«Զվարթնոց»-ի բոլորաձև մասնաշենքի պահպանության խնդիրը ճարտարապետների պատվի հարցն է

TH_Zvartonts

Ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի խնդրին: Նա մասնավորապես գրել է.

«Զվարթնոց օդանավակայանի համալիրի բոլորաձև մասնաշենքի պահպանության հարցը, առաջին հերթին, բոլոր ճարտարապետների պատվի հարցն է: Քանդելու որոշման ոչ մի փաստարկ չի կարող համեմատվել անգամ այս բացառիկ ճարտարապետական ստեղծագործության արժեքի հետ: Այս տրամաբանությամբ շարժվելով՝ Հայաստանում կարելի է հիմնավորել ու քանդել ցանկացած շենք… Սա անթույլատրելի հանցագործություն կլինի մեր ոչ հեռու անցյալի ճարտարապետական ժառանգության հանդեպ: Հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ անուրանալի ստեղծագործական նվաճումները կասկածի տակ են դրվում ամենաբարձր մակարդակներում, իսկ բնագավառի պետական լիազոր մարմինների անճարակ լռությունը կասկածի տակ է դնում հենց իրենց գոյության անհրաժեշտությունն անգամ: Մակետ-մանրակերտ ստեղծելու գաղափարը հուսահատության հասցնող գռեհկություն է ու ցինիզմ՝ ուղղված հենց ճարտարապետներիս: Բոլոր ճարտարապետ գործընկերներիս խնդրում եմ գոնե այս անգամ լինել հետևողական, միաբան ու անզիջում…

Հայաստանի օդային դարպասի այս նվիրական ու ինքնատիպ խորհրդանիշը ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ…»:

 

Անկախ

Հեռացավ Սոսը, ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին. Արտակ Ղուլյան

Արտակ ՂուլյանՃարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում` հիշելով Սոս Սարգսյանի հետ իր եզակի հանդիպումը: Նա մասնավորապես գրել է. «Սոս Սարգսյանին մի անգամ եմ տեսել փողոցում, միայնակ: Մի երկու տարի առաջ էր, խորը աշնանային մի օր: Սովորականի պես Մոսկովյան փողոցում գծագրեր էի տպում ու մայթին կանգնած սպասում էի: Տեսա՝ Սոսն է գալիս. երկար, գորշ ու բարակ վերարկույով, լայն գլխարկով, գավազանով, մի փոքր կռացած, ու հանդարտ, անշտապ քայլքով: Հանկարծ կանգնեց ու սկսեց ուշադիր նայել կողքի շենքի նկուղներից մեկի պատուհանի գունավոր պաստառին. «Պատվերով Ձմեռ պապ, թամադա, դերասան, ծաղրածու»: Ապա կտրուկ շուռ եկավ, անօգնական հայացքով նայեց աջ ու ձախ, նայեց ինձ՝ տեսավ՝ չի ճանաչում, գլուխն օրորեց ու նույն հանդարտ քայլվածքով հեռացավ… Հեռացավ Սոսը` ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին…»: