Թխվածք` ղեկին չծխելու, բջջային հեռախոսով չխոսելու և կանգառների համար նախատեսված տարածքը չխախտելու դիմաց

001Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, «Երևանտրանս» ընկերությունը և Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը կազմակերպել են ակցիա, որի ընթացքում վերոհիշյալ ուսումնական հաստատության ուսանողները մայրաքաղաքի կանգառագոտիներում հասարակական տրանսպորտի վարորրդներին կոչ են արել ղեկին չծխել, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով և կանգառել միայն այդ նպատակով նախատեսված տարածքներում:

Կարգը չխախտելու, ուղևորների առողջությունն ու անվտանգությունը չվտանգելու համար կարգապահ վարորդներին շնորհակալություն են հայտնել և թխվածք հյուրասիրել: Հայտնաբերված սակավաթիվ կարգազանց վարորդներին էլ են հյուրասիրել` հույս ունենալով, որ այսուհետ նրանք էլ կարգապահ կդառնան:

Միջոցառմանը ներգրավվել են  նաև այն քաղաքացիները, ովքեր կանգառագոտիներից դուրս են սպասել հասարակական տրանսպորտին: Ուսանողները նրանց էլ են քաղցրավենիք հյուրասիրել՝ հորդորելով, որ տրանսպորտին սպասեն միայն նախատեսված հատվածներում:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում՝ բացառելու համար սահմանված կարգը խախտելու դեպքերը: Ըստ նրա՝ վերջին շրջանում կարգազանց վարորդների թիվը կտրուկ նվազել է, և նմանատիպ նախաձեռնությունները հաճախ բարոյախրատական ավելի մեծ ներգործություն են ունենում, քան վարչական լծակների կիրառումը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուն քաղաքացիներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և, վարորդների կողմից թույլ տրված խախտումներ նկատելիս, ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 010-51-41-52, 010-51-41-87, 010-51-42-36 կամ «Երևանտրանս» ընկերության թեժ գծի 010-39-16-53 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն` ծխելու դեմ պայքարում

հեհ«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն երկու ամիս շարունակ սեմինարներ է վարել երիտասարդների համար՝ նրանց ծանոթացնելով պասիվ ծխելու վնասներին: Ծրագրի մասնակիցները շրջել են երթուղայիններով, արձանագրել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքեր ու այդ մասին տեղեկացրել համապատասխան քաղաքապետարաններին:

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը նշեց, որ իրենց գլխավոր հիմնախնդիրներից է համագործակցել լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենք հասարակական տրանսպորտում փակցրել են պաստառներ, որոնք իրազեկում են, որ տրանսպորտում արգելվում է ծխելը, և կոչ են անում վարորդներին չծխել։ Նա նկատում է, որ երբեմն շատ դժվար էր պաստառները տրանսպորտում փակցնել, քանի որ վարորդների կողմից հանդիպում էին խոչընդոտների։ Անահիտ Թովմասյանը նաև նշում է, որ պաստառների գոյությունը հոգեբանական ազդում է վարորդների վրա և շատ դեպքերում զսպում նրանց ծխելու  ցանկությունը։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի տեսուչ, ոստիկանության  ավագ լեյտենանտ Խաչատուր Սամվելյանը կարևորեց վարորդների շրջանում նման ակցիաների իրականացումը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ վերահսկողություն է իրականացվում ծխող վարորդների նկատմամբ։ Նման փաստեր հայտնաբերելու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ 3000 դրամի չափով։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ բնակավայրերից դուրս մայրուղիներում, որտեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժամ է, շատ հաճախ վթարների պատճառ է դառնում վարորդի ծխելը։

Նշենք նաև, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն մոտ 700 վարորդի շրջանում իրականացրել է հարցումներ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ նրանց 90 տոկոսը ծխում է, սակայն վարորդները նշել են, որ ղեկին չեն օգտագործում ծխախոտ։ Կլոր սեղանի մասնակիցները խիստ կասկածում էին նման պնդումների հավաստիությանը։

Հիշեցնենք, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հակածխախոտային ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով

10437191_10202286215104567_382730744_nԵրաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը:

Այն կազմակերպել էր «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Համերգի մասնակիցները՝ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն, անձամբ էին կոչ անում երիտասարդներին զերծ մնալ ծխելու վատ սովորությունից: Նրանց կատարումների ընթացքում պարբերաբար հնչում էին ծխելու վնասակար ազդեցության, հիվանդությունների և տարաբնույթ վնասների մասին տեղեկություններ:

DJ Vakcina-ն, կարևորելով ծխելու դեմ պայքարում քարոզչության ապահովումը, նշեց. «Մեր նպատակն է մարդկանց առավելագույնս իրազեկել ծխախոտի վնասակար ազդեցության մասին, թե ինչպես կարելի է թողնել ծխելը: Սակայն մեր խնդիրը ոչ միայն ծխելու դեմ պայքարն է, այլ առողջ ապրելակերպի քարոզումը, քանի որ ինչքան էլ ասենք՝ ոչ ծխախոտին, ակամայից ծխախոտն է գովազդվում»:

Իրազեկման համերգի ընթացքում ներկա երիտասարդներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ ծխելու վնասակար ազդեցության մասին:  Երիտասարդ հեծանվորդներն էլ տեղեկատվական թերթիկները նախապես տարածել էին ողջ քաղաքով մեկ:

DJ Vakcina-ն վստահ է, որ ծխելու դեմ պայքարը արդյունք կտա, եթե ապահովվի գրագետ քարոզչություն: Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում քարոզը պետք է տարվի երիտասարդներին հասկանալի լեզվով՝ երաժշտության և լավ ժամանցի միջոցով։ Նա նաև ընդգծեց, որ տարիների իր աշխատանքը տվել է արդյունքներ. իր ընկերներից շատերը թողել են ծխելը։

«X Factor» երաժշտական հեռուստաշոուի հաղթող Կիմ Գրիգորյանը անկեղծորեն նշեց, թե ծխելու՝ 9 տարվա «փորձ» ունի, բայց նաև տեղեկացրեց. «Սիրելիիս խոստացել եմ, որ այսօրվանից թողնելու եմ ծխելը, քանի որ դա վնասելու է առաջին հերթին այն փոքրիկին, որ հետագայում լույս աշխարհ է գալու»:

Ըստ Կիմ Գրիգորյանի՝ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կամքի ուժի դրսևորումն է ու երեխայի՝ ճիշտ դաստիարակությունը. «Ծնողի հետևողականությունը ամենափոքր տարիքից սկսած,  ճիշտ դաստիարակությունը կարծում եմ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Արդարադատության նախարարը բոլոր ծխողներին հորդորում է թողնել ծխելը

18_bԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես մանուկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հորդորել է թողնել ծխելու վնասակար սովորությունը: Նա մասնավորապես գրել է.

“Մինչև վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը…: Եվ ինչ-որ պահի, սրանից տարիներ առաջ, հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլև անազնիվ և անպատասխանատու՝ հարազատներիդ և շրջապատիդ համար:

Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների և չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչև մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առաջ:
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս և հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում …”:

 

Անկախ

 

Ծխելու դեմ պայքարում պետք է համախմբվեն դպրոցը, ընտանիքն ու հանրությունը

ծխելու դեմ պայքար«Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը։

Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունն արդեն իսկ եղել է 10 դպրոցում։ Սեմինարների միջոցով դեռահասներին հնարավորինս պարզ, ինտերակտիվ մեթոդներով ներկայացվում է ծխախոտամոլության վնասների մասին։ Աշակերտներին ներկայացվող նյութը պարունակում է նաև տեղեկատվություն, թե ինչպես թողնել ծխելը, ինչը կարող է օգտակար լինել թե′ դեռահասների, թե′ նրանց շրջապատող մեծահասակների համար։ Հարություն Հարությունյանը նշում է, որ կան շատ աշակերտներ, որ տեղյակ չեն անգամ, որ հասարակական տրանսպորտում կամ հասարակական վայրերում ծխել չի կարելի, դրա համար տուգանք է հասնում։

Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը նշում է, որ դպրոցում կան ծխող երեխաներ, թեև նրանց թիվը շատ քիչ է։ Ըստ տնօրենի` ծխելու խնդիրը հենված է երեք կարևոր կետերի վրա՝ ընտանիք, դպրոց, հասարակություն. «Դպրոցն իր աշխատանքն անում է։ Ցավոք, երբեմն ըտանիքն ու հասարակությունը շատ համբերատար են վերաբերվում, անտարբեր են երեխաների ծխելու հանգամանքին։ Եվ ստացվում է՝ որքան էլ դպրոցն իր աշխատանքն անի, մնում է պարտվածի կարգավիճակում»։ Տնօրենը նշում է, որ ինքը չի ծխում ո′չ իր աշխատասենյակում, ո′չ ուսուցիչների, ո′չ էլ առավել ևս աշակերտների մոտ։ Նա նկատում է նաև, որ ցանկացած նման դասընթաց երեխաների մոտ կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց իրական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են սկզբունքային, հետևողական քայլեր։

Նշենք, որ «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

unnamedՆոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։

Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։  Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։ «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված իր շարադրության մեջ unnamed (1)Վիգենը գրում է. «Ծխել նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձևության հետ արդյո՞ք կապված է այս երևույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձև է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։

Վիգեն Բուդոյանը հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը:

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով` ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու գիտակցում»։

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով  ուսանողների մոտ փորձել են ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մշակվում է ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր

ՊՆ, ծխելու դեմ պայքարՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի առաջիկա ծրագրերի շուրջ կլոր սեղան-քննարկումն առաջարկում ենք դիտել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստածրագրի առաջիկա թողարկման ընթացքում:

 

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն են.

 

Արա Բաբլոյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թևան Պողոսյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ

Բաբկեն Վարդանյան – ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական

Բենիկ Հարությունյան – ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալիկ Բազարջյան – ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու