ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ

photoՄարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով:

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը` կողմերը շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել` օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարեւորվեց բոլոր խնդիրների եւ հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ սերտացման առումով: Տիկին Աբոլտինան կարեւոր համարեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու եւ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը»,- ընդգծեց Սոլվիտա Աբոլտինան:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Անկախ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

hovik_abrahamyanՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-19-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության  125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաև  երկկողմ հանդիպումներ:

 

 

Արտգործնախարար Նալբանդյանը Ժնևում երկկողմ հանդիպումներ ունեցավ Լատվիայի և Հոնդուրասի արտգործնախարարների հետ

Minister Nalbandian meets Honduras FM a (1)Ժնևում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։

Նախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված բարեկամական համագործացությունը՝ ընդգծելով, որ առկա է այն առավել զարգացնելու համապատասխան ցանկություն և ներուժ։

2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու  կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադրաձ եղավ միջագզային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։

Էդգարս Ռինկևիչսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այց կատարել Ռիգա։

Ժնևում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ անտեսելով և հակադրվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է համապաստախան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Նախագահների հայտարարություններում, Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել իր և միջազգային հանրային կարծիքը։ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ այդ նպատակով որոշ երկրներում, տարբեր միջոցների դիմելով, Ադրբեջանը փորձեր է կատարում հիմնախնդրի վերաբերյալ շինծու հայտարարություններ անցկացնել, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված համանախագահների ջանքերին։

Նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել շփումները երկու երկրների միջև, Երևանում և Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների  հավատարմագրել։

Արտգործնախարարը կայցելի Ժնև

 Էդվարդ Նալբանդյան Մարտի 5-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելություն կկատարի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը:

 

Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված  ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

 

Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ:  

Անկախ

Ժնևում սկսվել են բանակցություններ Սիրիայի հարցով

ՄԱԿ,Ժնև, բանակցություններ ՍիրիաԺնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության միջև բանակցություններ են սկսվել: Չնայած պատվիրակությունները նույն սենյակում են գտնվում, այնուհանդերձ նրանք ուղիղ կերպով իրար հետ չեն շփվում: Միջնորդի պարտականությունը իր վրա է վերցրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց ալ Ահդար ալ Իբրահիմը: Վերջինս երեկ, առանձին խոսակցություն ունենալով պատվիրակությունների հետ, հայտարարել էր, որ կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ օրվա բանակցությունների գլխավոր թեման դառնալու է հումանիտար օգնության միջանցքների բացման, բռնության դադարեցման և Սիրիայի անցումային կառավարության ձևավորման հարցը: Ավելի վաղ ալ Իբրահիմը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակը Սիրիան փրկելն է:

Անկախ