Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

տիգրան սարգսյանԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
«Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման գործում դուք ստանձնել եք բարդ և պատասխանատու գործառույթ: Դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության կայացումն առանց ձեր գործուն մասնակցության, հաջողություններն այդ բնագավառում պայմանավորված են լինելու նաև ձեր արդյունավետ աշխատանքով: Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից, կարևորում եմ այն հաջողությունները, որոնք արձանագրում ենք լրատվական դաշտում, մանավանդ, երբ տեսնում ենք խորը վերլուծական նյութեր, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության կառուցման գործում: Այդ բնագավառում ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ: Մաղթում եմ, որ 2014 թվականը մեզ բերի սեր, համերաշխություն, խաղաղություն և որ այս տրամադրություններն առաջին հերթին դուք տարածեք մեր հասարակության շրջանում»:
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով, հուշանվերով՝ անվանական ժամանացույցով, և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:

***
ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջ` Գոհար Վարդանյանին նվիրված «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. «Հպումը լեգենդին» շարունակվում է…» գրքի համար Տիգրան Սարգսյանը գրող, հրապարակախոս, լրագրող Գուրգեն Խաժակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Գուրգեն Խաժակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պետության կողմից ցուցաբերված մեծ գնահատանքի համար և կարևորել, որ պարգևը հանձնվում է Գևորգ Վարդանյանի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
Անկախ

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Դմիտրի Մեդվեդև,Տիգրան Սարգսյան,Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտե-գրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին:
Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, առողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Անկախ

ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ

5014Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:

5016Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:

5021Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա առաջին գրավականը, սիրելի՛ երեխաներ, լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի և երկրի նկատմամբ»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու անհրաժեշտ հնարավորությունները և հավաստիացրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում և արվելու է այդ հնարավորություններն ստեղծելու համար:

5022Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին և մինչև Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր. երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:

ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն ավանդույթ են դառնում: Անցյալ տարի ևս նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ և սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:

Անկախ