Երիտասարդները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ

IMG_20140524_134124Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 30 ուսանողներ այս օրերին մասնակցում են դասընթացների, որոնց ընթացքում ռազմական փորձագետներն ու քաղաքագետները նրանց հմտություններ են փոխանցում բանակային հարաբերությունների, զինծառայության, սպայի, զինվորի լիազորությունների և պարտականությունների մասին:

Անցկացվում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավորը» ծրագիրը, որն իրականացնում է «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն՝  ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածության և վստահության մակարդակը հայոց ազգային բանակի նկատմամբ:

Ծրագրի համակարգող, քաղ. գիտ. թեկնածու Ալեն Ղևոնդյանը նկատեց, որ այսօր մեր զինվորը հաճախ հոգեբանական առումով պատրաստ չէ զինծառայությանը և երկրի պաշտպանության մասին տեսական գիտելիքներ ունի: Այնուհետև հավելեց. «Այս դասընթացների միջոցով փորձում ենք երիտասարդներին գիտելիքներ տրամադրել այն մասին, թե ինչ է զինծառայությունը, երկրի պաշտպանությունը, զինված ուժերը: Երիտասարդների մոտ բանակի մասին գիտելիքները հաճախ թերթային ու բամբասանքային են, այնպիսի մտայնություն կա, թե բանակը պետք է հանգստյան տուն լինի, իսկ ծառայությունը՝ հաճելի ժամանցի անցկացում: Չպետք է մոռանալ, որ հենց բանակն է երկրի անվտանգության առաջին երաշխավորը, ուստի ծառայությանը պատաստված պետք է գնալ թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես:»:

Երիտասարդներն արդեն դասախոսություններ են լսել « Հայաստան-Ադրբեջան ռազմական հարաբերակցման խնդիրը ԼՂ սահմանային գոտում», « ՀՀ ազգային շահերի հիմնահարցը և հայեցակարգերը» թեմաներով: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ զինված ուժերը» թեմայով դասընթաց կարդալով երիտասարդներին, նշեց. «Այսօրվա բանակը երեք կամ տասը տարի առաջվա բանակը չէ: Առաջընթացը մեծ է: Բայց մեր նպատակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթական համակարգին:Այսօր մեր գերխնդիրը արժեհամակարգի և դաստիարակության հարցն է»:

Խոսելով ՀՀ կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցներում ռազմագիտության դասընթացները հիմնականում երիտասարդներին տեսական գիտելիքներ են փոխանցում: Այնուհետև մտահոգություն հայտնեց այն առումով, որ բուհերում այլևս չեն գործում ռազմական ամբիոնները: Հետո նկատեց. «ԿԳՆ-ն այս տարվանից օրենսդրական փոփոխություններ է կատարել իր օրենսդրական ակտերում, որի արդյուքնում բուհ ընդունվող բոլորը երիտասարդները զինապարտ են դառնում, սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է: Սակայն հարկ է նշել, որ ապագա զինվորը պիտի գիտակցի և հասկանա՝ իրեն ինչ է սպասվում պարտադիր զինծառայության մեջ, ու պատրաստ լինի դրան: Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է, զենքն ինչ է, հայրենիքի պաշտպանությունը ինչ է»:

Դասընթացի մասնակից, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատ 4-րդ կուրսի ուսանող Հայկ Սարգսյանը, կարևորելով ծրագրին մասնակցությունը, նշեց. «Այսօր ունենք խնդիր նաև ներբանակային, ներզորամասային միջավայրում ապահովելու նորմալ հարաբերություններ: Ցավալի իրողություն է ներզորամասային միջավայրում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տարբեր բախումները: Ուստի այս դասընթացները մեզ գիտելիքներ են ընձեռում հետագայում ավելի գիտակից մոտենալու այդ հարցերին և հասկանալու խնդրի էությունը»:

Տեսական 10 դասընթացներին կհաջորդեն գործնական պարապմունքները: Ուսանողները շուրջ հինգ օր կանցկացնեն ԼՂ զորամասերից մեկում, գործնականում կծանոթանան զորմասի առօրյային, կանցնեն կրակային պատրաստվածության, կանոնադրական հարաբերությունների մասին դասընթացներ, կծանոթանան զինտեխնիկայի հետ:

 

Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

unnamed«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ  Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը։

«Ագաթ» ՀԿ անդամները նկատում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք  առողջապահական ծառայություններից օգտվելիս հանդիպում են որոշակի խոչընդոտների։ Օրինակ, չկան բրայլյան այբուբենով առողջապահական տեղեկատուներ կամ ձայնագրված սկավառակներ, որոնց միջոցով բժշկական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Խուլ և թույլ լսողություն ունեցող կանանց համար չկան ժեստերի լեզվի թարգմանություն ապահովող մասնագետներ, տեղաշարժողական խնդիրներ ունեցող կանանց համար խոչընդոտ է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունը:

«Ապրենք սովորելով» ծրագրի համակարգող Ռոզա Ավագյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում մասնագետները հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության մասին դասընթացներ են անցկացնում։ Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում. «Սեմինարների ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող կանայք նշում են, որ վախենում են հղիանալ։ Մենք բացատրում ենք, որ սայլակից օգտվող կինը կարող է երեխա ունենալ, ներկայացնում ենք նրա վարքի առանձնահատկությունները, որպեսզի բարդություններ չունենա հղիության ընթացքում, խոսում ենք երեխայի խնամքի մասին»։

«Ագաթ» ՀԿ-ին անդամագրված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60 կին։ Ռոզա Ավագյանը նշում է, որ իրենք հիմնականում աշխատում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց հետ, թեև որոշակի ծրագրեր իրականացնում են նաև թույլ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար. «Դասընթացների միջոցով փորձում ենք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Հանրությունն առաջին հերթին պետք է տեսնի անձին և ոչ թե նրա հաշմանդամությունը։ Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց մոտ կոմպլեքսները շատ են։ Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը նրանց վերարտադրողական առողջության, սեռական կյանքի մասին, որպեսզի հասկանան, որ իրենք նույնպես այս հասարակության լիարժեք անդամն են, և ոչնչով չեն տարբերվում մյուսներից»։

Ուսուցանող Գայանե Գրիգորյանն էլ տեղեկացնում է, որ դասագրքերում ներառված չեն թեմաներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Սեմինարների ընթացքում Գյումրու բժշկական քոլեջի ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես կարելի է ընդունել, սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, որ տերմիններն են ճիշտ, որոնք սխալ, ինչպես պետք է դիմել, օգնություն առաջարկել, որպեսզի վերջիններս չվիրավորվեն։

Գյումրու բժշկական քոլեջի ուսանողուհի Սուսաննա Նորսոյանը նշում է, որ ինքը բավականաչափ գիտելիքներ չուներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու, բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Ասում է, որ իր շրջապատում էլ կան նման կանայք, և սեմինարների ընթացքում ստացած գիտելիքներն առաջին հերթին նրաց հետ շփումներում է կիրառելու։

«Անկախ»

Մարդու իրավունքներն ընդդեմ ատելության հռետորաբանության

սեմինարՈւսուցիչները հաճախ հնարավորություն չեն ունենում կատարելագործելու իրենց կարողությունները, գումարներ ծախսելու իրենց ինքնազարգացման և նոր թեմաների ուսումնասիրման համար: Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) Եվրախորհրդի աջակցությամբ ապրիլի 4-ից 8-ը իրականացրեց «Մարդու իրավունքներն ընդդեմ ատելության հռետորաբանության» ուսուցողական դասընթացը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների ուսուցիչներ և երիտասարդական աշխատողներ:

Ծրագրի նպատակն էր Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների ուսուցիչներին և երիտասարդական աշխատողներին գիտելիքներ փոխանցել մարդու իրավունքների, առցանց կյանքի մարտահրավերների և դրսևորումների մասին: Ապահովել մարդու իրավունքների ոլորտում գիտելիքների այնպիսի պաշար, որը կբավարարի ուսուցիչներին արտադասարանական պարապմունքներին սովորեցնել ֆորմալ կրթության շրջանակում համացանցից անվտանգ օգտվելու հնարավորություններն ու մոտեցումները:

10248992_10152110269739671_1742572762_nՎերապատրաստման 5 օրերի ընթացքում, կիսելով միևնույն կրթական հարթակը, ուսուցիչներն ու երիտասարդական աշխատողները հնարավորություն ունեցան սովորել ինչպես համատեղել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդները, օգտագործել տարբեր մոտեցումներ, ծանոթանալ «Compass» և «Compassito»  ձեռնարկներին, որոնք ավելի շատ հնարավորություններ են ընձեռում ուսուցանելու ինտերակտիվ ձևով՝ դարձնելով ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ:

«Մարդու իրավունքներն ընդդեմ ատելության հռետորաբանության» ծրագրի մասնակիցները Երիտասարդական ակումբների դաշնության կողմից իրականացվող «My club, my space» երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակիցների հետ համատեղ Երևանի սրտում` Կասկադում, հանուն մարդու իրավունքների և ազատության կազմակերպեցին ֆլեշմոբ:

 

Ուրուգվայում մարիխուանա աճեցնելու դասընթացներ են բացվել

1254-390x290Ուրուգվայում առաջին անգամ կաննաբիս արտադրողների ազգային ֆեդերացիայի աջակցությամբ, մարիխուանա աճեցնելու պաշտոնական դասընթացներ են կազմակերպվել:

Պարապմունքներին մարդիկ սովորում են,  ոչ միայն թե ինչպես պետք է աճեցնեն բույսը, այլև տեղեկություն են ստանում օգտագործելու վտանգները նվազեցնելու վերաբերյալ: Դասընթացները կազմակերպողների խոսքով, սպառողների համար ավելի ձեռնտու է` իրենք  տան պայմաններում աճեցնեն, ու իմանան, թե ինչից է այն պատրաստված:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օրնականացրել է մարիխուանան 2013-ի դեկտեմբերին: Նրա ստորագրած օրենքը թույլ է տալիս երկրի բնակիչներին  ինքնուրույն կամ էլ կաննաբիսի սիրահարների ակումբում աճեցնել կանեփ, կամ էլ գնել դեղատներում, ոչ ավելի, քան ամսական 40 գ:

Դրանից հետո արտասահմանյան մի շարք ընկերություններ Ուրուգվայում իրենց ներկայացուցչությունը բացելու  պատրաստակամություն հայտնեցին, որպեսզի հետազոտություններ անցկացնեն դեղագործական կարիքներով:

Անկախ