Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

010

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

007010 (1)

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

001 (5)Երևանի և ԼՂՀ քաղաքների միջև համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա զարգացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների ԼՀՂ կատարած այցի ընթացքում կնքվելու են հուշագրեր Երևանի վարչական մի շարք շրջանների ու ԼՂՀ-ի քաղաքների միջև:

Երևանի Աջափնյակ վարչական շրջանը ԼՀՂ Շուշի քաղաքի հետ այսօր սերտորեն համագործակցելու է մի շարք ոլորտներում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը հուշագիր են վավերացրել՝ բազմակողմ համագործակցության նպատակով:

Հուշագիրը ներառում է կողմերի միջև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև մասնագետների փոխայցեր:

«Վստահ եմ, որ Երևանի և Շուշիի միջև այս հուշագրի ստորագրումը համագործակցության մեծ ներուժ ունի և ծառայելու է Երևանի ու ԼՂՀ  քաղաքների միջև առկա սերտ համագործակցության առավել ամրապնդմանը»,-նշել է Արտավազդ Սարգսյանը:

Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը իր հերթին ևս կարևորել  է փոխգործակցության հաստատումն ու ընդլայնումը.

«Ուրախ ենք, որ այսպիսով ևս մեկ հնարավորություն ստեղծվեց ամրապնդելու համագործակցությունը: Երևանի և ԼՀՂ միջև գործակցությունը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասել է Վլադիրմիր Կասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է

 Աջափնյակ,ծառատունկ Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։

“Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության աջակցությամբ, այս օրերին ծառատունկ է Աջափնյակի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների, ինչպես նաև վարչական շրջանի այլ գերատեսչությունների հարակից տարածքներում”,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Աշնանային ծառատունկին Աջափնյակում տնկվում են հացենի, սոսի, ինչպես նաև գնդաձև ակացիա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Այս կենտրոնի բացումով առաջին հերթին կբարձրանա բնակիչներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակը: Շատ կարևոր է նաև այն խորհրդատվությունը, որ տրամադրվում է այս գրասենյակի աշխատակիցների կողմից, ինչն ավելի հասանելի կդարձնի գործընթացը մեր քաղաքացիների համար: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նրանց աշխատանքն իրոք դժվարին և շատ պատասխանատու աշխատանք է, ու վստահեցնում եմ, որ այն մեր կողմից իսկապես գնահատվում է: Անշուշտ դեռ անելիքներ կան, բայցև վստահ եմ, որ նմանատիպ կենտրոնների գործարկումով ևս կամրապնդվի սոցիալական ծառայությունների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշել է, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը:

«Ոչ միայն տարածքի խնդիրն է մեկ շենքում հավաքել սոցիալական տարբեր ծառայությունները, այլ բովանդակությունը: Այն է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում սոցիալական աշխատողների միջոցով, որը էապես բարձրացնելու է և հասցեականությունը, և որակը սոցիալական ծառայությունների և, որ ամենակարևորն է, քաղաքացիների որևէ դիմում անպատասխան չի մնա»,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը թվով 6-րդն է Երևանում: Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն