Ադրբեջանում հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը ձերբակալվեց

Օգոստոսի 5-ին Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 3 ամսով կալանքը:

Արիֆ Յունուս

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հայտարարությունում նշված է, որ Յունուսը բազմիցս առանց ոստիկանության թույլտվության “լքել է իր բնակության շրջանը, հանդիպել է անձանց, ովքեր ենթակա են քրեական հետամնդման կամ կարող են ենթարկվել, զբաղվել է ինտերնետ նամակագրությամբ, հարցազրույցներով հանդես է եկել ԶԼՄ-ներում, որտեղ ներկայացրել է միակողմանի, իրականության չհամապատասխանող տեղեկություններ”:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Արիֆ Յունուսի կինը` իրավապաշտպան Լեյլա Յունուսը, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով:

Հուլիսի 30-ին դատարանի որոշմամբ՝ Լեյլա Յունուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 3 ամսով կալանքը:

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ձերբակալված է, նրա տունը` շրջափակված

Ադրբեջանում այսօր՝ տեղի ժամանակով 11:45-ին, իր տան մոտ ձերբակալվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն,
իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Այս մասին տեղեկացրել է նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսովը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Լեյլա Յունուս

“Լեյլան դուրս էր եկել տանից և պատրաստվում էր համաժողովի գնալ: Հենց բակում նրա մեքենայի վրա հարձակում է կատարվել: Մեքենան կանգնեցրել են և ներս խուժել քաղաքացիական հագուստով 3 անձիք: Հեռախոսազանգերին չեն պատասխանել ո´չ Լեյլան, ո´չ էլ վարորդը: Դատելով ամեն ինչից՝ նրանք եղել են Գլխավոր դատախազության աշխատակիցները”,-գրել է Արիֆ Յունուսովը:

Իր հերթին, հանրային պաշտպան Յուսիֆ Ագաևը հայտարարել է, որ չի կարողանում զանգարահարել քննիչ Իբրահիմ Լեմբերանսկիին, որպեսզի պարզի ձերբակալման պատճառը:

Մոտ ժամը 12-ին Արիֆ Յունուսովը հայտնել է, որ 6 անձիք թակում են իր բնակարանի դուռը՝ սպառնալով կոտրել մետաղական դուռը: Հեռախոսազանգերին Յունուսովը չի պատասխանում: