Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

408.  Armenia assumed BSEC chairmanship 21.06.2013aՍ.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։

Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ  հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` “DigiTec 2013” ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների  և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ:

Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

 

 

Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

403. Minister Nalbandian received the ambassador of Iraq 20.06.2013(1)Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: