«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկանալի:
Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին պետք է մասնակցություն ունենան սոցիալական ծառայությունները: Ներկայացվող տեսանյութը ութսունն անց միայնակ տարեց կնոջ մասին է, ով նույնպես չի ցանկանում դուրս գալ իր խարխուլ տնակից:
Tag Archives: անօթևան
Անօթևան տարեց կնոջ խոսքով, վաղուց իր հիմնական կերակուրը ցամաք հացն ու մածունն են
Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում: Որովհետև Գյումրիում աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։
Աղքատության հետևանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կեպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ այցերի ժամանակ հանդիպում են բազմաթիվ միայնակ տարեցների, որոնց հիմնական կերակուրը համարվում են մածունն ու ցամաք հացը:
Ներկայացվող տեսանյութը նման վիճակում բնակվող միայնակ տարեցի ապրելակերպի մասին է:
Հակահիգիենիկ պայմաններով շինություն, որտեղից անհրաժեշտ է օր առաջ դուրս բերել անօթևան ընտանիքներին
«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:
Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
Պարտքի պատճառով տնակների հոսանքազրկումը կրում է համատարած բնույթ
«Շիրակ կենտրոնի» գրասենյակ գրեթե ամեն օր միջին հաշվով 3-4 անօթևան ընտանիք է դիմում՝ իրենց հոսանքազրկված տնակների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու և հոսանքի մատակարարման վերականգնմանն օգնելու խնդրանքով:
Նրանց մեծ մասն այդ պարտքերը կուտակել են ձմռան ամիսներին, երբ վառելիք չունենալու պատճառով տնակները ջեռուցել են էլեկտրասալիկներով: Ցավոք, «Շիրակ կենտրոնը» ոչ միշտ է կարողանում այդ հարցում աջակցել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին, որոնցից շատերն առանց լույսի են մնացել նույնիսկ 3-4 ամիս: Ներկայացվող տեսանյութը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող , փոքրիկ տնակում պատսպարված միայնակ կնոջ մասին է: Նրա տնակը չորրորդ ամիսն է՝ պարտքի պատճառով մնում է հոսանքազրկված:
Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների, իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեց մետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:
Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա
1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են , տնակները վաղուց շարքից դուս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի:
76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը ուկրանուհի, 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում: Այս տարեց միայնակ կնոջ ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել , սակայն պահանջվող բոլոր փաստաթղթերը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել և հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նա այլևս բնակարան չի ստանա:
Միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական պատկերը (Ֆոտոռեպորտաժ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին: Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:
Այսօր «Շիրակ կենտրոնի» և «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության աշխատակիցները, համատեղ այցելեցին վերոհիշյալ և այլ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքների և ցուցաբերեցին օգնություն, սննդի ու հագուստի տեսքով: Հիվանդ երեխաների ծնողները մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը անհամեմատ լավ է և բուժումը տալիս է իր դրական արդյունքը: Այնուամենայնիվ չկա երաշխիք, որ նման հակահիգենիկ և անմխիթար պայմաններում հիվանդությունը չի կրկնվելու: Ստորև ներկայացնում ենք բարեգործական համատեղ ակցիայի և անօթևան տասնյակ ընտանիքների ապրելակերպը պատկերող, Նարեկ Թումասյանի լուսանկարային ռեպորտաժը՝ առանց մեկնաբանության:
2013 թվականին շուրջ 85 անօթևան ժամանակավոր կացարան է ստացել
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետևողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Ուշագրավ է, որ շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու հեռացել կենտրոնից: Շահառուներից 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկն էլ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:
Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ: Անօթևանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաև անվճար բուժօգնության և սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը նպաստել է հասարակական կյանքին անօթևանների լիարժեք ներգրավմանը:
Անօթևան դատապարտյալ կինը ճանաչվել է շահառու, և նա բնակարան կստանա
«Շիրակ կենտրոնի» պատրաստած և տարածած «Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից» տեսանյութը նվիրված էր Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրին:
Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:
Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից:
Հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային պարբերականներում տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ ներկայումս դատապարտյալ այս կնոջը շահառու ճանաչելու և բնակարանով ապահովելու մասին նախորդ օրը համապատասխան գրությամբ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին: ՀՀ քաղաքաշինության պաշտոնյան հայտնեց, որ Կ. Աթանեսովային բնակարանով ապահովելու հարցը լրացուցիչ քննարկման է ենթարկվել բնակբաշխման հանձնաժողովի 2013 թ նոյեմբերի 26-ին կայացած նիստում, և հաշվի առնելով պահանջված ու ներկայացված նոր փաստաթղթերը, նա ՀՀ քաղշին նախարարի համար 366 հրամանով մեկ անձով ընդգրկվել է աղետի գոտում մեկսենյականոց բնակարաններ ստացող ընտանիքների ցուցակում:
Նրան նախատեսվում է բնակարան տրամադրել Գյումրիում կառուցվելիք լրացուցիչ 430 բնակարաններից:
Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից
Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհակե, անտրամաբանական է ստացվում, առավել ևս՝ անհասկանալի և հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու: Ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթևան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Անօթևան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
ԱՄՆ-ում 2 հազար դոլարով կարելի է անօթևան դառնալ
Հնարավոր է, որ շատ շուտով ամերիկյան Սիեթլի բնակիչներն ու հյուրերը կարողանան օգտվել անսովոր մի ծառայությունից` ժամանակավոր անօթևան դառնալու հնարավորությունից: Ծառայության արժեքը կազմում է 2 հազար դոլար:
62-ամյա Մայք Մոմենին առաջարկում է զբոսանք անօթևանների բնակվելու ամենահայտնի վայրերով: Ծրագրում ներառված է “երիտասարդ անօթևանի դասընթաց”` գիշերային կացարաններում ապրելու ու սննդի ու փողի որոնման ուսուցում, ծանոթություն սիեթլյան ընդհատակի լեգենդների ու շատ այլ բաների հետ:
Նախագիծն առայժմ ինչպես Մոմենին է արտահայտվել, ”կարևոր մարդկանց հետ քննարկումների փուլում է: Այս առաջարկով նա կամենում է հասարակայնության ուշադրությունը գրավել անօթևանների խնդիրներին, որոնց թիվը 2007-ից Սիեթլում ավելացել է 15%-ով և կազմում է 9 հազար մարդ:
Անօթևանը քնել է նախագահական լյուքսում
ԱՄՆ-ում անօթևանը ձերբակալվել է Պիտսբուրգում գտնվող շքեղ հյուրանոց անօրինական ներխուժելու համար: Ինչպես գրում է Pittsburgh Post-Gazettն, 48-ամյա Ջեֆի Ուոթսոնը բացատրել է, որ կքներ ամեն պատահած տեղ, ուր գլուխը դնելու հնարավորություն լիներ: Ինչպես է նա աննկատելի մտել հյուրանոց` մնում է անհասկանալի:
Քնած Ուոթսոնին նոյեմբերի 5-ին հայտնաբերել են հյուրերը, որոնք պատրաստվում էին տեղավորվել նախագահական լյուքսում: Թափառաշրջիկին հանձնել են ոստիկանությանը: Նա պատմել է, որ Լոս Անջելեսից է եկել ու այդ քաղաքում ապրում է արդեն մեկ ամիս: Նրա դեմ մասնավոր սեփականության սահմանները խախտելու ու ծառայություններն առևանգելու մեղադրանք է առաջադրվել:
Նախագահական լյուքում մեկ գիշերն արժե 2,5 հազար դոլար:
