Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունն այսուհետ կքննարկվի խորհրդարանում

ազգային-ժողով7Խորհրդարանում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի նպատակը դատախազության գործունեության հրապարակայնության և Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումն է:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը. «Նախագծի նպատակը հետևյալն է. եթե նախկինում հաշվետվություններն ընդամենը ուղարկում էին Ազգային ժողով, և Ազգային ժողովն ընդամենը հրապարակում էր, հիմա մենք առաջարկում են հրապարակային քննարկում` հարցուպատասխանի ձևով, որպեսզի պատգամավորներն էլ կարողանան իրենց տեսակետներն արտահայտել»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով: Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում:

Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նստաշրջանում գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովում հաշվետվությամբ հանդես գալու հարցը բարձրացվում էր ընդդիմության կողմից: Մասնավորապես, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր, որ նրա մասնակցությամբ խախտվում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, քանի որ գլխավոր դատախազը խորհրդարանում հանդես չի գալիս տարեկան հաշվետվությամբ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ չի սահմանում գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հանդես գալու պահանջը, ապա ավելացրել, որ իր կողմից այդ հարցը բարձրացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առջև, և ամեն ինչ արվելու է, որ գլխավոր դատախազը հանդես գա հաշվետվությամբ:

 

Անկախ

Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում

դատախազությունՀՀ դատախազությունից Անկախին հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

     Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը “Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ”ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին

կարեն անդրեասյան   գևորգ կոստանյան Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպան
պարոն Կ. Անդրեասյանին
     Հարգելի պարոն Անդրեասյան,
     ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
     ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
    Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
    Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:
Հարգանքով՝                                                                                             Գ. Ս. Կոստանյան 

Անկախ