Բուենոս Այրեսում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires1Բուենոս Այրեսում տեղի ունեցած բախումների արդյունքում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires4Կիրակի գիշերը Բուենոս Այրեսում արգենտինացի ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ նրանց թիմը պարտվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ:

Beunos Aires2Քաոսը սկսվել էր, երբ կիրակի օրը Արգենտինայի թիմը 1-0 հաշվով պարտվել էր Գերմանիային:

Խաղի 113-րդ րոպեին Գերմանիայի խաղացող Մարիո Գետցեի խփած գոլը վերջակետ էր դրել 24 տարվա ընթացքում Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի թիմի ցուցադրած լավագույն ֆուտբոլային խաղերի շարքին:

Սակայն խաղից հետո Արգենտինայի երկրպագուները հարձակվել էին միմյանց վրա:

Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրաշիթեր կիրառել, երբ երիտասարդների մի խումբ սկսել է քարեր նետել և ավերել խանութների ցուցափեղկերը:

Բռնությունները տեղի են ունեցել քաղաքի Օբելիսկ խորհրդանշական հուշարձանի մոտակայքում, որտեղ հազարավոր երկրպագուներ էին հավաքվել իրենց թիմին աջակցելու համար:

Մարականա մարզադաշտի մոտակայքում հավաքված երկրպագուների շարքում ևս անհանգստություններ են եղել:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, և ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց Ցեղասպանությանը թանգարանի հիմքում:

Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։

Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։

Հարգելի գործընկերնե՛ր,

Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ Եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը: Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ-արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում:

 

***

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը): 

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

 7193

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:

Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:

Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:

Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:

Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:

Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:

Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:

Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:

Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:

Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:

Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:

Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:

Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:

Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:

Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:

Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:

Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:

Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:

Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:

Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:

Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:

Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:

Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:

Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:

Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:

Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:

Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:

Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարները հանդիպեցին Բուենոս Այրեսում

Էդվարդ ՆալբանդյանՀուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինացի գործընկերոջ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն հայտնեցին, որ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշեցին Բուենոս Այրեսում, Երևանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները և գոհունակությամբ արձանագրեցին, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշեց, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ եղավ միջազգային խնդիրների:

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

Գրքի միջազգային ցուցահանդես, Բուենոս ԱյրեսԱպրիլի 24-ից մայիսի 12-ը Բուենոս Այրեսում ընթանում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, և մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի»  օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը: Ելույթներ ունեցան Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը և թուրք մտավորական և ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքոլուն:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Արդեն 40 տարի շարունակ Բուենոս Այրեսում անցկացվող Գրքի միջազգային ցուցահանդեսը վերածվում է յուրօրինակ ու գեղեցիկ մի տոնի, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթանալու համաշխարհային գրականությանը, այլ նաև իր մեջ կրում է մարդկանց գրքին մոտեցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, միջմշակութային երկխոսություն ծավալելու, փոխըմբռնում և հանդուրժողականություն խրախուսելու խորհուրդը»։

Փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն իր ելույթում անդրադարձավ հայ – արգենտինյան քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդրին, ինչպես նաև այդ ուղղությամբ Արգենտինայի իշխանությունների հետևողական քայլերին` Կլաուդիա Ավրուխը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշմամբ մայրաքաղաքի «Պալերմո» թաղամասում անվճար տարածք կհատկացվի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:

Թուրք լրագրող, մտավորական Ռագիփ Զարաքոլուն, իր ելույթում դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը, անդրադարձավ Ցեղասպանության նահատակ հայ մտավորականների՝ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և այլոց դաժան սպանություններին: Ներկաներին նա տեղեկացրեց նաև, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի թուրքերեն թարգմանությունն ու հրատարակությունը կատարվել է իր կողմից, որի համար նա թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման:

 Անկախ

Ձիերի «լեզուն հասկացող» արգենտինացին զարմացնում է բոլորին

ձիեր    32-ամյա արգենտինացի Մարտին Տատան հավանաբար աշխարհում միակն է, որը «հասկանում է ձիերի լեզուն»: Տատան մեծացել է Բուենոս Այրեսում՝ ծնողների ագարակում և միշտ շրջապատված է եղել ձիերով: Մանկուց շփվել է ձիերի հետ՝ փորձելով հասկանալ նրանց էությունը: Այժմ Տատան 32 ձի է խնամում, որոնց հետ միասին շոու ծրագրեր է կազմակերպում ագարակ այցելած բազմաթիվ զբոսաշրջիկների համար: Տատանի խոսքերով՝ մեկ ձիուն վարժեցնելու համար պահանջվում է մեկ տարի: Տատայի սիրելի ձին Պրիմավերան է,որի հետ նա կարողանում է անհավանական համարներ բեմադրել: Նման հաջողության գրավականը ձիերի հետ ստեղծված սերտ կապն է: Տատան նշում է, որ ձիերը իր համար ամեն ինչ են:

Անկախ

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործումԱպրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:

Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:

Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:

 Անկախ