Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Էդվարդ ՆալբանդյանՄարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։

 

Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

 

Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

 

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  խաղաղ կարգավորման ուղղությամբ  Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։

Անկախ

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ: