Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը ձեռքը կկտրի, բայց այդ նախագիծը չի ստորագրի»

Արամ Մանուկյան (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀԱԿ օրակարգում չի փոխվել ու չի փոխվելու իշխանափոխության պահանջի հարցը, քանի որ իրենք երկրում փոփոխությունների միակ ելքը համարում են դա: Միաժամանակ նա խոսոտավանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց. «Այսինքն, եթե ժամանակը երկար գնաց, մարդիկ արտագաղթեցին, պայքարող էլ չմնաց, ո՞վ է սրանց հախից գալու»,-հարցնում է Մանուկյանը:

Նրա կարծիքով` իշխանությունները հենց դրա ուղղությամբ էլ աշխատում են. ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջը, էդքան քիչ կլինի պահանջողը:

Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին իրենց կմիանան նաև շատ այլ ուժեր: Ավելին` նա վստահ է, որ մի օր Հանրապետականից էլ կանցնեն ընդդիմության շարքերը, Սերժ Սարգսյանից երես թեքողներ էլ կլինեն` հատկապես  սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնելու դեպքում:

Մանուկյանը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը խորհրդարան է մտել 7 ձայնով, սակայն այսօր ունի 50-55 ձայն` շնորհիվ մյուս քաղաքական ուժերի հետ համախմբման. «Սա դանդաղ արդյունք է, բայց արդյունք է»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ դա համարժեք պատասխան էր Հայաստանին. «Ով էր տեսել նման բան, ամոթ չէ՞ր, էդ «համմերով» եկել-կանգնել էր Ազգային ժողովի աստիճաններին, պառկած խոսում էր, է, հետո՞…»,-վրդովմունքը չթաքցրեց պատգամավորը,-ո՞ր երկիրը թույլ կտա, որ այլ երկրի որևէ քաղաքացի իր երկրում նման լկտի ձևով հանդես գա, էդպիսի պոռոտաբանությամբ զբաղվի: Էն ի՞նչ դաս էր մեզ տալիս: Դահլիճից մեկն արձագանքեց՞…»:

Անդրադառնալով քառյակի կողմից ներկայացված 12 պահանջներին` Արամ Մանուկյանն ասաց, որ դրանք կատարելու դեպքում իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան. օրինակ` ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը և ընտրությունների հենց հաջորդ օրը ցուցակների հրապարակումը. «Սերժ Սարգսյանն իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի մի օրենք, որով հաջորդ օրը կտպվեն ընտրողների ցուցակները»,-ասաց նա:

Պատգամավորը նաև համոզված է, որ իշխանությունները չեն գնա անգամ 12 կետերի  պահանջի կեսի կատարմանը. «Եթե ուզենան, իհարկե, կգնան, բայց էդ ուզելը նշանակում է` զրկվել սեփական թիմից, սեփական փողերից և սեփական աջակցող օլիգարխներից: Այդ դեպքում լուրջ քանդուքարափ է լինելու Հանրապետական կուսակցությունը: Թող հիմա իրենք որոշեն` կամ փրկելու են Հանրապետական կուսակցությունը, կամ էլ երկիրը»:

 

Անկախ

Վելիկոռուսական շովինիզմով տառապող «լժե-վերլուծաբանը» և խաշած ժպիտներով հայ պատգամավորները

Նաիրա ԶոհրաբյանՀունիսի 11-ին ԱԺ նիստից հետո ստեղծված աժիոտաժը խորհրդարանում հենց սկզբից է զարմացրել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ազգային ժողովի շենք Դալայ Լաման էր մուտք գործելու, և երբ ես հարցրեցի, թե ում եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց` մի վերլուծաբանի, որի քծնանքը առ Պուտին ավելի նողկալի է, քան երբևէ ժամանակին մենք սովետպրոպագանդայի ժամանակ տեսնում էինք առ Չեռնենկո, Անդրոպով և Բրեժնև»,-ասաց նա` ի պատասխան Անկախ-ի հարցին, թե ով է պատասխանատու և մեղավոր, որ ռուսաստանցի մի լրագրող Հայաստանում նման հայտարարություններ է անում:

Պատգամավորի կարծիքով, երբ դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում «թքեն քո երեսին», ապա դրանում մեղավոր ենք մենք բոլորս. «Եթե դու նման հնարավորություն տալիս ես ինչ որ մի «լժե-վերլուծաբանի», ապա միշտ էլ կգտնվի այն անկիրթ, անդաստիարակը, որը իրեն թույլ կտա Հայաստանի Հանրապետության խորհրդարանում մեզ դաստիարակելու և սովորեցնելու»:

Ըստ Զոհրաբյանի, պատասխանատուն ու մեղավորը նաև նրանք էին, ովքեր «խաշած ժպիտներով նստած էին այդ նիստին և թույլ էին տվել, որ ինչ որ մի տեսաբան, որը տառապում է վելիկոռուսական շովինիզմով, անարգի Հայաստանի Հանրապետությունը»:

 

Անկախ

 

 

Հայ պատգամավորները սողում են ռուսական երկրորդական կարգի մի լրագրողի առջեւ. Ավետիք Իշխանյան. news.am

Ավետիք ԻշխանյանՀայաստանը այնքան է նվաստացել եւ ներքին անկախություն չունեն մեր քաղաքական այրերը, մեր անողնաշար պատգամավորները եւ այնպիսի ողորմելի վիճակի մեջ են, որ որեւէ լրագրող գալիս է նրանց դասեր է տալիս, եւ նրանք նվաստացած վիճակով սողում են ռուսական երկրորդական կարգի մի  լրագրողի առջեւ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլեւի այն հանդիմանանքին, թե Հայաստանում կամաց-կամաց մոռանում են ռուսերենը եւ ինչ են անում ՀՀ պաշտոնյաները դա կանխելու համար:

«Անկեղծ ասած ես ուզում եմ հայհոյանքներով պատասխանել ու հազիվ եմ ինձ զսպում, բայց կփորձեմ հնարավորինս պատշաճ պատասխանել:

Ուրեմն, դա նշանակում է ազգային արժանապատվության կորուստ, անկախության կորուստ, սա նշանակում է պատիվ չունենալ ընդհանրապես, որ ինչ-որ մի լրագրող կարող է գալ Հայաստանի քաղաքական գործիչներին դաս տալ եւ նրանց ասել դուք պետք է ուծացվեք, դուք պետք է դառնաք ռուս: Եվ նրանք ինչ-ինչ պատճառներով ժպտում ու քծնում են: Բնականաբար նրանք իրենց գրպանի մասին են մտածում: Ես ուրիշ ասելիք չունեմ: Սա Ազգային խայտառակություն է»,-հայտարարել է Իշխանյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

«Կիսելյովը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը լրագրող չի, այլ՝ տապոռ քարոզիչ». Տիգրան Քոչարյան

կիսիլյով-180x180

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է.

“Ավարտելով Կիսելյով-տաքսիստ հասարակության թեման՝ ասեմ:

Կիսելյովը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը լրագրող չի, այլ՝ տապոռ քարոզիչ: Դա, մեղմ ասած, գլոբալ առումով` դասական ապուշ:
ա) Եթե դու տաքսի չես նստել ու Համմերով ֆռացել, բարի եղիր ասել, որ քեզ դա պատմել են:
բ) Եթե դու անընդհատ ստեղի սապոնների հետ ես հանդիպում, ապա չարժե կարծիք կազմել մի կողմի ասածով, հանդիպի և հակառակ կարիք ունեցողների հետ:
գ) Եթե դու լավ գիտես, որ քո երկիրը այստեղ մատը մատին չի տալիս, որ հասարակական կարծիք ձևավորի, ապա մի բան ասելու, մի քիչ քցի-բռնի, նոր քաք մեջ արա:

Կիսելոյվին կամ դրա տիպի մարդ կանչելուց առաջ, կանչող կողմ, գոնե մի քիչ աշխատեք նախօրոք, մարդուն բացատրեք տեղական առանձնահատկությունները, Հայաստանը Ուկրաինա չի, Հայաստանը Կրասնոդար չի, որը որից հետո ա, ու նոր մեյդան գցեք: Տարրական բաներ են”:

 

Անկախ

«Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը». Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ինչո՞ւ Կիսելյովը պետք է գա Հայաստան, մեզ արհամարհական ու ցինիկ ձևով խորհուրդներ նետի, իսկ մենք մեր մետրային ալիքով հեռարձակենք այն ալիքը, որի գլխավոր դեմքը հենց սույն պերսոնաժն է:
Թասիբ, նամուս կա՞, թե՞ սեպտեմբերի 3-ին պրծել է:
Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը”:

 

Անկախ

«Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից». Ալ. Արզումանյան

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին նիստը մեկնարկեց պատգամավորների լեզվակռվով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործընկերների ուշադրությունը հրավիրեց նախօրեին Ազգային ժողովում տեղակայված հայ-ռուսական ակումբի նիստում ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովի հանդիպմանը և այդ հանդիպմանը նրա հնչեցրած մտքերին: <<Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսիլյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ Հայաստանը օտարերկրյա հյուրերին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը, հայոց լեզուն հայ ժողովրդի համար հոգևոր արժեք են, ուստի, եթե նման իրողություններ կան, կքննարկվեն: Անյուհետև վարման կարգով ելույթ խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը երեկվա հանդիպմանը ներկա է գտնվել: Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. <<Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը/կողքի պատգամավորին հարցնում է՝ ինչ էր ազգանունը/, հա, պարոն Փաշինյան, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես: Որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այնտեղ ներկա եմ եղել, չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ հարգալից մթնոլորտում, և պատգամավորները, լսելով կարծիքը, ներկայացրել են իրենց կարծիքը>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք տրամադրել, քանի որ ծավալվում է քննարկում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում խնդիրը նիստից դուրս լրացուցիչ կքննարկվի:

Այնուհետև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ցանկանում է փարատել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ բոլորի, այդ թվում՝ «լրատվական կորպուսի» ներկայացուցիչների անհանգստությունը: <<Ակումբային հարթակը բանավիճային է, որտեղ պոլեմիկայի, տարբեր կարծիքներ լսելու, այլ արգումենտներ հնչեցնելու հնարավորություն պիտի լինի, և կա այդ հնարավորությունը: Ներկա պատգամավորները, լրատվական ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների հասցեին, վստահ եղեք: Եթե նման լիներ, ապա ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ներկաները թույլ չէր տա: Այնտեղ են եղել պարոն Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, և բոլորը, պարոն Փաշինյան, իրենց բարձունքի վրա են գտնվել>>:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. <<ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, խնդրում և պահանջում եմ հետայսու ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկման ժամանակ պահպանել պետական լեզվի կարգավիճակը՝ ապահովելով թարգմանություն: Եվ հաջորդը. եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք, սա խնդրում եմ՝ նկատի ունեցեք>>:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նախօրեի քննարկմանը, ասաց, որ բազմակարծություն ապահովելու ահմարա նհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիքներով պատգամավորների: <<Որպեսզի եթե վիրավորեն մեր ժողովրդին, կարողանանք պաշտպանել: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է: Հանդիպումն ամբողջությամբ համացանցում է, որտեղ հստակ երևում է, որ մեր ժողովրդի հասցեին, մեր պետությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ և կինիկ բառերի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաշչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այսուհետև խորհրդարանական յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով: Արձագանքելով արդեն խոսափողն անջատած, բայց լեզվակռիվը շարունակող պատգամավորներին՝  Գալուստ Սահակյանը ասաց. <<Էստեղ արդեն պատերազմ չենք հայտարարում: Ուշադիր, ուշադիր, կարծում եմ՝ էստեղից է գալիս, որ մեր ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում: Սա խորհրդարանի դահլիճն է, արդեն ասացի, եթե անհրաժեշտ է, ևս մեկ անգամ կքննարկենք իրողությունը>>: