«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հեղինակի հետ հանդիպում

BanerՀունիսի 25-ին՝ ժամը 18:30-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած` «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում, «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն կկազմակերպի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, և հանդիսատեսի հարցերին կպատասխանի ֆիլմի հեղինակը:

Հիշեցնենք, որ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի կինոփառատոնում

hamshenԲանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը կներկայացվի մարտի 14-20-ը Նյու Յորքում կայանալիք «Socially Relevant Films» կինոփառատոնում: Ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի մարտ ամսին, արդեն հասցրել է ցուցադրվել միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոններում և արժանանալ մրցանակների:

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը: Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում, որ կոչվում է «Արդվինի նահանգ», հայոց Համշեն գավառի մասին պատմական ակնարկից հետո ներկայացվում են դրվագներ Արդվինի նահանգի Խոփա գավառի համշենցիների կյանքից: Երկրորդ մասը, որ կոչվում է «Ռիզեի նահանգ», արդեն ներկայացնում է թուրքախոս համշենցիներին: Ֆիլմում տեղ են գտել բացառիկ դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության, մշակույթի մասին, ինչպես նաև մեկնաբանված է բռնի իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի տարատեսակ:

Անկախ

Համշենցիների մեծամասնությունը մերժում է իր ինքնությունը. Հիքմեթ Աքչիչեք

hikmetՎերջերս Ստամբուլում տեղի ունեցած «Իսլամացած հայերը» կոնֆերանսի վերջին օրը տեղի ունեցած «Թոռներ» ֆորումի ժամանակ Համշենական մշակույթի ուսումնասիրության և պահպանության «Հատիկ» միության ներկայացուցիչ Հիքմեթ Աքչիչեքը խոսել է համշենցիների ինքնության փնտրտուքների մասին: Աքչիչեքը նշել է, որ Թուրքիայում բնակվող համշենցիները 300-350 տարի է, ինչ ապրում են որպես մահմեդականներ, նրանց մեծ մասը յուրացրել է իսլամական ինքնությունը, սակայն նրանց մահմեդականությունը ամենևին էլ ֆանտաստիկ իսլամ չէ:

«Թուրքիայում ապրող համշենական համայնքի մի կարևոր զանգված, մերժելով իր հայկական արմատները, էթնիկական տեսանկյունից իրեն համարում է թուրք ժողովրդի մի մասը: Նրանց համար հայերը հնում հարևան եղած, իսկ ավելի հազվադեպ էլ ամուսնության ճանապարհով բարեկամ դարձած մի հանրություն է: Իսլամացած հայեր լինելու գաղափարը ընդունող համշենցիների համար էլ, որպես պատմական, սոցիալական և քաղաքական պայմանների անհրաժեշտ հետևանք, այսօր հայկական ինքնության մասին խոսելը շատ իրատեսական չէ: Եվ հայկական ինքնությունը ընդունողների, և այն ժխտողների համար այսօր համշենական ինքնությունը ավելի գերակա է»,-նշել է Աքչիչեքը: