Արտասվում էին նույնիսկ անծանոթները. դիպուկահարի կրակոցից զոհված Կարենին հուղարկավորեցին Սիսիանում (լուսանկար)

Կարեն Գալստյանի հուղարկավորությունըՍիսիանի քաղաքային պանթենում հունվարի 31-ին զինվորական կարգով հուղարկավորեցին հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Կարեն Գալստյանին,հաղորդում է NEWS.am-ը:

Հուղարկավորությանը մասնակցել է Կարենի զորամասի հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

«Նրա մահը բոլորի ողբերգությունն է, սա բոլորի ցավն է. սպանել են հայ զինվորի: Դրա համար եկել են շատ ծանոթ-անծանոթ մարդիկ: Ամբողջ քաղաքն ա մասնակցում թաղմանը: Տեսնում ես մարդկանց, որոնք նրան անգամ չեն ճանաչել, բայց կանգնած արտասվում են: Ծնողների, հարազատների վիճակն էլ շատ վատ է»,- NEWS.am-ին պատմել է Կարենի ընկերներից մեկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Անկախը, 20-ամյա Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր. բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Սովորել է Սիսիանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված Կարենը մահվանից մեկ օր առաջ խոսել էր հարազատների հետ

դիպուկահարՀունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի  արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Այս մասին NEWS.am-հետ զրույցում պատմել է Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը: «Կարենը միջնեկն էր: Մեծ եղբայրս էլ ծառայել է բանակում, այժմ Ռուսաստանում է»,- պատմել է եղբայրը:

Կարենը սովորել է Սիսիան քաղաքի գիշերօթիկ դպրցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը: Բաբիկ Գալստյանը պատմեց, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:

Կարենի համագյուղացիները NEWS.am-ին պատմել են, որ նրա հորեղբայրը` Բաբիկ Գալստյանն էլ մահացել է Խորհրդային բանակում ծառայելիս մոտավորապես նույն տարիքում։

Մինչեւ Սիսիան քաղաք տեղափոխվելը Գալստյանները ապրել են Սյունիքի մարզի Ույծ գյուղում. «Մեր գյուղում սուգ ա, բոլորի համար էլ խորը ցավ ա, պետք ա բոլորս էլ հավաքվենք, օգնենք իրենց հուղարկավորությունն անել: Արդեն հայրը գնացել է Երեւան դիակը բերելու»,- պատմեց Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը։

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ