Շիրակում զոհերի թիվն աճել է

2014 թվականի առաջին կիսամյակը Շիրակի մարզում աչքի ընկավ արտակարգ իրավիճակների թվի նվազմամբ՝ 234 դեպք, նախորդ տարվա 296-ի դիմաց: Բայց փոխարենը գրեթե 50 տոկոսով աճել է գրանցված արտակարգ դեպքերից զոհերի թիվը. այս տարվա առաջին կիասմյակում Շիրակի մարզում արտակարգ դեպքերից եղել է 21 զոհ 179 վիրավոր, 2013-ի նույն ժամանակահատվածի 14 զոհ, 185 վիրավորի դիմաց:

Մարատ Սարիբեկյան

Առանձնացնելով մարզում արձանագրված դեպքերն ըստ բնույթների՝ Շիրակի մարզի  փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը ներկայացնում է թվերով: Ըստ նրա, առաջին կիսամյակում մարզում գրանցվել է տեխնածին բնույթի 144 դեպք, որը 10-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ թե ինչով է պայմանավորված այդ աճը, վարչության պետը Անկախ-ի հետ զրույցում նշում է. ՙՀիմնականում աճը բնութագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով, որոնց թիվը կազմել է 72: Զոհերի թվի աճը նույնպես պայմանավորված է ՃՏՊ-ներով. միայն տրանսպորտային պատահարներից ունեցել ենք 18 զոհ՚:

Ի հեճուկս տեխնածինի՝ նվազել են տարերային բնույթի դեպքերը՝ սողանքներ, ձնաբքեր և այլն: Իսկ սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի քանակը գրեթե պահպանվել է՝ 75 դեպք:

Տարվա առջին վեց ամիսներին մարզում գրանցվել է օձի խայթոցի մեկ դեպք: Ի տարբերություն 2013-ի, առաջին կիսամյակում Շիրակի մարզում ջրահեղձման դեպք չի գրանցվել:

Ամփոփելով արտակարգ պատահարները առաջին եռամսյակի համար Մարատ Սարիբեկյանը հայտնում է՝ ընդհանուր առմամբ 234 արտակարգ դեպքերից մարզին հասցվել է 290 մլն 136 հազար 380 դրամի վնաս: Այս թիվը կրկնակի մեծ է եղել 2013-ի նույն ժամանակահատվածի համար՝ մոտ 500 մլն դրամ:

Շիրակի մարզում արտակարգ դեպքերն աճել են

փրկարար2013-ին Շիրակի մարզում գրանցվել է արտակարգ իրավիճակների թվի զգալի աճ` 561 դեպք: Մինչդեռ 2012-ում արձանագրվել է 429 դեպք: ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից Անկախին հայտնում են, որ չնայած դեպքերի աճին` նվազել է զոհերի թիվը` 28: Մեծ է նաև մարմնական վնասվածքներ ստացածների թիվը` 354 մարդ:

Մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը նշում է, թե ուսումնասիրություն ցույց է տալիս, որ ամեն տարի ԱԻ դեպքերի թիվը 100-ով աճում է: Ու դա կապված է նրա հետ, որ մադիկ սկսել են ավելի շատ վստահել փրկարարներին, ուստի բոլոր դեպքերն արձագանք են ստանում:
“Արձանագրված 561 դեպքից 357-ը եղել են տեխնածին բնույթի, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ: Գրանցվել է տարերային բնույթի 80 դեպք, որոնցից զոհեր ու վիրավորներ չեն եղել: Տուժել են շուրջ 11 համայնքներ, իսկ պատճառված նյութական վնասի չափը կազմում է 487 մլն դրամ: Դեպքերից 70-ը ձնաբքի դեպքեր են եղել, որոնց հետևանքով տարհանվել է 564 մեքենա, 1463 ուղևոր”, – ասում է վարչության պետը:
Նրա խոսքով, նախորդ տարին աչքի է ընկել նաև թունավորման դեպքերով` շմոլ գազից թունավորման 37 դեպք, սննդային թունավորման 7, ալկոհոլային թունավորման 16 դեպք:

 

Անկախ