Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ

   համո սահյան   Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին:  Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:

Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:

“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:

Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով  նշեց` շատ հուզված էր  ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:

Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:

“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի”  հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:

Անկախ

Հոբելյանական միջոցառումներ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին

համո սահյանՀայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով:
Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը  և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է  Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն- թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը:  Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:

Կառավարական հանձնաժողով

 

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

11207_am_2Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:
Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:
Ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Անկախ