«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

001Երևան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան և, Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երևանի վարչական տարբեր  շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։

Երևան քաղաքի պատմության թանգարանում երեխաներին դիմավորել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։

Թանգարանի էքսկուրսավարների ուղեկցությամբ երեխաները շրջել են Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ապա դիտել Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

2014 թվականի «Արի տուն» ծրագրի շրջանակներում շուրջ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում

արի տունԿառավարության առաջիկա նիստում հավանություն կտրվի Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագրին և միջոցառումների ցանկին:
Ծրագիրը մեկնարկում է 2014 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջանների 13-18 տարեկան մինչև 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2014 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 և 16-18 տարեկանների համար, բացառությամբ ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով սահմանված դեպքերի:
Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդներն իրենց ճանապարհածախսերը հոգում են սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցներով:
Ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությանը հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով:
Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` ծրագրի տարբերանշանով պարագաները, ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը «Արի տուն» ամառային ճամբարում` ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:
Հյուրընկալող ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և երևանամերձ քաղաքային ու գյուղական համայնքների, նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: