Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում:

Մեր հարցումը երիտասարդների շրջանում պարզեց, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին:

Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր մարզային երիտասարդական կենտրոններում: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոների կապակցությամբ Արագածոտնի մարզային կենտրոնում փետրվարի 14-ին բացվեց հոգևոր ակումբ, Արմավիրի մարզային կենտրոնի կամավորները Սուրբ Սարգսի տոնը նշում են ավանդական աղի բլիթներով և հոգևորականի հետ հանդիպմամբ: Շիրակի մարզի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ են կազմակերպում, իսկ բարեմաղթանքների անկյունում հնարավորություն ունեն թղթին հանձնել իրենց ցանկությունները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում, որ սիրով ու ջերմությամբ լեցուն լինի հայ երիտասարդի ամեն օրը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անակնկալ՝ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին

003 (1)Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:

Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և  նրա հավատարիմ 14 զինվորների տոնը  տարեցտարի ավելի ու ավելի է արժեվորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության:

Եվ քանի որ գեղեցիկ այս տոնի նախորդ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները նաև աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը,  երիտասարդ տղաներն ու աղջիկները, շնորհավորելով տոնի կապակցությամբ, զբոսնող երիտասարդներին աղի բլիթներ են բաժանել:

Երիտասարդները նաև հնարավորություն են ունեցել գրի առնելու իրենց սիրո խոստովանություններն ու դրանք զետեղելու տեղակայված սրտերում: Սիրո լավագույն խոստովանության հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանա խրախուսանքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ