«Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կերկարաձգվեն մինչև նոյեմբեր

Marzie-AfhamԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Իրան-«Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունները կարող են երկարաձգվել, և առավելագույն ժամկետը կլինի մինչև նոյեմբերի 25-ը:
«Այժմ լավագույն ժամանակն է եզրափակիչ համաձայնության ձեռքբերման համար, բայց կողմերը դեռ չեն հարթել որոշ տարաձայնություններ: Առավելագույն վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, երբ ուղիղ մեկ տարի կանցնի ժնևյան պայմանավորվածությունների ձեռքբերումից»,-ասել է Մարզիե Աֆհամը:
Օրերս Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունները, չէր բացառել, որ եթե կողմերը չկարողանան մինչև հուլիսի ավարտը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նոյեմբեր:

 

Անկախ

Ալի Խամենեի. «Միջուկային խնդիրը միայն պատրվակ է»

ali_khamenei1Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ վստահում է Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Նա համոզմունք է հայտնել, որ Զարիֆը համաձայն չի լինի որևէ քայլի հետ, որը կվնասի երկրին ու Իրանի ժողովրդին և թույլ չի տա, որ անցանկալի որևէ բան կատարվի:

«Միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա կեղծ պատրվակներ ի հայտ կգային: Օրինակ` մարդու իրավունքները, իրանցի կանանց իրավունքները և այլն: Արևմտյան երկրները մտադիր են Իրանին զրկել միջուկային իր իրավունքներից, սակայն նրանց դա չի հաջողվի»,-ասել է Ալի Խամենեին:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 6-րդ շրջանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ:

Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, պետք է փորձեն լուծել եղած բոլոր հակասությունները և  հնարավոր դարձնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Դա  նախատեսված է իրականացնել մինչև հուլիսի 20-ը:

Թերևս, համաձայնագրի իրականացման ժամանակ ամենադժվարինը ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումների հարցում ընդհանուր հայտարարի գալն է:

Անցած օրերի ընթացքում Իրանի և «Վեցնյակ» խմբի անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ, քննարկվել են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ ծագած տարաձայնությունների հետ կապված խնդիրներ:

Նմանատիպ հարցերից է ուրան հարստացնող սարքերի (ցենտրիֆուգ) քանակը:

Իրանին 190 հազար միջուկային ցենտրիֆուգ է հարկավոր, ինչը 19 անգամ մեծ է այն թվից, որը պատրաստ է թույլատրել Վաշինգտոնը:

Ուրանի հարստացումը թույլ է տալիս արտադրել միջուկային վառելիք և ատոմային ռումբեր:

Ամերիկյան լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ Վաշինգտոնի համար Իրանում թույլատրելի է ուրանի հարստացման 2-4 հազար սարքավորումների գոյությունը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն էլ հունիսին հայտարարել էր, որ Իրանին կթույլատրվի պահպանել տասը հազար ցենտրիֆուգ՝ չնայած այն բանին, որ Իրանը հարյուր հազարն է ցանկանում:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքի:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

 

 Անկախ

Վիեննայում շարունակվում են բանակցություններն Իրանի և «Վեցնյակի» միջև

Իրան-ՎեցնյակԵվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների 6-րդ փուլի շրջանակում տեղի ունեցած մի շարք երկկողմ հանդիպումներից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին վերադարձել են վերջնական փաստաթղթի տեքստի մշակման աշխատանքներին:

Այս մասին տեցեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: