Կստեղծվի հայ-ռուսական մարդասիրական կենտրոն

մարդասիրական կենտրոնՇիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ելույթ ունենալով ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ոլորտում սպասվում է հայ-ռուսական նոր համագործակցություն.

“Այնպիսի փոքրիկ հանրապետության համար, ինչպիսին մերն է, տարհանման, պատերազի ժամանական քաղպաշտապնության խնդիրներն ամենակարևոր հանգուցային խնդիրներն են: Եթե նախկինում մենք ունեինք ռեզերվներ` սննդամթերքից սկսած մինչև այն ծանր մեքենաները, որ Շիրակի մարզը 3 հատ ստացավ ու այսօր օգտագործում է: 20 տարուց ավել այդ մեքենաները կանգնած էին` որպես պատերազմի ժամանակ օգտագործվելիք ռեզերվներ: Հիմա դրանք մարզերում ծառայում են մարդկանց: Նախարարի նախաձեռնությամբ ստեղծվեց հնարավորություն արտակարգ իրավիճակների համար երկրում ռեզերվներ ունենալ. դա և դեղորայք է, և առաջին օգնության տարբեր միջոցներ, և հագուստ, և վրաններ, և այլն: Եվ այսօր ստեղծվում է հայ-ռուսական մարդասիրական փրկարարական կենտրոն: Դա իր մեջ ենթադրում է` մենք Ռուսաստանից կստանանք ուղղաթիռներ, մեծ քանակության տեխնիկա, մոտ 14 մլն դոլարի, և այս ամբողջը կծառայի մեր ժողովրդին տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքման համար:
Հայ-ռուսական այս մարդասիրական կենտրոնն այս տարվա մեր գլխավոր անելիքներից մեկն է”:
Գեներալը նաև նշեց, որ Գյումրին ունենալու է ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցած վերջին տեխնիկասարքավորումներով և 911 ծառայություն:

 

Անկախ

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյան, Մաքսիմ Սոկոլով, հայ-ռուսական,ցուցահանդեսՏնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,– նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

 

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են հայ-ռուսական բարձր մակադրակի բանակցություններ

 

ՀՀ Նախագահ,նստավայր, հայ-ռուսական, բանակցություններՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի  տիկայք և պարոնայք,

Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:

Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:

Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար:

Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի ընկերներ,

Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:

Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահին:

 

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: հայ-ռուսական միջտարածաշրջանային  համաժողովՎ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշեց Վ. Տերտերյանը:

 

Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարեւոր դերը` նշեց, որ ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվեց 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, նշվեց, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրեցին Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

 հայ-ռուսական, ռազմատեխնիկականՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Նա Հայաստան է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

«Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը և շահագրգռված է խորացնել այն», – նշել է վարչապետ Սարգսյանը և բարձր գնահատել պարոն Բիրյուլինի անձնական ներդրումը երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման գործում:
Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը և քայլեր է ձեռնարկում այն զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության ընթացքին և ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կոնստանտին Բիրյուլինը և Ալիկ Միրզաբեկյանը վարչապետին են ներկայացրել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ առկա է լիարժեք փոխըմբռնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում: