Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

2_1215ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարևորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում  շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը քաղաքաշինության  նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ:

1_DilijanՏեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարաը ներկայացրել է  այն հիմնական սկզբունքները և չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման  խնդիրներին լուծում տալու ընթացքում:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:

4-schoolՔաղաքաշինության նախարարը այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաև` բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ:

 

Ներկայացվել են հայցեր ապօրինաբար զավթած բնակարանների ազատման պահանջով

քաղշին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի` սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել:

ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախարարությունն  ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում, այդ 2 ընտանիքներից` Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը ապօրինաբար զավթած բնակարանից զատ` վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2 սենյականոց բնակարան է ստացել Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:

Նշյալ ընտանիքները բազմիցս, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զգուշացվել են ապօրինաբար զավթած բնակարաններն ազատելու համար: Ավելին` նշյալ 2 ընտանիքներից Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում, մինչ այն պահը, երբ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան է ստացել: Սակայն, Հ. Նազարեթյանի ընտանիքը խախտել է պայմանավորվածությունը  եւ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող վերը նշված բնակարանում Հասմիկ Նազարեթյանը շարունակում է ապօրինաբար բնակվել: Հետեւաբար, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դատարան է դիմել ապօրինաբար զավթած պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ազատելու պահանջով:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարը նախանշել է 2014-ի առաջնահերթությունները

TadevosyanՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը եւ անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին եւ առաջնահերթ միջոցառումներին:

“Գիտեք, որ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրների լուծման հրատապությունը՝ արդեն 2 տարի է որդեգրել ենք նոր ռազմավարական մոտեցումներ` ինչպես իրավական դաշտի ապահովման, այնպես էլ բյուջեի ձեւավորման հարցում”,- ընդգծեց նախարար Թադեւոսյանը` նախարարության ղեկավար անձնակազմին հորդորելով հետեւողական լինել նաեւ 2014 թվականի գերակա խնդիրների լուծման հարցում:

Պարոն Թադեւոսյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության նախարարության համար առանձնահատուկ կարեւորություն ստացած կրթական օբյեկտների հիմնանորոգումն այուսհետ իրականացվելու է դրանց ուժեղացման-վերականգնման աշխատանքներից հետո` հաշվի է առնվելու տարածքների համաչափ զարգացումը: Նախարարը կարեւորեց բաց եւ թափանցիկ գործելավոճը, որին ուղղված են մրցույթների կազմակերպման էլեկտրոնային եղանակը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների կազմակերպումը:

Ներկայացնելով 2014 թվականի գերակա խնդիրները նշեց նախորդ տարի մեկնարկած ոլորտի համար կարեւորագույն, մեծածավալ գործընթացի` քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխման մասին: Գերակա այս խնդրի լուծմանն է ուղղված նաեւ “Նորմատիվների մշակման եւ շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության” ՊՈԱԿ ստեղծելու գործընթացը: Այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պետական բյուջեի միջոցների օպտիմալ օգտագործման, շինարարության արժեքի հաշվարկման եւ շինարարական ծրագրերի իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի՝ հատկապես գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի լրամշակմամբ, համապատասխան մոնիթորինգի իրականացմամբ եւ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակմամբ: Ելնելով խնդրի կարեւորությունից շինարարական նորմերի առաջնահերթ մշակման գործընթացը կառավարության կողմից արմարգրվել է որպես 2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիր:

Քաղաքաշինության հաջորդ գերակա խնդիրը` հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծումն ու շարունակական համալրումն է: Այս գործընթացը սկսվել է 2012 թվականից եւ մինչ օրս գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Առկա տվյալներն ափոփվել են եւ ներկայացվել կառավարություն:

2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա հաջորդ խնդիրը` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց եւ չշահագործվող շենքերի եւ շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծումն է: Արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որոշակի ուսումնասիրություններ արել է, ներկայում հավաքագրվել է մարզերի մոտ 170, իսկ մայրաքաղաքի մոտ 40 բազմաբանակարան կիսակառույց շենքերի տվյալներ: Նախատեսվում է այս գերակա խնդրի լուծմամբ ավարտին հասցնել կիսակառույցների շինարարական աշխատանքները: Շինարարության ժամկետի պարտավորությունը չկատարելու դեպքում մասնավոր հատվածի նկատմամբ կձեռնարկվի համապատասխան միջոցներ:

Անկախ

Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում

Սամվել Թադեւոսյան, Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն ՄոֆլագՀասարակության շահերում լանդշաֆտի կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

“Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է կատարել այդ պարտավարությունների կատարման գործընթացում”,- ողջունելով հյուրին նշեց նախարար Թադեւոսյանը:

Իր հերթին, պարոն Մոֆլագը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ճանապարին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը Հայսատան է ժամանել նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպվող Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին, ստանձնելով բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:

 

 

Քաղաքաշինության նախարարը` կրթական օբյեկտների շինհրապարկներում

IMG_0455Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն աշխատանքային այցեր է սկսել նորոգվող կրթական օբյեկտներ: Այսօր նախարար Թադեւոսյանը եղել է Երեւանի թիվ 29 եւ 174 դպրոցներում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունից:

Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 դպրոցում նախ հետազոտություններ են կատարվել, գնահատվել շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա իրականացվել ուժեղացման աշխատանքներ` բարձրացնելով կառույցի սեյսմազինվածության մակարդակը: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 465 մլն դրամ, որի շրջանակներում ոչ միայն ամբողջությամբ հիմնանորոգվել է դպրոցի շենքը, տանիքը, սանհանգույցը, դահլիճները, բակը, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, այլ նաեւ մասամբ լուծվել է կահավորման հարցը: Կրթական այս օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է “Արտաշատշին” ՍՊԸ-ն:

 Մեծ ոգեւորությամբ դպրոցի մուտքի մոտ քաղաքաշինության նախարարին դիմավորող թիվ 174 դպրոցի տնօրեն Գ. Վասիլյանը տեղեկացրել է, որ 1979 թվականին կառուցված այս դպրոցում առաջին անգամ է շինարարական աշխատանքներ իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակերում հիմնովին փոխվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել դպրոցի դահլիճը, ճաշարանը, դասասենյակները, լաբորատոր եւ ռազմագիտության կաբինետները, սանհանգույցը, միջանցքները, աստիճանահարթակները, սալվածքները եւ այլն: Հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, հիմնանորոգումը իրականացրել է “Մոմիկ“ ԱԿ ընկերությունը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում ՀՀ քաղաքաշինության նախարարության “Քաղաքաշինական” ԾԻԳ-ը շահագործման կհանձնի 6 կրթական օբյեկտ: Ի դեպ, այս տարի քաղաքաշինության նախարարությունը սկզբունքային նոր մոտեցում է որդեգրել կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների հիմնանորոգման հարցում: Նախ հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա միտված է նաեւ պետական միջոցների նպատակային ծախսմանը: