Խաղաղ հարաբերությունների, ժողովրդավարության հաստատմանը կարելի է հասնել միայն պատմության հետ առերեսվելու, կատարած ոճրագործությունները ճանաչելու միջոցով

 

Լուսանկարը` Panorama.am-ի

Լուսանկարը` Panorama.am-ի

“Թուրքիա պետությունը և թուրք ժողովուրդը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կատարի հայերի պահանջները: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ներողություն խնդրի իր կատարած ոճրագործությունների համար”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի /ABDEM/ անդամները, ովքեր Հայաստանում են ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դնելու Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի առջև:

“Ուրախ ենք Հայաստանում լինելու, Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հայերին զորակցելու,հայերի ցավը կիսելու համար: Մենք խաղաղության համար ենք այստեղ և կուզենք, այս խնդիրը արդար լուծում ստանա: Այս ոճրագործությանը ենթարկված բոլոր ազգերի իրավունքներն են կարևոր, և կուզենք, որ ամեն տեղ դրանք պաշտպանվեն:  Պետք է խաղաղ հարաբերությունների, ժողովրդավարության հաստատում, որին կարելի է հասնել միայն սեփական պատմությունն ու ոճրագործությունները ճանաչելու միջոցով,-ասաց ազգությամբ քուրդ, Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի  նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Րոժդա Յալդիրիմնը:

Նշենք, որ Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի /ABDEM/ այն ներկայացուցիչները, ովքեր ներկա էին ասուլիսին, հիմնականում Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, ովքեր գաղթել են Եվրոպա և եվրոպական տարբեր պետությունների քաղաքացիներ են: Կազմակերպության անդամներից Ալիէքբաֆ Փեկթաշը ազգությամբ թուրք ալևի է և  ներկայացնում էր  Եվրոպայի ալևիների շարժումը, որը սունի իսլամի մեջ համարվում է “այլասերում”,  սա ևս պատճառ է, որ Թուրքիայում նրանց համարեն թշնամի:

Փեքթաշը  նշեց, որ իրենք ևս պահանջում են Թուրքիայից ներողություն խնդրել հայ ժողովրդից և համաձայն են հայ ժողովրդի կողմից ներկայացված պահանջների հետ:

Կազմակերպության անդամները նշեցին, որ կառավարությունը, իհարկե, համամիտ չէ  իրենց քայլերի հետ, բայց Թուրքիայի ներսում  աջակիցներ ունեն:

“Անկախ”-ի այն հարցին, թե Եվրոպական խաղաղության, դեմոկրատիայի կոչերը, պիտի ուղեկցվեն նաև  պատմական այն տարածքների վերադարձման պահանջով,  ուր այսօր միլիոնավոր քրդեր, թուրքեր են բնակվում,  այդ պարագայում ինչպե՞ս են պատկերացնում տարածքների վերադարձման հարցը, Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի նախագահ Րոժդա Յալդիրիմնը պատասխանեց.  “Եթե հայերը ցանկանում են ապրել իրենց հողերում, ապա քրդերը ևս ուզում են այնտեղ ապրել,  չնայած քրդերը մեծամասնություն են կազմում, բայց անցյալում էլ հայերը, քրդերը, թուրքերը ապրել են միասին և սա հնարավոր է”:

Ապրիլի 24-ին կազմակերպության անդամները Եղեռնի հուշարձանի մոտ կպահանջեն Թուրքիայի կառավարությունից ճանաչել 1915թ-ի Ցեղասպանությունը և կրել այն պատասխանատվությունները, որոնք Եղեռնի հետևանք են:

ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Թայիփ Էրդողան

Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Բոները իր հերթին նշել է, որ 1915 թվականին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Անկախ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Շավարշ ՔոչարյանՀարց.Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող  և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։

 

Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում:

Անկախ