«Ժառանգություն» կուսակցությանը փորձել են “վերբովկա “անել

«Ժառանգություն»Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:

 

Զրույցի ձայնագրությունը եւ սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում:

 

Նկատի ունենալով երեւույթի պետական եւ հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը.

 

-կարեւորելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը,

 

-հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը եւ քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական  գործողությունները,

 

-վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում,

 

-դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության եւ նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները:

 

Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի  գործողությունները եւ պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:

 

«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:

 

Երեւանի 61-ամյա բնակիչը մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու մեջ.Փաստինֆո

աածԵրևանի 61-ամյա բնակիչ Խաչիկի դեմ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան, հաղորդում է Փաստինֆոն:
Այսպես, ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։
Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։
Խաչիկը  նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ: Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաև հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով։
Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինայի տվյալները, որին չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով: 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է հոդված «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» վերնագրով։
Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խաչիկն ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև՝ հավաքել տեղեկատվություն Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։
Այս  առաջադրանքն ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Օմսկի մարզի ԱԱԾ կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Անկախ

10 փոփոխություն ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում

գորիկ, կարենՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները.

  1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը:
  2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ:
  3. Նախկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի  իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել:
  4. Ձերբակալվածների տեսակցությունները իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ:
  5. Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72-ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը:
  6. Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից:
  7. Զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան:
  8. Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում:
  9. Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված  մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը:

10.  Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:

 

Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից: Օմբուդսմենը կարևորում և  բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:

Ոստիկանության գնդապետ է ձերբակալվել Ադրբեջանին ինֆորմացիա վաճառելու մեղադրանքով

աած ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից Անկախին տեղեկացնում են, որ  ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՌ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Ֆեյսբուքի արգելափակման առեղծվածը

facebookԵրբ դեկտեմբերի 22-ին հայկական կայքերում, մասնավորապես finance.am-ում, լուր տարածվեց, թե ՀՀ իշխանությունների հրահանգով ԱԱԾ-ն (ազգային անվտանգության ծառայությունը) ամանորի տոներից հետո պատրաստվում է արգելափակել Facebook սոցիալական կայքը Հայաստանում, անհանգստության և մի տեսակ տագնապի ալիք բարձրացավ հատկապես լրագրողների շարքում: Նրանցից շատերը մի պահ պատկերացրեցին, թե ինչ կլինի, եթե արգելափակվի այդ կայքը. կդանդաղի լուրերի շրջանառությունը, կազդի համացանցի միջոցով վաճառող կազմակերպությունների բյուջեին և այլն, և այլն: Բայց, իհարկե, աշխարհի վերջը չի լինի, քանի որ հայերս տարիներ շարունակ ապացուցել ենք հնարամտության գաղտնիքները:

Ըստ նույն կայքի՝ արգելակման պատճառը մեր երկրում Facebook-ի միջոցով անընդհատ աճող բողոքի ակցիաներն են, իսկ այն չեզոքացնելու դեպքում, իշխանության համոզմամբ, կվերանան նաև օրեցօր աճող հեղափոխական շարժման հնարավորությունները:

Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար՝ զանգահարեցինք ԱԱԾ և հեռախոսափողից լսվեց. «..Տարածված լուրը չի՛ համապատասխանում իրականությանը: Իմ վերջին խոսքն եմ ասում, այն ուղղակի հերյուրյանք է..», – ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը և թեման եզրափակվեց:

Անկախ

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Տիգրան Սարգսյան,ԱԱԾ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա»:

Վարչապետը հիշատակել է մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների, որոնց ավանդույթներն այսօր հաջողությամբ շարունակում են ԱԱԾ աշխատակիցները: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Խորհրդային միության արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Յակով Դավթյանին, ով իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Նրանց դերակատարությունն այդ օպերացիայում էական էր, որովհետև վերջիններիս հաջողվեց կանխել Հիտլերի կողմից երեք երկրների ղեկավարների նկատմամբ կազմակերպված մահափորձը: Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գևորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաև Հայկ Հովակիմյանին՝ հետախուզության հմուտ աշխատող, ում աշխատանքի արդյունքը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը:
Նման հերոսները ոգևորել են շատ երիտասարդների, ովքեր որոշել են իրենց նվիրել այս բարդ և հերոսական աշխատանքին: Ցանկանում եմ, որ այդ հերոսներն օրինակ ծառայեն այսօրվա շարքային աշխատակիցների համար, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ ավանդույթները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի խոսքով՝ դեռևս բավարար չեն այն միջոցները, որոնք կառավարությունը հատկացնում է ԱԱԾ աշխատակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի կողմից կառավարության առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն 2014 թվականին և կբարելավվեն անվտանգության մարմինների ներկայացուցիչների աշխատանքային պայմանները:
ՀՀ ԱԱԾ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ կառավարությանն առնընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
Ազգային անվտանգության ծառայության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ մի խումբ ԱԱԾ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Անկախ

Հարուցվել է քրեական գործ` ԱԱԾ աշխատակցի կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Կին զինծառայող է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսելու մեղադրանքով

աածՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է “Օդնոկլասսնիկի”, “mail.ru agent” և “Facebook” սոցցանցերում “S Dr”, “Seryan Dervisyan”, “Tigran Dervisyan” պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն: