Սփյուռքի 9 կրթօջախ ներկայացնող 30-ից ավելի երիտասարդ այցելեցին Մայր բուհ

07-21-2014 (1)Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռությամբ 20-րդ ուսանողական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Բրազիլիայի, Վրաստանի, Կիպրոսի տարբեր բուհեր ներկայացնող շուրջ 33 հայ երիտասարդներ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշեց, որ Մայր բուհ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Այս հայրենաճանաչ ծրագրի շրջանակներում ԵՊՀ այցելությունը մեծ առաքելություն ունի, քանի որ Մայր բուհն այն կրթօջախն է, որը Հայաստանի և Սփյուռքի համար կրթել է բավականին նշանավոր անհատներ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել ամենատարբեր բնագավառներում: Այսօր էլ Երևանի պետական համալսարանը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շարունակում է կրթել սերունդներին: Եվ քանի որ ես նույնպես համալսարանական եմ, հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնելու Մայր բուհին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Արամ Սիմոնյանը ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև Մայր բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունը: «Մեր երիտասարդությունը շատ բանիմաց է և խելացի: Պետք է նշեմ, որ հրաշալի ուսանողներ ունենք, հատկապես բնագիտական թևի շրջանավարտները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում լուրջ հաջողություններ են ունենում: Ցավով պետք է ասեմ նաև, որ այսօր սփյուռքահայ ուսանողների թիվը մեծ չէ, սակայն մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին հյուրընկալելու մեր բուհում, քանի որ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, իսկ այստեղ կուտակած կրեդիտները կարող եք օգտագործել եվրոպական ավելի քան 40 համալսարաններում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը, այնուհետև պատասխանեց ծրագրի մասնակիցների հարցերին:

07-21-2014Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումն այս տարի մեկնարկել է հուլիսի 19-ին և տևելու է 17 օր՝ մինչև օգոստոսի 4-ը։ Ծրագիրն աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ երիտասարդներին համախմբելու, ինչպես նաև ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ ունի։

Սփյուռքահայ ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հայաստանցի իրենց հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ և այլն։

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ դասախոսություններ կլսեն «Ո՞վ է հայը. ինքնության խնդիրներ», «Հայ դատ, 100-ամյակ, հատուցում», «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Հայկական ժառանգությունը Ջավախքի և արդի Վրաստանի մեջ», «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։

Ուսանողական ֆորումը, որին, ի դեպ, մասնակցում են նաև Հայաստանի և Արցախի երիտասարդները, քառօրյա ծրագրով կայցելի նաև Արցախ, ինչպես նաև կհյուրընկալվի Ազգային ժողովում և տարբեր զորամասերում։

Հավելենք, որ հանդիպման վերջում սփյուռքահայ ուսանողներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ  մանրամասն ծանոթացան Մայր բուհի պատմությանը և զարգացման փուլերին:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Իհարկե, դեռ ծնողներիս հետ չեմ խոսել, սակայն կուզենայի կրթությունս հայրենի երկրում շարունակել»,- ասում է Ֆրանսիայից ժամանած 18-ամյա Օտէմիս Մատլէնը:

 

Անկախ

«Բետոնափոշիախառն, անկարգ, աններդաշնակ ու անկենսագրություն քաղաք ենք մոգոնում…»

images

«Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ամեն հայ մեկ հոդված Wikipedia-յի համար». քարոզում են հեռուստաընկերություննները, հատկապես նրանք, ովքեր հայտնի տերեր ունեն։ Գաղափարը քարոզում են նաև նախարարները, ինչն իսկապես լավ է…
Մտքիս մեջ նույնիսկ գրել եմ ապագա հոդվածիս կեսը։ Բա ո՞նց, աշխարհին ցույց չտանք, թե ինչ քաղաքակիրթ ենք, հնամյա, բազմատաղանդ ու փյունիկվող….
Բայց հենց էս պահին անզորությունից, թևաթափությունից, անիմաստության ու անտերության զգացողությունից սիրտս պայթում է։ Ինչի՞ մասին գրել, գրել մեր հազարամյա մշակույթի մասին, ժառանգության պաշտպանության ու պահպանության, մեր ոգեղենության մասին…. թե այն մասին, ինչպես քաղաքի երեսից ջնջեցինք մի հսկայական մշակութային շերտ ու հիմա բետոնափոշիախառն, անկարգ, աններդաշնակ ու անկենսագրություն քաղաք ենք մոգոնում՝ ամեն կտորին նայելով ոչ թե որպես հայրենիք ու հայրենի եզերք, այլ բանկային հաշիվ ու անկշտումության տաշտ…

Ու ամեն անգամ թվում է, թե վերջ, էլ բան չմնաց, կարթնանա ներքին զսպանակը, հայը, տերը… Բայց՝ ոչ… Աճառյանի դպրոցի խոշտանգում-ոչնչացումը բոլորիս աչքիս առաջ, ինչպես և բոլոր նախորդ ոչնչացումները։ Ինչպե՛ս չանզորանալ….
Դե արի ու հոդված գրի մեր ժառանգության մասին, մեր ճարտարապետական դպրոցի ու ավանդույթների մասին, Մատենադարանի ու Աճառյան դպրոցի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մասին։

Էս ԵՐԿԻՐ-Ը, ՔԱՂԱՔ-ը ի վերջո տեր ունե՞ն։
Ինչո՞ւ եք մեր կյանքը ծանրաբեռնում չապրող Սահմանադրությամբ ու օրենքներով։
Հայրենիքը սոսկ վարչական տարածք չէ, հայրենիքը հողի ու էդ հողի հետ կապված միասնական հիշողությունն է, հողն ապրեցնելն է, ժառանգությանը ՏԵՐ լինելն է։ Մի կտրեք մեզ մեր արմատից …

 

Անկախ

«Այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին». Լ. Գալստյանը ՍԴ որոշման մասին

Lilit-GalstyanՀամազգային հայ կրթական հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների վերաբերյալ:

«Երեկ, երբ լրահոսում կարդացի-լսեցի՝ որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց, շատ- շատերի պես անասելի էր նաև իմ ուրախությունը։
Ուրախությունից էլ անդին էր զգացումս, <<ամեն ինչ կորած չէ>> շտապեցի եզրակացնել, մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուտներ, որոնք կարող են պետականության և, հատկապես, պետականության արժանապատվության գիտակցում ունենալ, պետականության համար ողնահարային գործառույթներն իրականացնել՝ իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռելիության սկզբունք ապահովել, այնուամենայնիվ, մեր քաղաքական իրականությունից մինչև վերջ օտարված չէ բարոյականությունը, այնուամենայնիվ, մարդն արժեք է ու նրա իրավունքները՝ թեև դժվար, ծանր ու հյուծիչ պայքարի գնով, հնարավոր է պաշտպանել, այնուամենայնիվ Հայաստանում կան պետական այրեր, որոնց համար մասնագիտական խիղճն ու ստորագրության գինը թանկ են ամեն տասակի կարճաժամկետ <<հեղինակությունից>>, երկիրը կործանող կեղծ հավատարմության գայթակղությունից։ Մտածումներս ու ոգևորությունս ավելի ամրապնդվեցին, երբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված բոլոր վճարումները»։ Անկեղծորեն գնահատեցի նաև ՀՀԿ ներկայացուցչի արտահայտությունը, որը Սահմանադրականի բակում, լրագրողների ու հանրության առջև գունատ ու քրտնած դեմքով խոստովանեց, որ սխալվել են….
Հնարավոր է, թեթևացած շունչ քացեշի ես, ուրախանալով այն երիտասարդների համար, որոնք քաղաքացու, արդարության, արժանապատվության ու իրավունքի պաշտպանության իրենց համոզումներում վճռական են, համոզված ու շարունակելու են ապրել Հայաստանում՝ այս հողի վրա տեսնելով իրենց վաղը։
Արդեն երեկոյան մի շարք պետական պաշտոնյաների մեկնաբանությունները տրամադրության խմբագրում ու աննահանջություն էին արտացոլում, իսկ «Շանթ» հեռուստաընկերության եթերից Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը ոչ միայն մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է, այլև քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,- հենց այսպես էլ, առանց աչքերը թարթելու ասաց Ֆելիքս Թոխյանը, որն ընդամենը մեկ օր առաջ ժողովրդի աչքի ու ականջի համար հաճո, <<լավ տղու>> խիստ ժողովրդական <<արա ախպեր>>-ով սեփականության անձեռնմխելիության սահմանադրականությունն էր բացատրում ՀՀ սոցիալական ապահովության նախարարին, ԿԲ փոխնախագահին ու ԱԺ ներկայացուցչին ու ձեռքի հետ էլ <<փչացնում >> նրանց ու նրանց ներկայացրած ինստիտուտները։
Շտապել էի/էինք. պարզվեց, որ հնարավոր չէր, ու մեր ժամանակավոր էյֆորեան ընդամենը հերթական բարոյական հաղթանակ էր, գոլորշի. Սահմանադրական դատարանը կառավարության ու Ազգային Ժողովի հաշվին կարճընթաց PR արեց, վերջնախաղում առհասարակ վարկաբեկելով իրեն էլ, նրանց էլ…. ուրիշ ոչինչ…
Իսկ մենք, ինչպես հայտնի երգում է ասվում <<այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին>>։
Իսկ Հայաստանում ինչպես Հայաստանում. այո, օրենքը հակասահմանադրական է, բայց ևս 6 ամիս՝ մինչև սեպտեմբեր կգործի, երկրում կշարունակվի կուտակայինի հակասահմանադրական երթը։ Եվ արդյոք միայն կուտակայինի…»:

 

Անկախ

«Անունս արձանագրեք հայցի տակ». Լիլիթ Գալստյան

Lilit-Galstyan

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, Համազգային հայ կրթական մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջին “Մեր պարտությունների ու ողբերգությունների այսբերգից մի փշրանք” վերնագրի ներքո գրել է.

“Անկեղծորեն…դժվարանում եմ սահմանել մեր օրերի անզուսպ ու վավերական ցինիզմը, թե՞ ողբերգությունն է դրդել Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին դատական հայց ներկայացրել` ի պաշտպանություն հայոց լեզվի, նույնն է, թե՝ ի պաշտպանություն մեր պետականության ու ինքնության խորհրդանիշի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է):
Դժվար թե քսաներեք տարի առաջ, Երևանի կենտրոնն օղակած ռուսական տանկերի հռնդյունի ներքո, Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում մեր անկախությանը իրավական տեսք տվող որևէ մեկի մտքով անցներ, որ քսաներեք տարի հետո ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում մայրենիի իրավունքները դատարանում պիտի փորձենք պաշտպանել։ Այս օրվա մասին չէր կարող անցնել նաև ադ օրը դրսում՝ Ազատության հրապարակում խարույկների շուրջը պետականության երազը փայփայողների մտքով և, հաստատ, այս օրվա մասին չէր էլ կարող անցնել սեփական արյամբ Գետաշենի անտառներում անկախությունը նվաճող հայ ազատամարտիկի մտքով։

Այն ժամանակ մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնի, որովհետև մենք զոհաբերվելու չափ նվիրված էինք անկախության գաղափարին, որովհետև մենք հավատում էինք ու համոզված էինք. մեր գենետիկ հիշողությունը մի բանաձև էր բյուրեղացել՝ դարերի անղեկ ընթացքներում մեր ինքնության կոդը մեր լեզուն է, լեզուն հայրենիք է, լեզուն ուրանալը նույնն է թե հայրենիքը …:

Ու, այնուամենայնիվ, անկախության առաջին օրերին հասցրել էինք «Լեզվի մասին» ՀՀ օրենք ունենալու հոդված 1-ում սահմանել, որ պետական լեզուն` հայերենը, ՀՀ տարածքում գերակայություն ունեցող լեզու է` ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և պետության պարտավորությունն է միջոցառումների ամբողջություն իրականացնել՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը։

Լեզվի մասին չենք մոռացել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ հոդված 5-ում ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։

Ի դեպ, նույն օրենքում չենք մոռացել նաև ազգային փոքրամասնություններին՝ հոդված 26-ում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար եթերային ժամանակ տրամադրելու հնարավորություն նախատեսելով։ Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
Եվ, իհարկե, ինչպես յուրաքանչյուր օրենք, այս օրենքների պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում։
Բայց ցավն ու ողբերգությունն էլ հենց այս է. Անկախության 23-րդ տարում մեր ազգային, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետության մեջ դատական հայցո՞վ պիտի պաշտպանենք մեր ինքնությունը։

Անբացատրելի և անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում, բայց այսքա՞ն…..
Էս ի՞նչ արժեքներով ու արժանապատվությամբ ենք ապրում, մարդիկ…
Ո՞նց կարողացանք չարժևորել Անկախ պետականության գինը, ո՞նց կարողացանք ամեն օր, կաթիլ-կաթիլ նահանջել մեզանից, դավաճանել ինքներս մեզ։
Հանկարծ ցավս ինչ-որ հաղորդման տիրույթում չտեղավորեք, այդ հաղորդումն ընդամենը ցուցիչ է, մեր պարտությունների, ցինիզմի ու ողբերգության այսբերգից ընդամենը մի փշրանք…

Եվ, այնուամենայնիվ, անունս արձանագրեք հայցի տակ, հենց այնպես, ժամանակը սղագրող պատմության համար…”,-գրել է Լիլիթ Գալստյանը: