Նախագահը մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը, այցելել «Գրանդ Հոլդինգի» ընկերություններ

Սերժ Սարգսյան, Իրինա Ռոդնինա

MHM88371 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Նոր հեծանվահրապարակի հարևանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաև գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին և պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում: Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը ևս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Այն կմեկնարկի ս.թ. հունիսին և պատասխանատուների հավաստմամբ, կավարտվի սեղմ ժամկետում՝ 2015թ.: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ:

Սերժ Սարգսյան, Գրանդ ՔենդիՀանրապետության Նախագահն այնուհետև այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը` hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում: «Գրանդ Տոբակոյում», ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ «Գրանդ Քենդիում» Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչև տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով: «Գրանդ Քենդիում» աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավելացնել ևս 150-ով: Ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգում» ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»:
Անկախ

«Հայրենանվեր մարդ, բարեխիղճ արտադրող». Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

հրանտ վարդանյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել գործարար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի, որի գործունեությունը պետք է օրինակ և ուղենիշ դառնա գործարար աշխարհում՝ մասնավորապես հայրենական ապրանք արտադրողների համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում նրանց վիշտը:

Լիահույս եմ, որ նրա գործն արժանի շարունակություն կունենա»:

 

Անկախ