Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Սերժ Սարգսյան,Իտալիայի դեսպան, Բրունո Սկապինի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, որոնք արտահայտված են նաև ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Ռազմական, կրթամշակութային, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում ևս, ըստ Նախագահի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն է ձևավորվել երկու երկրների միջև: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իտալիան ունեն նաև միջխորհրդարանական սերտ շփումներ, հաջողությամբ է զարգանում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս ամենում, Նախագահի համոզմամբ, մեծ է դեսպան Սկապինիի անձնական ներդրումը:

Դեսպան Բրունո Սկապինին իր համար՝ իբրև դիվանագետի, մեծ պատիվ համարելով Հայաստանում պաշտոնավարելը, ընդգծել է, որ անցած տարիներին Հայաստանը հայտնաբերել է նոր լույսի ներքո և տեղում անմիջականորեն զգացել, թե որքան մոտ են միմյանց համանման խառնվածք և հույզեր ունեցող հայերն ու իտալացիները, և որքան ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Իտալիան՝ պատմամշակութայինից սկսած մինչև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մոտեցումներն ու աշխարհայացքը:

Հրաժեշտից առաջ դեսպան Բրունո Սկապինին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է այդ հիասքանչ երկիրն իր մտքում և սրտում մշտապես պահելու հաստատ վճռով և համարում է, որ չնայած ավարտվել է իր դիվանագիտական առաքելությունը, սակայն այդպիսով ամենևին չի ավարտվել Հայաստանին ու հայ ժողովրդին, հնարավորության սահմաններում, մշտապես օգտակար լինելու իր անձնական առաքելությունը:

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

10847_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում:

Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հիշեցրել է, որ այս ընթացքում ստեղծվել է նաև հայ-իտալական առևտրային պալատը, որը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ: Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է:
Բրունո Սկապինին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: