Հուլիսի 1-ից հանրապետությունում կբարձրացվեն աշխատավարձերը

ԼՂՀ կառավարությունԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համա­կարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:

Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:

Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը և աշխատել պետական բյուջեի մուտքերը ավելացնելու ուղղությամբ:

Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են,- շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե’ պետական, թե’ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին: Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս: Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարևորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար, տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:

Նիստում հաստատվեցին պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: Դրանց իրականացումը նպաստելու է գրադարանային գործունեության կատարելագործմանը, գրադարանների տեսակների, գործառույթների, գրադարանների հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանների հավատարմագրման կարգի, ինչպես նաև գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերի սահմանմանը:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշման համաձայն` «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ կողմից արտադրված 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները:

 

Անկախ

Ընդունեցինք 18000 դրամ նպաստը հանելու մասին խայտառակ օրինագիծը, հիմա լուրջ դեմքով քննարկում ենք նախագահի, աշխատավարձը բարձրացնելու հարցը. Նիկոլ Փաշինյան

աժՆիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմացավ աշխատավարձերի փոփոխության մասին օրինագծերի ընդունմանը: Նա
մասնավորապես նշեց. ՛՛Առավոտյան ընդունեցինք 18000 դրամ նպաստը հանելու մասին խայտառակ օրինագիծը և հիմա լուրջ դեմքով
քննարկում ենք նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի աշխատավարձները բարձրացնելու հարցը՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հանրապետական մեծամասնության թեթև ձեռքով վերացվեց գործազրկության 18000 դրամ նպաստը, իսկ
այս պահին քննարկվող օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ նախագահի աշխատավարձև կբարձրանա 203, իսկ ԱԺ նախագահի ու
վարչապետի աշխատավարձերը՝ 218 տոկոսով:


—
Լարա Առաքելյան