Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:
Tag Archives: Ամենայն հայոց կաթողիկոս
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ Նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի:
Նորվան արք. Զաքարեանի հրաժարականի նամակը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին
Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպսկ․ Զաքարյանը նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին, հրաժարականի մասին՝ հայտնելով իր հրաժարականի մասին։
“Փարիզ, 1 Յուլիս 2013
Նորին Սուրբ Օծութիւն
Տ.Տ. Գարեգին Բ.
Ծայրագոյն պատրիարք և կաթողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին
Վեհափառ Տէր,
Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ:
Ամենէն վերջինը, 29 Յունիս 2013-ի դէպքն էր: Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի եւ եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետեւեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.- «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք.- «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:
Վեհափառ Տէր, «բիզինես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը:
Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն:
Մեկնելով այս իրավիճակէն, այսու կու գամ Ձերդ Վեհափառութեան տեղեկացնելու թէ, 1 Նոյեմբեր 2013-էն սկսեալ, կը հրաժարիմ Ֆրանսայի Հայոց Թեմի պաշտօնէս, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի հանգամանքէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամութենէն:
Կը հրաժարիմ մէկ Նոյեմբերին, պարզապէս անոր համար որ յառաջիկայ Թեմական Պատգամաւորական ժողովը պիտի գումարուի Շաբաթ 19 Հոկտեմբեր 2013-ին, այսպիսով պատգամաւորները ժամանակ կ՚ունենան իրենց առաջնորդը ընտրելու որուն կրնամ փոխանցել բանալիներն ու փաստաթուղթերը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ սպասաւոր,
Նորվան Արք. Զաքարեան”
1in.am
