Պոլիտեխնիկի ռեկտորը աշխատանքից ազատման դիմում է գրել. պատճառը աշխատանքային լարված մթնոլորտն է

загруженное (2)Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը Անկախ-ին հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ռեկտորը ներկայացրել է իր հրաժարականի դիմումը:

Մեր զրուցակցի խոսքով` հրաժարականի պատճառը համալսարանում լարված իրավիճակն է, որը ռեկտորին այլևս թույլ չի տվել աշխատել:

Արա Ավետիսյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2011թ. սեպտեմբերի 3-ին:

 

Անկախ

Այսօր Պոլիտեխնիկի ծննդյան օրն է

պոլիտեխնիկ1933թ. փետրվարի 27-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ Ժողկոմխորհի համատեղ նիստի որոշմամբ ՀԽՍՀ շինարարական ինստիտուտի և ՀԽՍՀ քիմիատեխնոլոգիական ինստիտուտի միավորմամբ 1933թ. մարտի 1-ին կազմավորվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Պոլիտեխնիկական ինստիտուտն աճեց ու հզորացավ Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ինստիտուտը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ ավելի քան 65 մասնագիտությունների գծով սովորում էր երկրի ուսանողության 40%-ը:

Տարիներ անց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարողացավ ոչ միայն դիմակայել երկրին բաժին ընկած փոթորիկներին, այլև յուօրինակ կերպով իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության նորացման ու զարգացման գործում:

1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը և պատվով ստանձնեց “կրթական բարեփոխումների դրոշակակիր” տիտղոսը:

Ներկայումս Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է, որի ուսերին է դրված մեր նորանկախ պետության տնտեսության զարգացման հիմքն ու գրավականը լինելու և հայ ճարտարագիտական միտքն առաջ մղելու բարձր պարտականությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իր գործունեության 8 տասնամյակների ընթացքում երկրին տվել է ավելի քան 120 000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

 

Անկախ

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսորը անցկացրեց սեմինար-վարժանք

IMG_6640Ապրիլի 30-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) երիտասարդ ճարտարագետների նորարարության և ձեռներեցության դպրոցի շրջանակներում երիտասարդ մասնագետների հետ «Անձի վերլուծության և զարգացման հմտություններ» թեմայով սեմինար-վարժանք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, կառավարման հոգեբանության ոլորտի բարձրակարգ մասնագետ Գալինա Բիրյուկովան:

Երիտասարդ ճարտարագետների նորարարության և ձեռներեցության դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։

ՀՊՃՀ երիտասարդ ճարտարագետների նորարարության և ձեռներեցության դպրոցի կազկոմիտեի նախագահ Հրայր Աբրահամյանը նշում է, որ դպրոցի նպատակն է ուսումնառուներին տրամադրել գիտելիքներ նորարարական ձեռներեցության մասին, նպաստել անհրաժեշտ նորարարական մտածելակերպի ձևավորմանը և զինել նրանց համապատասխան հմտություններով և ունակություններով:

Դպրոցում անցկացվում են զեկույց-դասախոսություններ, թրեյնինգներ, գործնական աշխատանքներ, սեմինարային ներկայացումներ, հրավիրված բանախոսների հետ քննարկումներ և բանավեճեր: