Միջազգային համաժողով ԼՂՀ-ում

«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում։

ԿԳՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 18-ին, ժամը 9:30-ին:

  Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել կրթության, որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար: Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն, այս համատեքստում, ունի առաջնային նշանակություն: Բոլոնիայի գործընթացը, լինելով պետությունների միջև կրթամշակութային հաղորդակցության և քաղաքակրթություններ կամրջող առաջավոր միջոցներից մեկը, պետք է նպաստի ազգերի և ժողովուրդների միավորմանը` իր հիմքում ունենալով  մարդու կրթության իրավունքի, մասնավորապես միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավորությունների հասանելիության գերակայություն:
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին  կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ և ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյանը:

 

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

Տիգրան սարգսյան, աշոտյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում և լսարաններում, զրուցել ուսանողների հետ:

 Անկախ