Բուդապեշտի քաղաքային խորհուրդը արգելել է անտուն մարդկանց մուտքը քաղաքի բազմաթիվ հանրային վայրեր՝ ներառյալ խաղահրապարակները, երկաթուղու կայարանները, գերեզմանատները, ինչպես նաև Հունգարիայի մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին:
Այս որոշումը կյանքի է կոչվել մարտին ընդունված սահմանադրական փոփոխությունների միջոցով, որը թույլատրում է քաղաքապետարաններին անվտանգության, առողջության և այլ նկատառումներից ելնելով արգելել անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր: Նախկինում նման մի օրենք Հունգարիայի գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչվել:
Հինգշաբթի ընդունված հրամանագիրը թույլատրում է չսահմանված վայրերում բնակվող անտուն մարդկանց տուգանել: Այս որոշմանը իրենց աջակցությունն էին հայտնել երկիրը ղեկավարող Ֆիդես կուսակցության, նրա Քրիստոնյա դեմոկրատ դաշնակից և ծայրահեղ աջակողմյան Յոբիկ կուսակցության խորհրդի անդամները: Երկու ձախակողմյան կուսակցությունները դեմ էին քվեարկել:
«Քաղաքը բոլորի համար» անտուն մարդկանց իրավունքների պաշտպան խմբավորումը ցույց էր կազմակերպել և մի քանի ժամով հետաձգել քաղաքային խորհրդի նիստը: