախարար

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլի անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման խնդրին` շարունակելով ավելի վաղ կատարած գրառումը: Աշոտյանը գրում է. «Եվ այսպես, հասնում եմ դպրոցների դրույքներին, աշխատողներին և ֆինանսավորմանը վերաբերող գրառումաշարիս վերջին մասին:

Ինչպես արդեն նկատեցիք, դպրոցներում շատ ավելի մարդ է աշխատում, քան դրույքների թիվն է, իսկ ընթացող կրճատումների հիմնական մասը վերաբերում է վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերին:

Վերջինիս հետ կապված ևս մի ուշագրավ տվյալ հրապարակեմ : 2013 թվականի դրությամբ պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորվող 9 983 դրույքների վրա ձևակերպված էր և աշխատում էր մոտ 18 100 հոգի , այսինք գրեթե երկու անգամ ավել:

2014 թվականին այս անձնակազմի համար պետական բյուջեն լրացուցիչ 3 000 հաստիք ավելացրեց, ինչի արդյունքում ստացվում է հետևյալը` 18 100-12 747= 5 .353 դրույք, որոնք ենթակա են կրճատման:

Պարտավոր եմ նաև նշել, որ այս թվի մեջ մտած են ինչպես իրականում աշխատող մարդիկ, այնպես էլ , ըստ մամուլի, բազմաթիվ “մեռյալ հոգիներ”, որոնք եղել են ընդամենը ձևակերպված:

Ավելացնեմ նաև վարչական անձնակազմի և հաշվապահների հարցը, որոնց ծանրաբեռնվածությունը շատ փոքր դպրոցներում, մեղմ ասած, մեծ չէ: Ու նման դպրոցներում երկու կամ ավել փոխտնօրեն կամ լրիվ դրույքով հաշվապահ պահելու կարիք և հնարավորություն չկա:

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում:

Ճիշտ չէր այդքան արհեստականորեն փքել և մեծացնել հանրակրթական համակարգում աշխատողների թիվը` խորը խզում և անհամապատասխանություն առաջացնելով իրականության և ֆինանսավորման ծավալների միջև:

Գրառումս ցանկանում եմ եզրափակել, ընդգծելով հետևյալը:

Այն տեղերում, որտեղ ընթանում են կրճատումներ, այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս հիմնված արդարության և մասնագիտական կարողությունների ու որակների վրա:

Ինչպես համոզվեցիք այս ընթացքում, որոշակի կրճատումներ արդարացված են: Բայց դրանք պետք է լինեն նաև ԱՐԴԱՐ»:

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ

եխՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկունից:
ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության և  համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:  Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին և երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական և հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ. Արմեն Աշոտյանը` կրճատումների մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման և մանկավարժների  կրճատման խնդրին:

Նախարարը գրում է.«Ինչպես արդեն ասացի, այո, որոշ դպրոցներում ընթանում են կրճատումներ: Փորձենք միասին հասկանալ այդ կրճատումների հիմնական պատճառը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում:

Սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքի, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսնիքն` շուրջ 15 000 ավել:

Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ:

Դպրոցները ու մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև` կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսոցիչներ, կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով:

Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ:

Իդեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ»:

Արմեն Աշոտյանը պարզաբանում է դպրոցներում կրճատումների վերաբերյալ լուրերը

Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանումներ է տվել դպրոցներում իրականացվող կրճատումների մասին: Նա մասնավորապես գրել է.

“Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին)

Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ:

Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:

2014 թվականի պետական բյուջեով, ի համեմատ 2013-ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`

մանկավարժներ
2013 25 116 դրույք
2014 24 578 դրույք

հաշվապահներ
2013 1 232 դրույք
2014 1 159 դրույք

ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ
2013 9 983 դրույք
2014 12 747 դրույք

վարչական անձնակազմ
2013 3 812 դրույք
2014 2 765 դրույք

ԸՆԴԱՄԵՆԸ` 2013 40 143 դրույք
2014 41 249 դրույք

Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին:

Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում”,-գրել է նա:

 

Անկախ

Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »

կգնԿրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է  նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԿԳ նախարար   Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
“Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը”,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:

Անկախ

Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` “Սյունիք” իստիտուտը, Երևանի “Գլաձոր” համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, “Ազպաթ-վետերան” դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի “Մանց” համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու “Պրոգրես” համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում: Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել` “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքը, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքը,  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի  պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք   հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության  արդյունքների մասին տեղեկանքը:

Անկախ

Պարգևներ` ԿԳՆ աշխատակիցներին

պարգևներՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ  հետ համագործակցության շրջանակում:
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ “Գարեգին Նժդեհ” մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ “Վազգեն Սարգսյան ” մեդալով: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության “Ոսկե հուշամեդալի”, իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:

Անկախ

 

Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում

231760061391067406Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը: Նա անդրադարձ է կատարել նաև բուհական համակարգի մարտահրավերներին՝ մասնավորապես առանձնացնելով վրաց երիտասարդների շրջանում իրավագետի, տնտեսագետի և նմանատիպ այլ  մասնագիտությունների նկատմամբ մեծ հետաքրքրության խնդիրը:

Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները շահագրգիռ են, որպեսզի ընդլայնվեն երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև հորիզոնական կապերը, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների և դասախոսների շարժունության աստիճանի բարձրացմանը, այնպես էլ համատեղ միջազգային ծրագրերի իրականացմանը:

Անդրադառնալով հայագիտության խնդրին` նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի դրամաշնորհներ տրամադրել Վրաստանի բուհերի այն ուսանողներին, ովքեր նախընտրում են հայագիտական թեմաներով ուսումնասիրություններ իրականացնել:
Հայկական պատվիրակությունը հանդիպել են նաև Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ և վրացի ուսանողների հետ: Նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում և ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև Վրաստանի Սփյուռքի նախարար Կ. Սուրգուլաձեի հետ: Նա ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ վրացական կողմին հետաքրքիր է այն մեծ փորձը, որն ունի Հայաստանն այդ ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության ոլորտում Սփյուռքի հետ իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական և գաղթօջախների կարիքները բավարարելու համար տրամադրվող կրթաթոշակային, համահայկական օլմպիադաների կազմակերպման ծրագրերին:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության  համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման և գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաև Իլիայի համալսարանի ուսանողներին:

 

Անկախ

Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը

աշոտյան-սանիկիձեԹբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային: Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Շարվաշիձեն. իր խոսքում ներկայացնելով Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործընթացները. միաժամանակ ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, որի վառ ապացույցը կարելի համարել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. շնորհակալություն հայտնելով հրավերքի և ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է արտահայտել ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային կարգով վրացական կողմին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայկական կողմի կուտակած փորձի վերաբերյալ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես. նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում:

Անկախ

 

ԿԳ նախարարը պաշտոնական այցով Վրաստան կմեկնի

Արմեն-ԱշոտյանՎրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը: Նախատեսված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, Վրաստանում հայ համայնքի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Իվան Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, ինչպես նաև Իլյայի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարաններ, որտեղ հանդիպումներ կունենա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև հայ և վրացի ուսանողների հետ, հանդես կգա դասախոսությամբ: Այցի շրջանակներում ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ուսուցիչների վերապատրաստման Ազգաին կենտրոնում հանդիպում կունենա հայ ուսուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Իլյայի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև:

Անկախ

Բանակում չծառայած, բայց մեդալներով պարգևատրված պաշտոնյաները

12187233753_f9e10af702_nԱյսօր ՀՀ բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է: YerevanNeews.am-ն առանձնացրել է այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել բանակում, սակայն պարգևատրվել են, օրինակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և այլ նման մեդալներով: Այս ամենը տարօրինակ չէր թվա այն դեպքում , եթե Արցախյան պատերազմի բոլոր հերոսները նույնպես պարգևատրված լինեին նման մեդալներով, սակայն դա իրականում այդպես չէ: Վառ օրինակ է Դուշման Վարդանը, ով առաջին օրերից մասնակցել է պատերազմի, հակառակորդի կողմից վաստակել Դուշման մականունը, սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ –ի կողմից չի ստացել ազգային հերոսի կոչում: Վառ օրինակ է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, ով միայն պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Օտարերկրյա բուհերում սովորողների համար կսահմանվեն հավասար պայմաններ

նիստ-կգԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն: